Արև երեխաներ
Գրեք մեզ՝ downchildren@gmail.com
Զանգահարեք մեզ՝ +37491 047704

Հոգու թանկագին հատկանիշը

Հոգու թանկագին հատկանիշը

Սեպտեմբերի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կազմակերպեցին, որ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը Դաունի համախտանիշ ունեցող քսանինը երեխաներ անցնեն էնդոկրինոլոգի խորհրդատվություն:

Նշենք, որ օգոստոսի 8-ին մանկատան Դաունի համախտանիշ ունեցող քսանյոթ երեխաներն անցնել էին արյան ցիտոգենետիկական հետազոտություն, կարիոտիպ, հորմոնալ և արյան կլինիկական հետազոտություններ: Քանի որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաները մինչև կյանքի վերջ փոխարինող թերապիայի կարիք ունեն, ուստի նրանց համար պարբերաբար բժշկական հետազոտություն և խորհրդատվություն է անցկացվում: Նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքների հիման վրա՝ խորհրդատվությունն անցկացրեց և բուժում նշանակեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի մանկական էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը:

Մեծ ուրախություն է ապրում նա, ով, իր սրտում աստվածային սերն ունենալով, իր ներկայությունն է նվիրում կարիքավորին, միջոց է փնտրում նրան օգնելու, խնամում է, հոգ տանում հիվանդության մեջ՝ ուրախություն պարգևելով նրան: Հոգու թանկագին հատկանիշ է այս առաքինությունը, որ կոչվում է ողորմածություն: Եկեղեցու հայրերից Անտոն Անապատականը հորդորում է. «Գթասրտություն սիրի՛ր, զգեստավորվիր հավատքով, սրտիդ թույլ մի՛ տուր չարը խորհել, այլ ստիպի՛ր նրան բարին հատուցել չարի փոխարեն, փնտրի՛ր ողորմածություն և խաղաղություն, և նախանձախնդիր եղի՛ր ամենայն բարի գործեր կատարելու մեջ»:

 

Կարինե Սուգիկյան