Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704

Արև երեխաների արևային տոնախմբությունը

Արև երեխաների արևային տոնախմբությունը

Հունիսի 2-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, ՀԿ-ի սաները երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանում մասնակցեցին տոնական միջոցառման: Արև երեխաներն արդեն տոնական տրամադրությամբ էին մուտք գործում սրճարան: Մինչ միջոցառումը արևներն ու նրանց ծնողները, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, «Տերունական աղոթք»-ն ասացին: Տեր Հայրը «Արև-երեխաներ» ՀԿ-ի անձնակազմի և FLY բարեգործական հիմնադրամի անունից շնորհավորեց երեխաներին իրենց տոնի առթիվ. «Մեր երեխաները մեր կյանքի աստվածային սիրո կնիքն են, նրանք արևներ են, որ իրենց շուրջը ջերմություն են տարածում՝ ցրելով ամեն մռայլ ամպ ու ամպրոպ, իսկ այս արևները Աստծո պարգևը համարվող առանձնահատուկ արևներ են, որոնք առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ են ճառագում: Արևների հետ կապված գուցե մի շարք դժվարություններ և խնդիրներ ծագեն, բայց Տերը մեզ պարգևել է արևներին, որպեսզի ժամանակավորապես հոգ տանենք ու խնամենք իրենց, նրանց կողքին լինենք և ճշմարիտ ուղով առաջնորդենք: Ես խոնարհվում եմ բոլոր այն ծնողների առջև, որոնք իրենց արևների կողքին են և չեն զրկել նրանց ծնողական սիրուց ու ընտանեկան ջերմությունից»: Շնորհավորանքի խոսքից հետո Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանին և FLY բարեգործական հիմնադրամին՝ միջոցառմանն աջակցելու համար:

Հյուրասիրությունից հետո արև երեխաները հայտնվեցին ժամանցային խաղերի, կրկեսային համարների և երգ ու պարի հետաքրքիր աշխարհում: Ուրախ խաղերը հաջորդում էին մեկը մյուսին: Ռոբոտ տրանսֆորմերը, մուլտհերոսներ Միկին, Մինին, Պանդան և Բադիկը ջանք չէին խնայում՝ արևներին անմոռանալի օր պարգևելու համար, իսկ ծաղրածուն իր կրկեսային համարներով զարմացնում ու հիացնում էր նրանց: Երգ ու պար սիրող արևներին էին միացել իրենց ծնողները: Նրանց անկեղծ ու մաքուր աշխարհը մեծ ուրախություն էր ապրում: Միջոցառման նախաձեռնողների, աջակիցների և մասնակիցների ջանքերով օրն իրական տոնի վերածվեց արևների համար: Տոնախմբության վերջին անակնկալը արևների համար տոնական տորթն էր և տոնական նվերները: Նրանց երջանիկ հայացքներից սեր ու ջերմություն էր ճառագում: Երեխաներն իրապես սիրո մեծ ուսուցիչներ են, ռուս մեծ գրող Դոստոևսկին ասել է, որ առանց երեխաների հնարավոր չէր լինի այդպես սիրել մարդկությանը:

Կարինե Սուգիկյան