Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Բավական չէ լինել, պետք է ճառագայթել»

Հունիսի 6-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մկրտչյան Հասմիկին (32 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Հասմիկն իր ամուսնու և երկու որդիների հետ բնակվում է Նոր Խարբերդի 3-րդ փ. 82/11 հասցեում: Նրա զավակներից Կարապետը (6 տ.) ծնվել է Դաունի համախտանիշով: Սարգսյան ընտանիքը ֆինանսական դժվարության մեջ է հայտնվել, քանի որ ընտանիքի հայրն առողջական խնդրի պատճառով ի վիճակի չէ աշխատել, և ընտանիքն իր նվազագույն կարիքները փորձում է հոգալ ընտանեկան նպաստի և Կարապետին տրամադրվող թոշակի գումարներով:

«Ծանր ապրումներ ունեցա, երբ իմացա, որ առաջնեկս Դաունի համախտանիշով է ծնվել, ողջ հղիության ընթացքում այլ մտածումներ և սպասումներ ունեի, բայց ժամանակի ընթացքում Կարապետն իմ կյանքը շրջադարձային փոխեց: Այժմ ես շատ ուրախ եմ, որ հենց Կարապետն է իմ որդին: Նրանից սեր է ճառագում, նա շատ ակտիվ, կենսուրախ և անմիջական երեխա է: Հասարակության մեջ, տրանսպորտում, խանութում Կարապետը հավասար է բոլորի հետ: Մեր հարևանները տեսնելով մեր վերաբերմունքը Կարապետի հանդեպ՝ իրենք էլ սկսեցին այլ կերպ վերաբերվել նրան»,- ասաց Հասմիկը:

Ընտանիքի մայրը նշեց, որ իրենց կարողության չափով Կարապետին տարել են տարբեր վերականգնողական կենտրոններ՝ նպաստելով նրա մտավոր և ֆիզիկական կարողությունների զարգացմանը, բայց Կարապետը դեռ խոսքի հետ կապված խնդիր ունի: Հասմիկն անչափ շնորհակալ էր Տեր Գրիգորին, աջակից անձին և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնին, որ Տեր Հոր միջնորդությամբ լուծելու է Կարապետի խոսքի, նաև բուժհետազոտության և բուժման հետ կապված խնդիրները:

«Բավական չէ լինել, պետք է ճառագայթել, բավական չէ ունենալ, պետք է տալ,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը,- Աստված սեր է, այսինքն՝ ճառագայթում, բաշխում, ընծայում: Հիմա, ուրեմն, եթե կուզես կատարյալ լինել, ճշմարիտ, աստվածատիպ, աստվածառաք մարդ, գնա՛ կոտրի՛ր սրտիդ կապանքը և թող սերդ աղբյուր դառնա և հոսի դեպի քո նմանները, գնա՛, կոտրի՛ր գանձարկղիդ կողպեքը, թող արև տեսնեն ոսկիներդ, մի՛ մոռացիր, թեև հող է մարդը, բայց հողից ավելին է Աստծո շնչով, գնա՛ բաշխիր ունեցածդ չունեցողին, որպեսզի իրավ երջանիկ լինես: Տե՛ս, թե նրանց ուրախությունն ինչպես է ողողում քեզ երջանկության տաք ու քաղցր զգացումով, որ անկողոպտելի գանձ է: Եվ ապա, քայլիր Իմ հետևից, որովհետև Ես՝ իբրև Աստված՝ երկնքից երկիր իջա և մարդ եղա, քայլելու մարդու հետ և մարդու համար, մարդու համար որպես ռահվիրա հանդիսացա: Արի՛ Իմ հետևից…»:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.