Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Բարիք գործելուց չձանձրանանք»

Ողջ աշխարհի մարդիկ մի մեծ ընտանիքի անդամներն են համարվում, ընտանիքի, որի ջերմությունը հնարավոր է պահպանել միայն սիրո և հարգանքի շնորհիվ: Մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամն, ըստ Պողոս առաքյալի, պետք է հետաքրքրվի իր շուրջը եղողներով՝ մտածելով նրանց բարիքի մասին՝ նրանց հավատն ամրապնդելու համար (Հռոմ. 15:2): Ընտանեկան ամրությանն ու ջերմությանն են ուղղված սիրո գործնական բոլոր արտահայտությունները, որոնցից են Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև երեխաներ» ՀԿ-ի կողմից իրագործված սոցիալական ծրագրերը: Մայիսի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մուրադյան Նաիրային (46 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Չորս հոգուց բաղկացած Սուքիասյան ընտանիքը բնակվում է Լոռու մարզի ք. Տաշիրի Անտառային 4/1 հասցեում: Ընտանեկան ջերմ և սիրո մթնոլորտում է մեծանում ընտանիքի կրտսեր զավակը՝ արև Նարեկը (19 տ.): Նա յոթը տարի սպորտով է զբաղվել, բայց այժմ առողջական խնդրի պատճառով այլևս չի զբաղվում: Ընտանիքի մայրը՝ Նաիրան, նշեց, որ Նարեկը նաև դերասանական շնորհ ունի և իրենք շաբաթը մեկ անգամ գալիս են Երևան, որպեսզի Նարեկը հաճախի «Արև երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոն: Սուքիասյան ընտանիքն այժմ ֆինանսական դժվարին կացության մեջ է, քանի որ ընտանիքի հայրը կես դրույքով է աշխատում: Նաիրան ցուցաբերած աջակցության համար իր երախտագիտությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին:

Հոգևոր չափանիշներն ի տարբերություն աշխարհայինի չեն փոփոխվում: Հոգևոր չհնացող արժեքներն իրենց սրտում կրող մարդիկ իրենց միջավայրում ջանում են սիրո և ջերմության աղբյուր հանդիսանալ: Նրանք, բարու մեջ հարատևելով, քայլ առ քայլ, Տիրոջ կոչի համաձայն, ձգտում են դեպի կատարելություն. «Եղեք կատարյալ, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Սրբության ուղին հազարամյակների պատմություն ունի, այն սիրո մի ուղի է, որն ամբողջապես ժխտում է եսասիրությունը: Այդ ուղին իր կյանքում բացահայտած Պողոս առաքյալը, քաջալերելով այդ ուղով ընթացողներին, ասում է. «Իսկ բարիք գործելուց չձանձրանաք, որովհետև հարմար ժամանակ պիտի հնձենք, եթե չթուլանանք: Ահա թե ինչու, քանի դեռ ժամանակ կա, բարին գործենք բոլորի հանդեպ, մանավանդ հավատի մեջ հարազատների հանդեպ» (Գաղ. 6:9-10):

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.