Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Դաունի համախտանիշ ունեցող երեխաների դպրոցական պատրաստվածություն

Նպատակներ, խնդիրներ և աշխատանքի հիմնական ուղղություններ

Դպրոցում սովորելու պատրաստվածություն

Դպրոց հաճախելու սկիզբը երեխայի կյանքի կարևոր և պատասխանատու փուլ է։ Փոքրիկը դառնում է աշակերտ․ խաղային գործունեությանը զուգահեռ սկսվում է ուսումնական գործընթացը, ընդլայնվում է սոցիալական միջավայրը և փոփոխվում է նրա կյանքի բնականոն ընթացքը։

Երեխայի ուսումնառության հաջողությունն ու արդյունավետությունը մեծապես կախված են նրանից, թե որքանով է նա պատրաստ դպրոցական կյանքին։ Պատրաստվածությունը պետք է դիտարկել տվյալ դպրոցի պահանջների, դասաբեռնվածության ծավալի և բարդության, ուսումնական պայմանների ու այլ գործոնների համատեքստում։

Կարելի է վստահ ասել, որ դպրոց ընդունվելիս երեխայի պատրաստվածությունը պետք է համապատասխանի նրա մոտակա զարգացման գոտուն։ Սա այն կարողությունների ամբողջությունն է, որոնք երեխան դեռևս չի կարող իրականացնել ինքնուրույն, սակայն կարող է կատարել մեծահասակի աջակցությամբ՝ ուղղորդող հարցերի, լրացուցիչ բացատրությունների կամ սկզբնական փուլում ցուցադրման միջոցով։

Պատրաստվածությունը չի սահմանափակվում միայն տառերի իմացությամբ կամ թվերի հաշվարկման կարողությամբ։ Երեխան պետք է ունենա սեղանի մոտ նստելու, խմբային և դասարանային ձևաչափով աշխատելու փորձ, ինչպես նաև տարրական գիտելիքներ և հմտություններ։ Դրանք կարող են ձևավորվել մանկապարտեզում, նախադպրոցական խմբում կամ տանը՝ ծնողների կամ մանկավարժի աջակցությամբ։

Խմբային պարապմունքներն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ դրանց ընթացքում ապագա առաջին դասարանցին սովորում է պահպանել կարգուկանոն, կատարել ուսուցչի հանձնարարությունները և հարմարեցնել իր վարքը դպրոցական միջավայրի կանոններին։

Մոտիվացիոն պատրաստվածություն

Մոտիվացիան արտահայտում է երեխայի հետաքրքրվածությունը ուսման նկատմամբ։ Այն մեծապես պայմանավորված է ուսուցչի աշխատանքով, սակայն անհրաժեշտ է, որ հետաքրքրությունն ու ճանաչողական ակտիվությունը ձևավորվեն դեռևս նախադպրոցական տարիքում։

Մեծահասակները պետք է հետևեն, թե ինչպես է երեխան արձագանքում դժվարություններին։ Քանի որ փոքրերին հաճախ դուր չի գալիս անել այն, ինչ դեռևս չի ստացվում, անհրաժեշտ է գովասանքով և հուզական աջակցությամբ խթանել նրանց համառությունն ու հաստատակամությունը։ Ճիշտ կազմակերպված օգնությունն ու խրախուսանքը երեխային վստահություն են ներշնչում և նպաստում դժվարությունների հաղթահարմանը։

Առաջադրանքները պետք է լինեն մատչելի, իսկ այն աշխատանքները, որոնց համար այլևս մեծահասակի օգնություն անհրաժեշտ չէ, երեխան պետք է կարողանա ավարտել ինքնուրույն։

Մոտիվացիոն պատրաստվածության հիմնական բաղադրիչներն են․
• հետաքրքրություն ճանաչողական և ստեղծագործ գործունեության նկատմամբ
• հետաքրքրվածություն աշխատանքի արդյունքով և դրական գնահատմամբ
• դասարանային և խմբային աշխատանքին մասնակցելու մոտիվացիա
• «աշակերտ» սոցիալական դերի ընդունում
• դպրոցական կյանքի և կանոնների մասին ձևավորված պատկերացումներ

Սոցիալ-հաղորդակցական պատրաստվածություն

Դպրոց գնալուց հետո երեխայի միջավայրը զգալիորեն փոխվում է․ նա ձեռք է բերում նոր ընկերներ և շփվում է ուսուցիչների հետ։ Անհրաժեշտ է, որ նա կարողանա հասկանալ և պահպանել սոցիալական կանոնները, համագործակցել համադասարանցիների հետ և արդյունավետ շփվել ինչպես հասակակիցների, այնպես էլ մեծահասակների հետ։

Իմացություն իր մասին․
• սեփական անուն և ազգանուն
• տարիք և սեռ
• ընտանիքի անդամների իմացություն
• սեփական հասցեի իմացություն
• սոցիալական օբյեկտների ճանաչում (խանութ, դպրոց և այլն)

Հաղորդակցական հմտություններ․
• ինքնուրույն շփում սկսելու կարողություն
• կոնֆլիկտներից դուրս գալու հմտություն (զիջել, պայմանավորվել)
• հերթապահության և հերթականության պահպանում
• օգնելու պատրաստակամություն այլ երեխաներին
• շփման և կոնտակտի պահպանման կարողություն

