Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Ով միացած է Ինձ, և Ես՝ նրան, նա առատ պտուղ կտա»

Աստծո հանդեպ հավատն արտահայտվում է աստվածային պատվիրանների կատարմամբ, «Առանց հավատի անհնար է Աստծո բարեհաճությունը շահել» (Եբր. 11:6): «Տեսե՞լ ես ծառի վրա չոր ճյուղ, այն չորացել է՝ կենարար հյութ չունենալու պատճառով: Եվ քրիստոնյան դառնում է չորացած ճյուղ, եթե չունի կենդանի հավատ, որ իր կենսունակությունն արտահայտում է սիրով և այլ պտուղներով: Այդպիսի մեկը բաժին չունի Քրիստոսի հետ, Ով «ճշմարիտ որթատունկն է» (Հովհ. 15:1), այդպիսի մեկին է ուղղված Տիրոջ հետևյալ խոսքը. «Կացինն ահա պատրաստ է՝ կտրելու ծառերն իրենց արմատներից: Այն ծառը, որ բարի պտուղ չի տա, պիտի կտրվի և կրակը գցվի» (Մատթ. 3:10): Այս մտածումն օգնում է քրիստոնյային՝ անդրադառնալու, թե ունի՞ հավատ, որ պտուղներով, այսինքն՝ բարի գործերով է արտահայտում»,- ասել է Ս. Գրիգոր Պալաման: Հավատքով, հույսով և սիրով Քրիստոսին միացած անձը առատ պտուղներ է տալիս Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն՝ ով միացած է Ինձ, և Ես՝ նրան, նա առատ պտուղ կտա, որովհետև առանց Ինձ դուք ոչինչ անել չեք կարող (Հովհ. 15:5):

Մարտի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Փափազյան Արմինեին (46 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Մակարյան ընտանիքը: Արմինեն իր տղայի և կրտսեր դստեր՝ Կարինայի հետ անցյալ տարի Ռուսաստանի Դաշնությունից եկել է Հայաստան, որպեսզի տղան Հայոց բանակում ծառայի: Ընտանիքը բնակվում է ազգականի տանը, որ գտնվում է գ. Խարբերդ 21-րդ փ. 106/6 հասցեում: Կարինան (7 տ.) Դաունի համախտանիշ ունի: Նա սիրում է երգել, պարել: Ընտանիքն այժմ ֆինանսական խնդիրներ ունի: «Ես չեմ կարողանում աշխատել, ընտանեկան նպաստ էլ դեռ չենք ստանում, ավագ դուստրս է Ռուսաստանի Դաշնությունից ժամանակ առ ժամանակ օգնում: Շնորհակալ եմ աջակից ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար»,- ասաց Արմինեն:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.