Սիրելի՛ բարեպաշտ քրիստոնյաներ,
Շնորհավորում եմ ամենքիս ամենափառավոր, ամենասիրելի և ամենաօրհնյալ տոնի կապակցությամբ, որ այսօր նշում է Հայաստան Աշխարհն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ազդարարելով կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ: «Քրիստոս հարյավ ի մեռելոց»,- նվիրական ուրախությամբ փրկչական լուրն է իր զավակներին ավետում Մայր Եկեղեցին, որի սրբազան թրթիռները գարնանային ջինջ օդում տարածվելով՝ թռչում-հասնում են իրենց հասցեատերերին՝ աստվածապարգև ուրախության կայծով բոցավառելով յուրաքանչյուրիս հավատի կանթեղը: Քրիստոս հարյավ ի մեռելոց, սիրելինե՛ր, անսահման ուրախությամբ հայտնում եմ ձեզ և հոգևոր ունկերով լսում ձեր սրտի խանդավառ արձագանքը. «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
Այս լարված օրերին, երբ մարդկությունը շունչը պահած հետևում է միմիայն համավարակով պայմանավորված իրականության զարգացումներին, երբ ամեն կողմից միայն նորանոր հիվանդների ու մահերի մասին ես լսում, հոգիդ անխուսափելիորեն թախծում ու տառապում է և այսօր, առավել քան երբևէ, կարոտ է ուրախ լուրերի: Ուստի, ուզում եմ և հովվական մաղթանքս է, որ գոնե այսօր, մի կարճ ժամանակով մոռանաք բոլոր անհանգստություններն ու թույլ տաք, որ Քրիստոսի հարության արփիափայլ ուրախությունը ձեր հոգիներին դիպչի: «Հիշեցի Աստծուն և ուրախացա»,- երգում է Դավիթ մարգարեն (Սղմ. 76:4)՝ հուշելով իրական ու ճշմարիտ ուրախության պարզ ճանապարհը, որն այնքան հաճախ մոռանում ենք՝ աշխարհային հոգսերին կուլ գնալով: «Ես հույսս դրեցի Տիրոջ վրա, պիտի ցնծամ և ուրախանամ քո տված փրկությամբ»,- միակ ճշմարիտ Ապավենի և Փրկչի մասին կրկին հուշում է սաղմոսերգուն (Սղմ. 30:7), և ո՞ւմ, եթե ոչ հարուցյալ Քրիստոսին պիտի հուսանք և ումի՞ց, եթե ոչ մահվանը հաղթած Աստծուց պիտի սպասենք մեր փրկությունը:
Ժամանակներն այսօր դյուրին չեն, այո՛, սակայն աշխարհը միշտ էլ տառապանքով ու փորձություններով լի է եղել, սիրելի՛ հավատացյալներ, ուստի մենք, որ մարդացյալ Աստծու հրաշափառ հարության վկայողներն ենք և այդ սքանչելի ավետիսը կրողներն ու սփռողները, երբեք ու երբեք ընկճվելու, տագնապելու և հուսահատվելու իրավունք չունենք: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ հարության աստվածային լույսը, որ ցրում է ամենամռայլ ու չարածին խավարն անգամ, հանց անմար ջահ վեր պահելով, մեր առաքինի և ապաշխարած վարքով, մեղքի մահից հարություն և նոր կենդանության շունչ առած հոգով, սիրելի Աստծուն մեր եղբոր մեջ գտած մարդու գիտակցությամբ, մեզ շրջապատող բոլոր մարդկանց հանդեպ տածած անձնազոհ սիրով ու հոգատարությամբ տանենք համայն աշխարհին՝ աղոթելով, որ արդեն մեկ անգամ և ընդմիշտ Իր թանկագին արարածին ողորմած ու նրա փրկության համար Իր սրբագործ արյամբ վճարած Արարիչը տարածի Իր ամենազոր ու գթած Աջը մեզ վրա՝ ևս մեկ անգամ փրկելով ու կենդանություն պարգևելով աստվածակերպ Իր արարածներին: Եվ երբ Սուրբ Հարության տոնի ամոքիչ ուրախությունն իջնի ձեր սրտերին, սիրելի՛ հավատացյալներ, և աստվածային խաղաղությամբ պարուրի, հոգու ունկերով կլսեք Երկիր մոլորակի ամեն ծայրում լսվող մեր հավատի հաղթական տողերը. «Մահը կուլ գնաց հաղթությանը: Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը»: ….գոհություն Աստծու, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Ա Կորնթ. 15:54-57). ամեն: