Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արև երեխաները Լուսէի հեքիաթային այգում

Արև երեխաները Լուսէի հեքիաթային այգում

Մայիսի 4-ին «Երևանի իմ սեր» հիմնադրամի հաշմանդամություն ունեցող երեխաների «Լուսէ» վերականգնողական կենտրոնը հիմնադրամի շենքում «Արև երեխաներ» ՀԿ-ի սաների համար կազմակերպել էր «Մեր Լուսէ այգին» միջոցառումը: Արև երեխաների համար «Լուսէ» վերականգնողական կենտրոնի սաները բեմադրեցին «Մեր Լուսէ այգին» հեքիաթը, որ իրենց համար գրել էր մանկագիր Երազիկ Գրիգորյանը: Արև երեխաներին հեքիաթը տեղափոխել էր դրախտային մի այգի, ուր շատ ծաղիկներ կային, որոնք երբեք իրար չէին խանգարում, ծաղկում էին ու իրենց բույրը տարածելով՝ ուրախանում: Եվ ահա մի օր, ծաղիկներից բարձրահասակի՝ թրաշուշանի պատճառով խաթարվում է այգու ուրախությունը. նա խնդրում է ցնցուղին, որ շատ ջրի կարճլիկ ծաղիկներին, քանի որ չէր ցանկանում նրանց հետ զրուցելիս խոնարհվել: Արդյունքում, ծաղիկների տխրությունը տեսնելով, տխրում են թե՛ ցնցուղը և թե՛ թրաշուշունը, քանի որ իրենք համարում էին իրենց ծաղիկների բարեկամները: Նրանց համար պարզ է դառնում այն ճշմարտությունը, որ պետք է սիրել և ընդունել ծաղիկներին այնպիսին, ինչպիսին, որ նրանք կան և որ միայն իր մասին մտածողը չի կարող երջանիկ լինել և երջանկացնել:

Բեմադրության ընթացքում երեխաները կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ երգեր կատարեցին՝ միջոցառումը եզրափակելով «Մենք ապրում ենք այգում» երգով (խոսք՝ Երազիկ Գրիգորյան, երաժշտ.՝ Արգինե Հարությունյան): Այնուհետև Լուսէի այգում մեծ ուրախություն էր թևածում, քանի որ պարում էին բոլորը:

«Մեր Լուսէ այգին» միջոցառման ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը և արև երեխաների, նրանց ծնողների ու «Արև երեխաներ» ՀԿ-ի կողմից շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին: «Երբեք ներկա չէի գտնվել առանձնահատուկ երեխաների մասնակցությամբ միջոցառման: Առանձնահատուկ էր միջոցառումը, որովհետև առանձնահատուկ երեխաներն ելույթ ունեցան առանձնահատուկ երեխաների՝ արևների համար: Մեծ ուրախություն ապրեցի և այս օրը վառ կմնա իմ հիշողության մեջ: Վստահ եմ, որ հետագայում առանձնահատուկ երեխաների մասնակցությամբ ավելի մեծ միջոցառումների մասնակցելու առիթ կունենանք: «Մեր Լուսէ այգին» հեքիաթը կարևոր ուղերձ էր պարունակում. միշտ էլ հնարավոր է վերականգնել խաթարված ուրախությունն ու երջանկությունը, եթե մարդկային փոխհարաբերություններում սկսի տիրել սիրո, խոնարհության, փոխաջակցության և հարգանքի ոգին, եթե մարդիկ միմյանց արժևորեն ու գնահատեն այնպիսին, ինչպիսին, որ իրենք կան»,- ասաց Տեր Գրիգորը և միջոցառման մասնակիցներին նվիրեց աղոթագրքեր ու խաչեր:

Կարինե Սուգիկյան