Արարիչն Աստված՝ որպես Սերմնացան, սերմանում է Իր խոսքը մարդկանց սրտերում, սերմանում է և ակնկալում, որ այն պտղաբերի մեկի տեղ երեսուն, մեկի տեղ վաթսուն և կամ մեկի տեղ՝ հարյուր (Մարկ. 4:8): Իսկ թե ինչ պտուղներ կտան սերմերը, կախված է մարդկանցից: Ինչպես յուրաքաչյուր սերմ, այնպես էլ Աստծո խոսքն Իր մեջ կյանք է պարունակում, որն Իր զորությամբ բարեփոխում է մարդկային կյանքը:
Տիրոջ խոսքն իր առատ պտուղներն է տալիս եկեղեցիներից ներս ձևավորված համայնքային կյանքում: Պարարտ հողում, այսինքն՝ բարի և դեպի իր Արարիչը ձգտող սրտում, Աստծո խոսքը վաղ թե ուշ սիրո պտուղներ է տալիս՝ քաղցրացնելով շատ ու շատ մարդկանց կյանքեր: Հոկտեմբերի 30-ին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Աբրահամյան Գայանեին (46 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Գայանեն իր երկու զավակների՝ Նոնայի (8 տ.) և Գոռի (6 տ.) հետ բնակվում է Եղիշե Թադևոսյան 10 շ. 40 բն. հասցեում: Նոնան Դաունի համախտանիշ ունի, նա սովորում է Երևանի թիվ 144 դպրոցում, իսկ Գոռը սրտի երկու վիրահատություն է անցել և երրորդ վիրահատության կարիքը կա: Ընտանիքի հայրը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել արտագնա աշխատանքի, բայց առողջական և այլ խնդիրների պատճառով չի կարողանում վաստակել ու օգնել ընտանիքին: Կարիքի մեջ հայտնված ընտանիքը երեխաների հաշմանդամության և ընտանեկան նպաստի գումարներով չի կարողանում հոգալ իր նվազագույն կարիքները: Գայանեն շնորհակալություն հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար:
Ողջ աշխարհով մեկ Տիրոջ ներգործիչ և կենսատու խոսքը հավասարապես համոզիչ, հստակ ու հասկանալի է խոսում բոլորի սրտերի և մտքերի հետ՝ սիրո պտուղներ պտղաբերելով: Ինչպես ռուս ականավոր քննադատ Վ. Գ. Բելիսնկին է ասում. «Սիրո հիմնական գիրքը՝ Ավետարանը, նորոգեց հին, զառամյալ աշխարհը՝ նրան շնորհելով այնպիսի հարուստ բովանդակությամբ կյանք, որը նա անզոր է սպառել հավիտյան: Ինչ որ կա հիմա, ինչով հպարտանում ու հրճվում է ժամանակակից մարդկությունը, այդ ամենը աճել է աստվածային Նոր Կտակարանի անանց խոսքերի բեղմնավոր սերմից»:
Կարինե Սուգիկյան