Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ինչ է տալիս հոգեբանի օգնությունը

Մեր երկրում լայնորեն տարածված չէ սեփական հոգեբանական խնդրով մասնագետին դիմելու մշակույթը: Սակայն մարդուն ոչ միշտ է հաջողվում հաղթահարել սեփական խնդիրները: Պատահական չէ, որ ինչ-որ մեկի հետ զրուցելու, ինչ-որ մեկից աջակցություն ստանալու, անհանգստությունը, ցավը, մենության և անելանելիության զգացումը կրճատելու կարիք ենք ունենում: Այդպիսի զրուցակցի դերում հանդես են գալիս ընկերները, ծանոթները, բժիշկները, մանկավարժները: Դա, իսկապես, մեծապես օգնում է մարդուն: Բայց նմանատիպ օգնության հնարավորությունները սահմանափակ են այնպես, ինչպես մասնագետ հոգեբանը երբեք չի կարող փոխարինել ընկերոջը, մտերիմին, հարևանին: Մասնագետ հոգեբանի օգնությունը ևս մեկ միջոց է սեփական կյանքի որակն ավելի լավը դարձնելու համար, ինչպես օրինակ՝ ատամնաբույժի օգնությունը: Կարելի է «յոլա գնալ» առանց նրա, բայց հենց նա գիտի, թե ինչպես բուժել ատամները:

Հոգեբանը չպետք է խորհուրդներ տա կամ քննադատի ինչ-որ մեկի կյանքը: Նրա խնդիրը կայանում է նրանում, որ նա հանդես գա հատուկ զրուցակցի դերում, ով հատուկ զրույցի ընթացքում օգնում է մարդուն ավելի լավ տեսնել ու հասկանալ և՛ իրավիճակը, որում նա հայտնվել է, և՛ ինչ-որ բան փոխելու նրա հնարավորությունները:

Պատկերացնենք մի մարդու, ով խճճվել է իր ուղեբեռի մեջ: Նա ուզում է ինչ-որ բան գտնել շտապ հավաքված այդ պարկի, ճամպրուկի կամ պայուսակի մեջ, սակայն այնտեղ կան բազմաթիվ իրեր, որոնք նա է լցրել՝ շտապելով և անհանգիստ վիճակում: Նա շատ քիչ ժամանակ ուներ, որպեսզի կարողանար ամեն ինչ նորմալ դասավորել պայուսակի տարբեր բաժիններում և դարակներում: Հնարավոր է, որ այդպիսի խառնաշփոթ վիճակ է նաև մեր հոգիներում, երբ արտասովոր իրադարձությունից որոշ ժամանակ անց մենք ուժ և ժամանակ չենք գտնում զբաղվելու մեր անհանգստություններով, և մեզ անհրաժեշտ է հավաքվել, ողջ մնալ, հաղթահարել և ապրել:

Պատկերացնենք, թե ինչքան ավելի հեշտ կլինի մարդուն դասավորել և տեսակավորել ուղեբեռի պարունակությունը, երբ ձեռքի տակ առկա են նաև սեղան և աթոռներ: Հոգեբանի խնդիրներից մեկն էլ հենց մարդուն այդ «աթոռով և սեղանով» ապահովելն է, այսինքն՝ այնպիսի մի տարածք, որ վերջինս կարողանա գլուխ հանել: Երբեմն միայն այդքանն էլ բավարար է լինում փակ շրջանից ելք գտնելու և անլուծելի թվացող խնդիրները լուծելու համար:

Քանի դեռ մեր առջև ծառացած դժվարությունները համարում ենք հաղթահարելի, կարողանում ենք անցնել դրանց միջով, և ինքներս մեզ փորձառու ու գիտուն ենք զգում: Հաջողությամբ հաղթահարելով հերթական դժվարությունը՝ մենք մեզ ավելի վստահ ենք զգում, վստահում ենք ինքներս մեզ՝ «ես կարող եմ», և կյանքին՝ «խնդիրները, որ կյանքը դնում է իմ առաջ, հնարավոր է լուծել»:

Եթե հանդիպում ենք մեզ համար անլուծելի թվացող խնդրի, այն դառնում է մեզ համար պրոբլեմ, և այսպիսի դեպքերում մարտավարությունը կարող է տարբեր լինել:

Օրինակ.

1. Ես չեմ կարող լուծել այդ խնդիրը, բայց դա իմ փոխարեն կարող են անել ուրիշները (Այս խնդիրն ինձ համար չէ, ես նույնիսկ չեմ ծանոթանա դրա հետ, թող դա լուծեն նրանք, ովքեր կարող են):

2. Ես չեմ կարող լուծել խնդիրը, և ոչ ոք ինձ չի օգնի (Խնդիրն անլուծելի է, այն հնարավոր է լուծել միայն եթե հանգամանքները փոփոխվեն):

3. Ես միայնակ չեմ կարող հաղթահարել խնդիրը, ինձ հարկավոր է օգնություն (Ես չեմ կարողանում լուծել խնդիրը, բայց եթե ինձ օգնեն, ես կկարողանամ դա անել):

Հոգեբանի հետ աշխատանքն ավելի շատ հիշեցնում է երրորդ կետը:

Եթե դուք զգում եք, որ ձեզ այդպիսի օգնություն, աջակցություն է պետք, ապա կարող եք դիմել հոգեբանի:

Եվ այսպես, բարի ճանապարհ՝ դեպի ծնողավարության անհայտ ճանապարհը՝ ձեր ճանապարհը: Ձեզ սպասում են ձեր իսկ բացահայտումները: Դրանք կդասվեն ձեզ նախորդող ճանապարհորդների բացահայտումների շարքին և ուղեցույց կլինեն ձեզ հաջորդող ճանապարհորդների համար: Եվ այդ ամենը մեր ընդհանուր մարդկային առօրյայի ոչ դյուրին փորձն է:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.