Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Օգնության շտապող առաքինությունը

Դեկտեմբերի 26-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Հայկուշին (49տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Վեց զավակներով հարուստ Հարությունյան ընտանիքը բնակվում է Արմավիր քաղաքի Սահմանապահներ 114 հասցեում: Ընտանիքի մայրը նշեց, որ իրենք հայտնվել են ֆինանսական մեծ դժվարությունների մեջ. «Ամուսինս մշտական աշխատանք չունի, չափահաս տղաներս առողջական խնդիրների պատճառով չեն կարողանում ծանր աշխատանք կատարել, ապրում ենք ընտանեկան նպաստի և աղջկաս՝ Դաունի համախտանիշ ունեցող Գոհարին (9 տ.) տրամադրվող հաշմանդամության գումարներով: Գոհարը դժվարությամբ է շնչում, բժիշկներն ասում են, որ ռիսկային է քթի վիրահատությունը, քանի որ հնարավոր է փոքրիկն ընդհանուր անզգայացումից դուրս չգա»: Տիկին Հայկուշը ևս առողջական խնդիրներ ունի, բայց գումարի պատճառով չի կարողանում բուժհետազոտություններ անցնել: Նա իր երախտագիտությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին:

Ողորմածությունն այն սերն է, որ շտապում է օգնության, որ բխում է սրտից և լի է կարեկցանքով: Ողորմածությունն այն առաքինությունն է, որ պատկանում է Աստծո էությանը, և Ինքը՝ Տերն Իրեն անվանում է համբերատար, ողորմած և ճշմարիտ (Թվեր 14:18): «Օրհնյա՜լ լինի Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ հայրաբար գթում և որպես Աստված մխիթարում ու զորացնում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք Աստծուց վայելած օգնությունն ու մխիթարությունը տալ նրանց, որոնք ամեն տեսակ նեղությունների մեջ են» (Բ Կորնթ. 1:3),- ասում է Պողոս առաքյալը:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.