Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ի՞նչ է սպասվում իմ երեխային ապագայում

Մեր ժամանակներում ավելի ակնառու է դառնում այն, որ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ ունեն մեծ պոտենցիալ, որ նրանք կարող են ինքնառեալիզացվել և՛ որպես անհատ, և՛ որպես սոցիալական միջավայրի անդամ, եթե վաղ մանկական հասակից նրանց համար ստեղծվեն պայմաններ բազմակողմանի զարգացման համար: Ինչպես յուրաքանչյուր սովորական մարդ, այնպես էլ նրանք հնարավորություն ունեն իրենց կյանքն ակտիվ, լիարժեք և արժանապատիվ կերպով ապրելու համար, կյանք, որը եզակի, անկրկնելի և անսահման թանկ է ինչպես նրանց, այնպես էլ նրանց սիրող մարդկանց համար: Նրանց տրված է ապրել ուրախություն և տխրել, զգալ երջանկություն և տառապել, նվիրվել և հաղթահարել կորուստներ, ճանաչել և ձեռք բերել սեփական փորձ:

Դաունի համախտանիշ ունեցող Մաշան քառասուն տարեկան կին է, ով կարծում է, որ իր կյանքը հաջող է դասավորվել: Նա ունի ընկերներ, մտերիմներ և բարեկամներ: Նա ունի մշտական աշխատանք. իր թատրոնում պահանջված դերասանուհի է: Նա հմայիչ անձնավորություն է, և նրան հեշտ է տրվում զրույց վարելու արվեստը: Երբ «ոչնչի մասին զրույցը» սպառված է, նրա դեմքին թախիծ է հայտնվում: Տխրության այդպիսի հայացք հաճախ կարելի նկատել Դաունի համախտանիշ ունեցող երեխաների դեմքին, չնայած, որ դա այնքան էլ հազվադեպ չի հայտնվում սովորական մարդկանց դեմքին: Ո՞ւմ է հիշեցնում դեմքի այդպիսի արտահայտություն ունեցող մարդը. գուցե անդերսենյան Ջրահարսին: Հնարավոր է: Նրան կարելի է այդպես պատկերացնել՝ խոսելու անկարող, չգիտի ինչպես, գուցե նաև ինչ ասել, բայց, միանշանակ, ունի խոսելու մեծ ցանկություն: «Ջրահարսի համախտանիշ»՝ դա վատ չէ, քանի որ ջրահարսերն ունեն ասելիք: Նրանք մյուսներից ո՛չ ավել գիտեն, ո՛չ պակաս. նրանք գիտեն իրենցը: Ջրահարսերը զգում են, հասկանում, գիտեն, տառապում են, սիրում են: Նրանք պարզապես չեն պատմում ո՛չ իրենց ցավի, ո՛չ էլ ուրախության մասին: Բայց մի՞թե ոչ ոքի: Թե՞, այնուամենայնիվ, կլինի մեկը, ում հնարավոր կլինի ասել, և այդ ժամանակ նրանք կխոսեն:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.