Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արև երեխաների ուղերձը հանրությանը՝ «Ես կարող եմ»

Արև երեխաների ուղերձը հանրությանը՝ «Ես կարող եմ»

Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կայացավ «Ես կարող եմ» խորագիրը կրող բարեգործական համերգ, որ կազմակերպել էին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համանքը և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ն: Համերգին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը, կառավարության անդամներ, առողջապահության ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:

Բարեգործական համերգը սկսվեց Տերունական աղոթքով և Նավասարդ Սրբազանի օրհնությամբ: Ողջունելով ներկաներին՝ Սրբազան Հայրն իր գնահատանքն ու երախտագիտությունը հայտնեց Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ծնողներին, միջոցառման կազմակերպիչներին. «Այսօր Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա առթիվ համախմբվել ենք` արև երեխաներին փոխանցելու մեր օրհնությունը, սերն ու հոգատարությունը: Օրհնաբեր և հոգեշահ այս միջոցառմանը բոլորս ներկա ենք այն հավատքով ու վստահությամբ, որ ծնողների, մտահոգ ու բարեհոգի մարդկանց հոգատարության, համապատասխան օգնության, ինչպես նաև հասարակության աջակցության շնորհիվ Դաունի համախտանիշով մարդիկ կարող են լուրջ ձեռքբերումների հասնել և դառնալ մի մեծ արև, որի ջերմությունն ու լույսը կմխիթարի ամենքիս: Այսօրվա ամենակարևոր պատգամն այս է՝ Դաունի համախտանիշով մարդիկ պարզապես մարդիկ են ու վերջ. մարդիկ, ովքեր իրենց մեջ ամբարված սիրով, աստվածահայտ անկեղծությամբ, լուսավոր հայացքով, ժպտացող բարությամբ և անկոտրում պայքարով պատմում են Աստծո փառքի մասին: Ահա, թե ինչ նկատի ուներ Քրիստոս, երբ Նրան հարցրեցին, թե մեղքն ո՞ւմն է, որ այս մարդը կույր է ծնվել, նրա՞նն է, թե՞ նրա հորն ու մորը: Տերը պատասխանեց՝ ոչ մեկը և ոչ էլ մյուսը, այն Աստծո փառքի համար է: Այս երեխաների մաքուր ու անկեղծ հոգիներն այն հայելիներն են, որոնց մեջ Աստված տեսնում է Իր հանդեպ ունեցած մեր սերը, բայց նաև՝ այն անդաստանն են, որտեղ գործնականում արտահայտվում է այդ սերն առ Աստված։ Այսօր իրենք են մեր ուսուցիչները, որ սովորեցնում են սիրել, ընդունել, ծառայել, հոգատար ու բաց լինել: Մեր հասարակության մեջ դեռևս պահպանվում է այս հիվանդության խարանը և նման երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքը: Սակայն ազնիվ հոգատարությունը, անմնացորդ սերը, ամենքիս վերաբերմունքի փոփոխությունը նման միջոցառումների շնորհիվ, մեծապես կնպաստեն հասարակության մեջ այս երեխաների լիարժեք ինտեգրմանը: Իրենց հաղթանակներով, հաջողություններով ու հրաշալի օրինակներով այս երեխաները զարդարում են մեր կյանքը, ինչպես նաև առիթ տալիս՝ վերաարժևորելու

ամենքիս առաքելությունը: Մեր օրհնությունն ու խոնարհումն ենք բերում ծնողներին, ովքեր իրենց օրինակով ու կյանքով վկայում են, որ իրենց երեխաները կարող են: Մեր օրհնությունն ու գնահատանքը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական համայնքին, «Արև-երեխաներ» ՀԿ-ին և մասնավորաբար Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանին այս հոգենորոգ միջոցառման, գեղեցիկ երգի և նոր կայքի համար, որոնք կարևոր առաքելություն ունեն՝ ամենքիս սովորեցնելու տեսնել այն լույսն ու արևը, որ կա այս երեխաների սրտում: Աղոթում ենք, որ բարեգութ Աստված առողջություն պարգևի մեր երեխաներին, համբերությամբ զորացնի ծնողներին և ամենքիս. համբերությունը զորացնելու երկու ճանապարհ կա` ժպիտը, որ ուղղված է դեպի անձդ և աղոթքը, որն ուղղված է առ Աստված: Այո՛, դուք կարող եք…Թող Ամենակարող Աստված, ընդունի ձեր այս աղոթքը և Իր շնորհները, սերն ու խաղաղությունը լինեն ամենքիդ հետ: Ամեն:»

Երեկոն վարող Նազենի Հովհաննիսյանն անդրադարձ կատարեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի մեկամյա գործունեությունը: ՀԿ-ն մտահղացվել և իրականություն է դարձել՝ շնորհիվ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի: Տեր Հայրն իր շնորհակալությունը հայտնեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի ողջ կազմին և բարեգործական համերգի կայացմանը մասնակից և աջակից անձերին, որոնց նվիրումի և սրտացավության շնորհիվ հնարավոր դարձավ հանրությանն իրազեկել, որ Դաունի համախտանիշ ունեցող երեխան կարող է սոցիալացվել և հանրության լիարժեք անդամ դառնալ: Տեր Հայրը պատմեց, որ շատ բարդ հոգեբանական ապրումներ է ունեցել, երբ պարզվել է, որ իր որդին Դաունի համախտանիշ ունի։ «Ես էլ շատ ծնողների նման հարց էի տալիս՝ ինչու՞ ես։ Սկզբում չէի հասկանում… Հիմա գիտեմ, որ ես՝ որպես հոգևորական, պետք է այս արև երեխաների կողքին լինեմ։ Մենք ունենք բոլորիդ աջակցության կարիքը։ Խոսքը դրամական, նյութական օգնության մասին չէ։ Խոսքը ձեր հոգատարության, ուշադրության մասին է, որի կարիքն ունեն թե՛ այս արև երեխաները, թե՛ նրանց ծնողները»։

Այնուհետև հանդիսատեսը դիտեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ նկարահանված «Ես կարող եմ» սոցիալական հոլովակի պրեմիերան: Երեկոյի ընթացքում առաջին անգամ հնչեց նաև արև երեխաների համար գրված «Արևի աշխարհ» երգը (խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան, երաժշտության հեղինակ՝ Սուսաննա Հովհաննիսյանը), որ կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը՝ Կարինե Եզեկյանի ղեկավարությամբ: Երգչախումբն իր կատարումներով ոգևորել էր հանդիսատեսին, առավել ևս՝ արև երեխաներին: Հայկական ժողովրդական երգերի նոր մոտեցմամբ հանդես եկավ «Մխիթարյան քույրեր և ընկերներ» էթնո երաժշտախումբը:

Դաունի համախտանիշի վերաբերյալ արժանահավատ տեղեկության բացակայության պատճառով այսօր շատ երեխաներ իրենց ծնողների կենդանության օրոք որբանում են և հայտնվում մանկատներում, իսկ Դաունի համախտանիշով երեխաներ ունեցող ընտանիքները ստիպված են լինում պայքարել իրենց երեխայի արժանավայել ապագայի

համար: Արև երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը, բուժման որակի բարձրացմանը, նրանց ընդհանուր կարիքների բավարարմանը և իրազեկմանն է ուղղված http://downchildren.am վեբ կայքի հիմնումը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկոյի ընթացքում: Կայքը կյանքի է կոչվել երիտասարդ ծրագրավորողներ Արաքս Շահբազյանի և Տաթև Աբգարյանի նվիրյալ աշխատանքի շնորհիվ:

Բարեգործական համերգի բոլոր աջակիցներն իրենց լավագույն նվերը մատուցեցին Դաունի համախտանիշով մարդկանց: Ողջ համերգի ընթացքում տեխնիկական բարձր սպասարկումն ապահովեց Գեորգի Հակոբյանը և իր համահիմնադիր ընկերներ Արթուր Մուշեղյանը, Դավիթ Կարապետյանն ու Արմեն Մխոյանը: Նշենք, որ համերգի ողջ հասույթը փոխանցվելու է «Արև-երեխաներ» ՀԿ-ի հաշվեհամարին, որի մի մասը կտրամադրվի օրեր առաջ իր մայրիկին կորցրած Հատուկ Օլիմպիադայի աշխարհի խաղերի լողի երկակի չեմպիոն Դաունի համախտանիշ ունեցող Տիգրան Գևորգյանին, իսկ մյուս մասը կուղղորդվի արև երեխաների առողջության հետ կապված խնդիրների լուծմանը:

Արև երեխաների համար գլխավոր վտանգը ոչ թե իրենց առողջական խնդիրներն են, այլ միջավայրի խտրական վերաբերմունքը: Նրանք յուրահատուկ անհատականություններ են և ավելորդ քրոմոսոմը չի խանգարում նրանց սովորել, աշխատել, երջանիկ լինել և երջանկացնել:

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.