Սոցիալական վարք․
• մարդկանց տարանջատում ըստ սեռի և տարիքային խմբի
• վարքի հարմարեցում հասակակիցների հետ շփման ժամանակ
• շփման կանոնների իմացություն մեծահասակների հետ
• վարքի կանոնների պահպանում հասարակական վայրերում
• դպրոցի և նրա կարգուկանոնի մասին պատկերացումներ

Ինքնասպասարկման հմտություններ․
• ինքնուրույն սնվել և խմել
• ձեռքեր լվանալ և սրբիչ օգտագործել
• զուգարանից օգտվել
• հագնվել և հանել հագուստը, կոշիկները
• խաղալիքները հավաքել, պայուսակը դասավորել

Էմոցիոնալ-կամային պատրաստվածություն

Էմոցիոնալ-կամային պատրաստվածությունը արտահայտվում է իմպուլսիվության նվազեցմամբ և ուսուցչի ցուցումներն ու առաջադրանքները հետևողականորեն կատարելու կարողությամբ։

Երեխային անհրաժեշտ է․
• ինքնակառավարման կարողություն
• նպատակադրման հմտություն
• խոչընդոտների հաղթահարման փորձ

Հիմնական բաղադրիչներ․
• աշխատունակության զարգացում
• սպասելու կարողություն
• ներքին կարգուկանոնի պահպանում
• ընդհանուր ցուցումների կատարում
• ցուցումը հիշելու և մինչև վերջ գործադրելու ունակություն

Ինտելեկտուալ պատրաստվածություն

Ինտելեկտուալ պատրաստվածությունը ներառում է ընկալման, մտածողության, ուշադրության, հիշողության և շրջապատող աշխարհի մասին գիտելիքների որոշակի մակարդակ։

Կարևոր է․
• խթանել երեխայի հետաքրքրությունը միջավայրի նկատմամբ
• ուշադրություն հրավիրել շրջապատում տեղի ունեցող իրադարձությունների վրա
• դիտածն ու փորձառությունը քննարկել պարզ և հասկանալի լեզվով
• տալ բաց հարցեր և խրախուսել մանրամասն պատասխանները
• ներգրավել տարբեր գործունեությունների մեջ՝ գիտելիքները ձևավորելու համար անձնական փորձի միջոցով

Դպրոցի ընտրություն

Ո՞ր տարիքից է նպատակահարմար դպրոց հաճախելը

Այս հարցի համընդհանուր պատասխան գոյություն չունի։ Հայաստանում սովորաբար երեխաները առաջին դասարան սկսում են  հաճախել վեց տարեկանում։Ծնողներին խորհուրդ է տրվում Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին  դպրոց տանել  յոթ տարեկանից։ Երեխայի պատրաստվածությունը մեծապես կախված է գլխուղեղի բարձրագույն բաժինների զարգացման մակարդակից։ Լրացուցիչ մեկ տարին նպաստում է նյարդային համակարգի հասունությանը, ինչը շատ կարևոր է հետագա ուսուցման համար։

Դպրոցի ընտրությունը երեխայի ընտանիքի համար ամենակարևոր և արդիական հարցերից մեկն է։ Ներառական կրթության նկատմամբ հետաքրքրության աճը և նման երեխաներ ունեցող ընտանիքների թվի ավելացումը դարձնում են կարևոր՝ ընտրել ճիշտ անհատական կրթական ուղի և գտնել ամեն կոնկրետ դեպքի համար հարմար կրթական ձև:

Դպրոցական պատրաստվածություն. նպատակներ և առաջադրանքներ

Դպրոց հաճախելը կարևոր փորձ է յուրաքանչյուր երեխայի համար և հատկապես՝ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների համար։ Նախակրթարան  հաճախելը պարտադիր փուլ է, որը հեշտացնում է դպրոցի պահանջներին հարմարվելու գործընթացը և ապահովում ավելի մեղմ ու հարմարավետ անցում ուսումնական կյանքին։

Մեծ մասամբ Դաունի համախտանիշ ունեցող երեխաները յոթ տարեկանում պատրաստ չեն դպրոց հաճախել, եթե չեն հաճախել նախակրթարաններ, քանի որ նրանց առանձնահատկությունները դժվարացնում են արագ ինտեգրվել դասարանական միջավայրում, պահպանել ուսուցման տեմպը և հետևել բոլոր կանոններին ու ուսումնական պահանջներին։

Դպրոցական պատրաստվածության հիմնական նպատակն է՝
• Երեխայի մոտ ձևավորել աշակերտի դերի ընկալում,
• Զարգացնել խմբային աշխատանքի հմտությունները սահմանված կառուցվածքում,
• Երեխային սովորեցնել ենթարկվել խմբի կանոններին և ուսուցման գործընթացին։

Ռուսերենից թարգմանությունը՝  Վալյան Գրիգորյանի

Նյութի աղբյուր՝

Серия «Ребенок с синдромом Дауна и особенности его развития».

Подготовка к школе детей с синдромом Дауна. Методическое пособие.

Под общей редакцией Н. А. Урядницкой.

Благотворительный фонд «Даунсайд Ап».

Москва, 2012.

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *