Դաունի համախտանիշ ունեցող երեխաների վարքային խնդիրները շատ են անհանգստացնում ծնողներին․ երեխան քմահաճ է, իրեն «լավ» չի պահում․․․ Ի՞նչ անել, եթե երեխան կռվարար է, խանդոտ և չարաճճի։ Այդ և այլ հարցերի պատասխանները կգտնեք այս հոդվածում, որը թարգմանվել է www.downsideup.org կայքից։
Դժվար պահերին ձգտում ենք մեղմել տագնապը, ցավը, հուսահատության և անօգնականության զգացումը, այդ պատճառով էլ փնտրում ենք հարազատների ու ընկերների կարեկցանքն ու աջակցությունը։ Մարդ հոգեբանի է դիմում այն ժամանակ, երբ զգում է, որ ինքնուրույն գլուխ չի հանում ու իր կողքին պետք է մասնագետ լինի։
«Բարև Ձեզ։ Փորձում էի ձևակերպել խնդիրս։ Գուցե այնքան էլ լավ չի ստացվել, բայց այնուամենայնիվ փորձեցի, որովհետև հենց այդ հարցն է ինձ տանջում․․․»
Ծանր ապրումները դժվար է միայնակ տանել, դժվար է նաև դրանք որևէ մեկի հետ կիսելը, այդ պատճառով էլ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ծնողները հաճախ հուզականորեն մեկուսանում են, քաջությունը չի ներում, որ երեխայի ախտորոշման մասին պատմեն բարեկամներին ու ընկերներին՝ վախենալով, որ լուրը կխոցի իրենց կամ էլ կազդի երեխայի ու ընտանիքի հանդեպ վերաբերմունքի վրա։
Այդ պատճառով քննարկման փորձը հոգեբանի հետ, որը ծնողների զգացումներն ընդունում է որպես բնական երևույթներ, օգնում է խնդրին տարբեր տեսանկյուններից դիտել և դրանց լուծման համապատասխան միջոցներ գտնել, նպաստում է իրական կյանքում դժվարություններն ավելի հեշտ հաղթահարել։ Ծանր, երբեմն հակասական զգացումների մասին խոսելը թեթևացնում է ապրումները, օգնում հոգեկան հավասարակշռությունը պահպանել։ Շատերը նշում են, որ թեթևության զգացում են ունենում հոգեբանի հետ սկզբնական խոսակցությունից հետո, երբ պատմում են իրենց դժվարությունների մասին։
«Ինչո՞ւ հենց ես։ Ծանոթներիցս ոչ մեկի երեխան այդպիսին չէ։»
Ծանր ու ցավոտ է ընդունել, որ կատարվել է անդառնալի մի բան, հաշտվել, որ երեխան լույս աշխարհ է եկել բոլորից տարբեր, ոչ այնպիսին, ինչպիսին սպասում էին, որ բոլոր երազանքներն ու ծրագրերը պետք է հարմարեցնել իրականությանը։ Տանջում են հարցերը՝ ինչի՞ համար, ինչո՞ւ հենց ես, իսկ պատասխան չկա։
Ոչ ոք մեղավոր չէ, որ երեխան ավելորդ քրոմոսոմ ունի, այդ պատահականություն է, անիմաստ է գենետիկ շեղման պատճառը փնտրելը, գիտությանը դեռևս հայտնի չէ, թե ինչու է բջիջների կիսման ընթացքում խախտում լինում։ Երևույթը պայմանավորված չէ ծնողների դավանանքով, ապրելակերպով, առողջությամբ ու կրթվածության աստիճանով։ Ծնողների հոգում առաջացող մեղավորության զգացումը կարող է թաքցնել նրանց անօգնականությունը, որևէ բան փոխելու անկարողությունը․ չէ՞ որ անհնար է ուղղել գենետիկ շեղումը։
Ապրումները կարող են ուղեկցվել ընտանիքի մյուս անդամների հանդեպ մեղավորության սուր զգացմամբ, «վատը» լինելու զգացմամբ, ինչը խանգարում է ընտանիքում առողջ հարաբերությունների պահպանմանը։
Տարվելով մեղավորության զգացմամբ, փորձելով կատարվածի պատճառները գտնել՝ ծնողներն անցյալին են նայում ու մնում անցյալում։ Միևնույն ժամանակ ներկայի համար պատասխանատվությունն ընդունելը, սեփական զգացմունքները, մտքերն ու գործողությունները գիտակցելը հայցքն ուղղում են դեպի ապագա և մղում առաջ գնալ։ Աստիճանաբար ծնողները սովորում են իրենց այլ հարց տալ՝ ինչի՞ համար։
Հատուկ երեխայի ծնունդը կարող է ցույց տալ, թե ինչն է կյանքում իսկապես կարևոր։ Առանձնահատուկ կարիքներով երեխան ծնողներին ավելի լավը, ավելի կարեկցող, քիչ էգոիստ դառնալու հնարավորություն է տալիս, օգնում է զգալ անվերապահ սերը։ Ամուսինները կարող են երեխայի խնամքն ընդունել որպես ընդհանուր պարտականություն, իմյանց միավորող գործ՝ այդպիսով ավելի մտերմանալով։
