1. Չափի վերաբերյալ պատկերացումներ
Մեծ–փոքր, երկար–կարճ, լայն–նեղ, բարձր–ցածր, հաստ–բարակ, թեթև–ծանր և նման
հասկացությունների, ինչպես նաև դրանց համեմատական աստիճանների յուրացումը
երեխաների համար հեշտ գործընթաց չէ, քանի որ այս հասկացությունները
հարաբերական են։ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների համար հաճախ
դժվար է հասկանալ, որ օրինակ՝ ցանկացած պարան ավելի հաստ է, քան թելը, բայց
ավելի բարակ է, քան ճոպանը, կամ որ ծառը ավելի բարձր է, քան մարդը, սակայն
ավելի ցածր է, քան բազմահարկ շենքը։
Չափի ընկալում
Այս հասկացությունները երեխաներին հասկանալի դարձնելու համար անհրաժեշտ է
ներգրավել՝ տեսողական, լսողական, շոշափողական, շարժողական, համային և
հոտառական վերլուծիչները։
Որպես տեսողական և հենարար նյութ օգտագործելով իրական առարկաներ,
մուլյաժներ, խաղալիքներ և՝ խթանել երեխաներին կատարելու հետևյալ
գործողությունները.
• Առարկաները մանրակրկիտ զննել և շոշափել
• Իրար վրա դնել կամ կողք կողքի համադրել
• Կիրառել դրանք ֆունկցիոնալ նպատակներով
Օրինակ՝ պատռել բարակ թելն ու հաստ ճոպանը, նկարել երկար և կարճ
մատիտներով, խաղալիք մեքենաները վարել նեղ և լայն ճանապարհներով,
խորանարդիկներից կառուցել բարձր և ցածր տներ, կշեռքով կշռել ձավարով և
բամբակով լցված պարկիկներ և այլն։
Համեմատում
Առարկաների չափով համեմատման ուսուցման համար օգտագործվում են դնելհամեմատելու տեխնիկաները, ինչպես նաև չափանիշի հետ համեմատելու մեթոդները։
Օրինակ՝ մեծ և փոքր գնդիկները համեմատելիս երեխաները թողնում են դրանք
տարրաների մեջ փոքր կլոր անցքից, այնուհետև քննարկվում է՝ որ գնդիկն անցավ
անցքից, որը՝ ոչ, և ինչու։
Երեխաներին կարելի է առաջարկել կառուցել բարձր և ցածր աշտարակներ, քայլել լայն
և նեղ գորգերով, չափել իրենց հասակը և այլ նման գործողություններ։
2. Ձևի վերաբերյալ պատկերացումներ
Դաունի համախտանիշ ունեցող երեխաների մոտ նախադպրոցական տարիքում պետք
է արդեն ձևավորվեն հիմնական երկրաչափական ձևերի պատկերացումներ (, շրջան,
քառակուսի, եռանկյուն,ուղղանկյուն),ինչպես նաև ճանաչել այս երկրաչափական
ձևերը առօրյա իրերում և շրջակա աշխարհի օբյեկտներում։
Ձևի ընկալում
Դիդակտիկ միջոցների թվում կիրառվում են՝ ցուցադրություն, միասին դիտում և
քննարկում բնական օբյեկտների օրինակներով՝ ափսեներ, հայելիներ, նկարներ, գրքեր
և այլն։
Ակտիվ ներգրավվում են բոլոր զգայարանները՝ տեսողական, լսողական,
շոշափողական, հոտառական և համային վերլուծիչները, որպեսզի երեխաները հստակ
ընկալեն ձևերը և դրանց հատկությունները։
Գրաֆիկական առաջադրանքներ
Ձևի վերաբերյալ պատկերացումները ամրապնդելու համար մաթեմատիկայի դասերին
առաջարկվում են գրաֆիկական առաջադրանքներ, ինչպես նաև ասոցիատիվ կապերի
թեմայով հավելվածներ, օրինակ՝ «Ինչն է լինում շրջանաձև», «Ինչն է լինում
քառակուսի» և այլն։
3. Տարածական պատկերացումներ
Տարածական պատկերացումները հիմնարար գիտելիքներ են, որոնք օգնում են
երեխային կողմնորոշվել շրջապատող աշխարհում, հասկանալ առարկաների
դիրքը միմյանց նկատմամբ և ճիշտ ընկալել տարածությունը:
• Վերև – Ներքև (ուղղահայաց դիրք). Ինչն է գտնվում առաստաղի, իսկ ինչը՝
հատակի մոտ:
• Վրա – Տակ (հպման կամ դիրքի հարաբերություն). Գիրքը սեղանի վրա է,
կատուն՝ աթոռի տակ:
• Աջ – Ձախ (կողմնային կողմնորոշում). Մարդու մարմնի կողմերը (աջ ձեռք,
ձախ ոտք):
• Առջև – Ետև (դիմային և թիկունքային դիրք). Երեխան կանգնած է մոր առջև,
իսկ պայուսակը՝ ետևում:
• Մոտ – Հեռու (հեռավորության գնահատում). Տունը մոտ է, իսկ սարը՝ հեռու:
• Կողքին / Միջև / Մեջտեղում (հարաբերական դիրք). Երկու առարկաների
միջև կամ մեկ այլ առարկայի կողքին լինելը:
Կողմնորոշում սեփական մարմնի վրա և սեփական անձի նկատմամբ
Այս տեսակի կողմնորոշումը Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին
սովորաբար ավելի հեշտ է տրվում, քան ուղղահայաց կամ հորիզոնական հարթության
վրա կողմնորոշումը, քանի որ մարմնի մասերի անվանումներին և դրանց
տեղադրությանը նրանք ծանոթանում են դեռ վաղ տարիքում։
Ինչպես մյուս երեխաների դեպքում, այնպես էլ Դաունի համախտանիշ ունեցող
նախադպրոցականների համար դժվարություններ են առաջանում աջ և ձախ
հասկացությունների տարբերակման ժամանակ։ Այդ պատճառով նպատակահարմար է
կիրառել տարբեր նշաններ և կողմնորոշիչներ՝ օրինակ՝ ձախ ձեռքին կապած
ժապավեն, թևնոց, հագուստի ձախ կողմում ամրացված սրտիկ նշան և այլն։
Աջ և ձախ կողմնորոշումը ամրապնդելու, ինչպես նաև մարմնի ընկալումը
զարգացնելու համար օգտակար են կարճ ոտանավորները, որոնք ուղեկցվում են
շարժումներով և մարմնի կողմերի ցուցադրմամբ ֆիզկուլտդադարների ընթացքում։
Տարածական հասկացությունների ամրապնդում շարժման միջոցով
Հեռու–մոտ, բարձր–ցածր հասկացությունները կարելի է ամրապնդել շարժումներով
ուղեկցվող բանաստեղծությունների միջոցով։
Օրինակ՝
Մենք թռանք բարձր վերև (ձեռքերը բարձրացնել վերև),
Մենք թռանք ցածր ներքև (կքանստել),
Մենք քայլեցինք հեռու (ձեռքերը պարզել առաջ),
Մենք քայլեցինք մոտիկ (ձեռքերը սեղմել կրծքին)։
Այս նյութի յուրացումը կարելի է շարունակել նաև ընդմիջումների ընթացքում՝
երեխաներին առաջարկելով խաղային առաջադրանքներ, օրինակ՝
• գնդակը նետել վերև,
• քայլել առաջ,
• թեքվել աջ,
• հետ քայլել,
• ներքևում բռնել օճառե փուչիկները և այլն։
Կողմնորոշում խմբում և միջավայրում
Խմբային պարապմունքների ընթացքում կարելի է քննարկել երեխաների փոխադարձ
դիրքերը՝ ով է նստած աջից, ձախից և այլն։
Նմանատիպ առաջադրանքներ իրականացվում են նաև մաթեմատիկայի դասերին՝
ինչպես սեղանի վրա դասավորված խաղալիքների միջոցով, այնպես էլ դասարանում
երեխաների և առարկաների օրինակներով։
Ռուսերենից թարգմանությունը՝ Վալյա Գրիգորյանի
Նյութի աղբյուր՝
Серия «Ребенок с синдромом Дауна и особенности его развития».
Подготовка к школе детей с синдромом Дауна. Методическое пособие.
Под общей редакцией Н. А. Урядницкой.
Благотворительный фонд «Даунсайд Ап».
Москва, 2012.
