Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Քրիստոնեական կյանքի հիմքը սերն է

Աստծուն հնարավոր է սիրել՝ սիրելով Աստծո պատկերը մարդու մեջ: «Այն մարդը, որ ասում է՝«Ես սիրում եմ Աստծուն», բայց ատում է իր եղբորը, ստախոս է: Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում» (Ա Հովհ. 4:20): Քրիստոս, աշխարհ գալով, վերականգնեց անկյալ մարդկային բնությունը՝ Իր օրինակով ուսուցանելով, որ քրիստոնեական կյանքի հիմքը սերն է. «Արդ, եթե Ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես ձեզ արեցի» (Հովհ. 13:14-16):

Մայիսի 29-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պետրոսյան Նաիրային (47տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Նաիրան Դաունի համախտանիշ ունեցող իր տասնմեկամյա որդու՝ Արմանի հետ բնակվում է Րաֆֆու 111/24ա հանրակացարանում: Երկու սենյականոց բնակարանը, ուր բնակվում է կարիքավոր ընտանիքը, զուրկ է տարրական կենցաղավարության պայմաններից: Ընտանիքի հայրը չորս տարի առաջ լքել է ընտանիքը, և Նաիրան մեծ դժվարությունների ու խնդիրների առջև է կանգնել: «Երեխայիս խնամքով զբաղված լինելով՝ չեմ կարողանում աշխատել, իսկ ընտանեկան նպաստի և տղայիս հաշմանդամության թոշակի գումարները չեն բավարարում, որ հոգամ մեր նվազագույն կարիքները»,- ասաց Նաիրան:

Արև Արմանը սովորում է Երևանի թիվ 12 հատուկ դպրոցում: Նա մեծ ուրախությամբ և ոգևորությամբ է հաճախում «Արև-երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոն: Նաիրան շնորհակալություն հայտնեց «Արև-երեխաներ» ՀԿ-ին և աջակից Վարդանյան ընտանիքին՝ ցուցաբերած աջակցության համար:

Եկեղեցու հայրերից մեկը, առաքինություն ունեցողին համեմատելով առաքինության մասին միայն դատողություն անողի հետ, նշում է, որ վերջինս նման է նրան, ով գովում է մեղրի քաղցրությունը, բայց երբեք չի ճաշակել այն: Սերը մերձավորի հանդեպ ճշմարիտ կյանքի սկիզբն է: Սիրո ձայնը մեծ ուժ ունի, այդ մասին է վկայում հետևյալ պատմությունը: Ս. Հովհաննես առաքյալը Եփեսոսում գտնվելիս դարձի է բերում մի երիտասարդի և մինչ գնալը այնտեղի եկեղեցու քահանային հանձնարարում է հսկել երիտասարդին և նոր կյանքի մեջ հաստատել: Երիտասարդը մի քանի տարի մեծ ջանասիրությամբ ծառայում է Աստծուն և եկեղեցուն, բայց ընկնելով վատ մարդկանց միջավայրը՝ թողնում է բարի ապաստանը և դառնում ավազակապետ: Եփեսոս վերադառնալով՝ Ս. Հովհաննես առաքյալը մեծ ցավով տեղեկանում է պատահածի մասին: Նա, չնայելով իր ծերությանն ու վտանգներին, գնում է երիտասարդին փնտրելու: Երիտասարդը տեսնում է և ճանաչում առաքյալին, բայց խղճի խայթից և ամոթից դրդված՝ փախչում է: Առաքյալի՝ զավա՛կս, կանգ առ խոսքերը ստիպում են նրան զղջալ, վերադառնալ եկեղեցի և նույն առաքինի կյանքին: Առաքյալի զոհաբերող սերը փրկեց երիտասարդի հոգին:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.