Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Նախադեպը չունեցող համերգը ևս մեկ անգամ փաստեց, որ արևները կարող են

Նախադեպը չունեցող համերգը ևս մեկ անգամ փաստեց, որ արևները կարող են

Մարտի 26-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, կայացավ «Արևային զանգակներ և ընկերներ» խորագրով բարեգործական համերգը, որ նվիրված էր Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվան:
Բարեգործական համերգը սկսվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հիմնադիր ու հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի ողջույնի և օրհնության խոսքով: Այնուհետև Տեր Հայրն իր շնորհակալական խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետին, ում օրհնությամբ հատկացված կենտրոնում արև երեխաներն իրենց մասնագիտական ծառայություններն են ստանում, Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին՝ օրհնության և մասնավոր ուշադրության համար, «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամին, որ արդեն մի քանի տարի է, ինչ աջակցում է «Արև-երեխաներ» ՀԿ-ին՝ ի դեմս տնօրեն Գոհար Գրիգորյանի և բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել «Արև-երեխաներ» ՀԿ-ի կայացմանը:
Համերգին իրենց մասնակցությունն էին բերել «Արևային զանգակներ» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Հարությունյան), ջազային երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), հայ օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը, բաս-կիթառահար, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը և «Երևան» լարային քառյակը։
Ողջ երեկոյի ընթացքում «Արևային զանգակներ»-ը, բեմը կիսելով պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, հնչեցրին Ս. Մեսրոպ Մաշտոցի «Բազում են Քո գթութիւնքդ» և Ս. Ներսես Շնորհալու «Առավոտ լուսոյ» շարականները, Կոմիտասի հոգևոր ու աշխարհիկ կատարումները և Մակար Եկմալյանի Պատարագից հատվածներ:
Երեկոն վարող Նազենի Հովհաննիսյանն անդրադարձ կատարեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի չորսամյա գործունեությունը, առկա խնդիրներին և հեռահար նպատակներին:
Այնուհետև հանդիսատեսը դիտեց «Իմ հերոսը» տեսանյութը, որ պատմում էր Տեր Գրիգորի նախաձեռնությամբ կյանքի կոչված տարածաշրջանի միակ կազմակերպության՝ «Արև-երեխաներ» ՀԿ-ի մասին, որ  նպաստում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը, բուժման որակի բարձրացմանը և նրանց ընդհանուր կարիքների բավարարմանը:
«Արևային զանգակներ»-ը Հայաստանում ու նրա սահմաններից դուրս ոչ պրոֆեսիոնալ կազմով հանդես եկող միակ համույթն է: Նրանք իրենց քրտնաջան աշխատանքով փաստեցին, որ հնարավոր է հասնել պրոֆեսիոնալ հարթակի: Նախադեպը չունեցող համերգը ևս մեկ անգամ հաստատեց, որ արևները կարող են:

Կարինե Սուգիկյան