«Արևամանուկները» բազային և անհատական զարգացման տարբեր մակարդակ ունեն: Հատուկ մանկավարժը, լոգոպեդը, հատուկ հոգեբանը կօգնեն որոշել Ձեր երեխայի զարգացման նախնական մակարդակը և համապատասխան ուսումնական խաղեր ու վարժություններ ընտրել նրա համար: Տանը ծնողները (մասնագետի հանձնարարությամբ) պետք է կրկնեն և ամրապնդեն ձերքբերված հմտությունները` առաջարկվող դիդակտիկ նյութի օգնությամբ և իհարկե, դրանք ներառել առօրյա և խաղային գործունեության մեջ:
Պարզ խաղեր ծավալների, գույնի, ձևի մասին պատկերացումների զարգացման համար
Գույնը: Վերցրեք գունավոր կոճակներ, խճանկար: Թող երեխան դրանք ըստ գույնի դասավորի արկղերում: Տիկնիկային սպասքը օգտագործելով, կարող եք խնդրել երեխային տիկնիկների համար նույն գույնի բաժակներ և ափսեներ ընտրել:
Ձևը: Երեխային հանձնարարել արջին հյուրասիրել կլոր բլիթներ, իսկ շանը՝ եռանկյունաձև: Երեխային հանձնարարեք հյուրասիրել մեծ արջին մեծ կոներ, իսկ սկյուռիկին`փոքրիկ կոներ և այլն:
Տրամաբանական մտածողության զարգացում
Երեխային առաջարկեք վերցնել զույգ քարտեր, որտեղ պատկերված են օրինակ` ձեռքեր — ձեռնոցներ, նապաստակ — գազար, շուն- ոսկոր և այլն և աշխատեք երեխային բացատրել դրանց միջև եղած կապը, կատարեք համադրություն, առաջարկեք միասին կրկնել և գործողությունը պատկերից տեղափոխել առարկա:
Կառուցողական գործունեություն
Ձեր երեխան լավ նմանակում է օրինակը: Նրան առաջարկեք ձեր օրինակով աղյուսների և խորանարդների օգնությամբ ճանապարհ և աշտարակներ կառուցել: Դրանով մի՛ ավարտեք աշխատանքը: Կառուցված ճանապարհին գլորեք մեքենան:
Ուշադրություն և հիշողություն
Երեխայի աչքի առաջ սենյակի տարբեր մասերում 3–4 խաղալիք թաքցրեք և խնդրեք գտնել դրանք: Կարելի է օգտագործել քարտերը: Վերցրեք 3–4 քարտ, երեխայի առջև շրջեք դրանք, ապա հարցրեք. «Որտե՞ղ է աթոռը», «Որտե՞ղ է արջը»: Հիշողությունը զարգացնելու համար ծնողները երեխային դիմում են 2, 3 գործողությունից բաղկացած խնդրանքով: Երեխաները պետք է հիշեն և կատարեն: Օրինակ`«բե՛ր գավաթը և ափսեները» և այլն: Բացի այդ, հիշողությունը զարգանում է երգեր, փոքրիկ տիկնիկային ներկայացումներ՝ «Շաղգամ»-ը, «Բոքոնիկ»-ը և այլն սովորելով: Պարզապես հիշեք, որ Դուք ստիպված կլինեք մի քանի անգամ կրկնել, քանի որ երեխան անմիջապես չի հիշում ամեն ինչ:
Թերեզա Ազատյան
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ: