Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Աստված Իր Սերն ուղարկեց մեզ, որ մեղքից դեպի սեր գնանք»

Առաքյալները, հաղորդակից լինելով Լույսին, ի լուր աշխարհի ավետեցին այն, ինչ տեսան ու լսեցին Քրիստոսից: Առաքյալներից Հովհաննեսը բացի ավետելուց, նաև պատգամեց. «Աստված լույս է, բնավ խավար չկա Նրա մեջ: Արդ, եթե ասենք՝ «Հաղորդակից ենք Նրան», և մյուս կողմից շարունակենք ապրել խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք գործադրում» (Ա Հովհ. 1:5-6): Աստված է սկիզբը և աղբյուրը լույսի, Նրա մեջ խավարի ոչ մի հետք չկա: Ով ապրում է մեղքի մեջ, նա ապրում է խավարի մեջ և չգիտի, թե ուր է գնում: Իսկ նա, ով իրապես ճանաչում է Աստծուն, ջանում է քայլել լույսի և ճշմարտության մեջ՝ մեղքից ու կեղծիքից հեռու: «Աստված մեծագույն հավատ և սեր է ակնկալում՝ Իրեն՝ կենսատու լույսի անսպառ Աղբյուրին մոտենալու համար: Հոգում բույն դրած խավարից ազատվելու համար պետք է քայլենք դեպի Փրկագործ Լույսը: Իսկ ի՞նչ է լույսը, եթե ոչ՝ սեր: Աստված Իր Սերն ուղարկեց մեզ, որ մեղքից դեպի սեր գնանք: Իսկ որտեղ սերն է, այնտեղ լույս է և ուրախություն»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

«Մոտեցե՛ք Տիրոջն ու լո՛ւյս առեք» (Սաղմ. 33:6): Սաղմոսերգուի խոսքի համաձայն՝ ճշմարիտ Լույսին մոտեցողը լուսավորվում է և դառնում ճշմարիտ Լույսի տարածողը: Իսկ ճշմարիտ աստվածճանաչողությունը և լույսի մեջ քայլելը բացահայտվում է մարդկային փոխհարաբերություններում մերձավորի հանդեպ սիրով, որի արտահայտություններից մեկը եկեղեցական համայնքային կյանքի կարևորագույն մաս համարվող սոցիալական ծրագրերն են: Մայիսի 5-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգորը Պետրոսյան Սուսաննային (43 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ): Սուսաննան իր հաշմանդամ ծնողների և դստեր հետ բնակվում է 16 թաղ., 29 շ. 102 բն. հասցեում: Սուսաննայի դուստրը՝ Արշալույսը (10 տ.), Դաունի համախտանիշ ունի: Արև Արշալույսը սովորում է Երևանի թիվ 100 հիմնական դպրոցի չորրորդ դասարանում: Նա սիրում է նկարել, երաժշտություն լսել: Սուսաննան ասաց, որ Արշալույսի մոտ բացահայտել է նաև նվագելու շնորհը և ցանկանում է, որ աղջիկը դաշնամուր կամ դհոլ նվագել սովորի: Սուսաննան իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին՝ իր ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.