Դաունի համախտանիշ ունեցող երեխաների հիմնական դժվարությունները մաթեմատիկայի ուսուցման ընթացքում պայմանավորված են այն հանգամանքով, որ մաթեմատիկական գործողությունները պահանջում են բավական բարձր մակարդակի ընդհանրացնող մտածողություն, լավ կարճաժամկետ հիշողություն և միաժամանակ մի քանի հասկացություններով գործելու կարողություն: Մաթեմատիկական պատկերացումների ձևավորման համար անհրաժեշտ են այն ֆունկցիաներն ու կարողությունները, որոնք Դաունի համախտանիշ ունեցող երեխաների մոտ արտահայտված են թույլ, պատճառահետևանքային կապերի ըմբռնում, հասկացությունների հարաբերականության ընկալում, համեմատում, ինչպես նաև մաթեմատիկական տերմինների օգտագործման կարողություն:
Դրանք դժվարացնում են վերլուծությունը, համադրությունը, դասակարգումը, համեմատությունը և այլ մտավոր գործողություններ։ Նրանց համար դժվար է հասկացությունների հարաբերականության ընկալումը, որը մեզ համար հաճախ ակնհայտ է թվում։ Օրինակ երեխաները դժվարանում են հասկանալ, որ նույնիսկ ամենամեծ խնձորը միշտ փոքր է ձմերուկից, կամ որ թիվ 10-ը՝ լինելով ամենամեծը 1-ից 10 շարքում, դառնում է փոքր թիվ, երբ համեմատվում է 100-ի հետ: Դաունի համախտանիշ ունեցող երեխաների համար բարդ է մաթեմատիկական տարբեր տերմինների ճիշտ ընկալումն ու կիրառումը: Մինչ մյուս երեխաները հեշտությամբ են օգտագործում տարբեր բառեր նույն գործողությունը նշելու համար, Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին անհրաժեշտ է համակարգային և երկարատև աշխատանք՝ հասկանալու, որ այս բոլոր տարբեր ձևակերպումները իրականում նույն նշանակությունն ունեն:
Կարճաժամկետ հիշողության սահմանափակ ծավալը և միաժամանակ մի քանի հասկացություններով գործելու կարողության ցածր զարգացվածությունը խանգարում են երեխաներին լսողությամբ ընկալել երկար հրահանգներ, դժվարացնում են աշխատանքը լսողական թելադրության ձևաչափով, ինչպես նաև միջանկյալ հաշվարկների արդյունքների պահպանումն ու կիրառումը: Դրանով դժվարանում է գումարում և հանում առաջին տասնյակի սահմաններում, ուստի անհրաժեշտ է լրացուցիչ այլընտրանքային տարբերակներ, լրացուցիչ պատկերավոր դիդակտիկ պարագաներ։
Ուսուցիչները պետք է ուշադիր գնահատեն այն տեղեկատվության ծավալը, որը նրանք առաջարկում են երեխային միաժամանակյա ընկալման համար: Փորձը ցույց է տվել, որ երեխաները պետք է կարողանան միաժամանակ գործել առնվազն երկու հասկացությամբ, կամ պահպանել երկու քայլից, կամ երկու իմաստային բառից բաղկացած հրահանգ: Երբ աշխատում են մաթեմատիկական տարրական պատկերացումների ձևավորման ուղղությամբ, ուսուցիչները պետք է հաշվի առնեն Դաունի համախտանիշ ունեցող երեխաների խոսքի զարգացման առանձնահատկությունները, ինչպես նաև նրանց կարողությունը՝ տալու կարճ կամ ընդլայնված պատասխան, մեկնաբանելու սեփական գործողությունները: Կարևոր է հաշվի առնել նյութի ընկալման դանդաղ տեմպը, ուստի նրանց տրամադրել լրացուցիչ ժամանակ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Վալյան Գրիգորյանի
Նյութի աղբյուր՝ Серия «Ребенок с синдромом Дауна и особенности его развития». Подготовка к школе детей с синдромом Дауна. Методическое пособие. Под общей редакцией Н. А. Урядницкой. Благотворительный фонд «Даунсайд Ап». Москва, 2012.