Հատուկ երեխայի եղբայրներն ու քույրերն ավելի նրբազգաց են մեծանում, ինչը թույլ է տալիս աշխարհն ավելի նրբորեն ընկալել, իսկ այդ նրբազգացությունը սովորաբար հետագայում փոխանցում են իրենց ընտանեկան հարաբերություններին։ Հատուկ երեխայի կարիքները կարող են բացահայտել կամ էլ զարգացնել ծնողների հմտությունները․ մայրերը հաճախ գիտակ են դառնում մանկավարժության, հոգեբանության ու լոգոպեդիայի ոլորտներում․․․
Ծնողներին կարող է վախեցնել երեխայի հանդեպ ունեցած հակասական զգացումները, սակայն եթե նրանք չեն ժխտում իրենց ծանր ապրումները, ապա վստահություն են ձեռք բերում, որ անսովոր երեխայի ծնունդն իրենց բազում ուրախություններ կպատճառի։
«Մեր կյանք այն է, ինչ մտածում ենք նրա մասին։»
Մարկոս Ավրելիոս
«Ինձ անհանգստացնում է մի հարց։ Ո՞նց է նա ապրելու, երբ ես ու ամուսինս այլևս չլինենք։»
Ապագայի մասին մտահոգվելը բոլորին է հատուկ։ Ինչպե՞ս սովորել ապրել «այստեղ և հիմա»՝ հիասթափվելով արդարությունից և կյանքի կանխատեսելիությունից։ Իսկապես, այդ մտահոգությունները հիմք ունեն, քանի որ հատուկ կարիքներով մարդու կյանքի որակը մեծապես կախված է ընտանիքի տրամադրվածությունից, ծնողների՝ երեխայի զարգացումն ու կրթությունը, վաղ սոցիալականացումը կազմակերպելու կարողությունից։ Հայտնի է, որ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ մեծ ներուժ ունեն և կարող են իրացնել այն, եթե դեռևս վաղ տարիքից բազմակողմանի զարգացման համար պայմաններ ստեղծվեն։ Ինչպես ցանկացած մարդ, այնպես էլ նրանք լիարժեք, ակտիվ ու արժանապատիվ կյանք ունենալու հնարավորություն ունեն։
«Ապագայի հանդեպ իրական հոգածությունը ներկային ամեն բան տալն է։»
Ալբեր Քամյու
«Ախտորոշման մասին գիտեն միայն ամուսինս և մայրս։ Ինչպե՞ս ասել ընկերներին ու հարազատներին, ինձ թվում է, թե շատերը երես կթեքեն մեզնից։»
Միայն ծնողները կարող են որոշել, թե երբ և ինչպես խոսեն երեխայի ախտորոշման մասին, միայն նրանք կարող են որոշել, թե որն է ավելի հեշտ, պատմել ախտորոշման մասին և ընդունե՞լ բոլոր արձագանքները, թե՞ լարվածության մթնոլորտում գաղտնի պահել այն՝ խուսափելով վատագույնից։
Որոշիչ հանգամանք է այն, թե արդյոք ծնողների վախն օբյեկտիվ է, գուցե նրանց մերժված լինելու վախը երեխային չընդունելու վերաբերյալ սեփական երևակայության արդյունքն է։ Բարեկամների և ընկեների վերաբերմունքը հնարավոր է իմանալ միայն լուր հայտնելուց հետո։ Մեկի համար ախտորոշումն առաջին պլանում է հայտնվում, և նա դժվարանում է դրա հետևում տեսնել զարգացող փոքրիկ մարդուկին, այդ դեպքում, գուցե, ավելի լավ է նախ երեխային սիրելու հնարավորություն տալ և հետո միայն հայտնել առանձնահատկությունների մասին։
Մեկ այլ մարդու, հատկապես հարազատին, գուցե վիրավորի, որ իրեն չեն ասել ճշմարտությունը, երրորդը, որն այնքան էլ մոտ չէ ընտանիքին, կարող է անսպասելիորեն աջակցել ու ավելի կարեկից լինել, չորրորդն էլ կարող է օտարանալ՝ ինքն իրեն պաշտպանելով ծանր ապրումներից կամ էլ նախապաշարումների զոհը մնալով։ Հնարավոր չէ կանխատեսել բոլոր ռեակցիաները։ Գուցե բարեկամներն օտարանան, բայց միևնույն ժամանակ մտերմանան և երեխայի ծննդյա ուրախությունը կիսեն հենց օտարները, ու նոր ծանոթություններ հաստատվեն։
Ի՞նչ անել, երբ մարդ ստորություն է անում՝ իմանալով երեխայի ախտորոշման մասին։ Հնարավոր է, որ զայրույթ, վիրավորանք, ցավ ու անօգնականության զգացում առաջանա և վրեժխնդիր լինելու ցանկություն ծագի։ Եթե ներքին վիճակը թանկ է ձեզ համար, պետք չէ վիրավորողին պատասխանել։ Գուցե այդ պահին վրեժխնդիր լինեք, բայց հետագայում տանջվեք այդ զգացումից։ Ավելի լավ է կողմնորոշվել ըստ իրավիճակի, մի դեպքում լռել, խզել կապը, մյուս դեպքում խոսել սեփական հույզերի մասին ու արտահայտվել։ Խոսել ցավի մասին չի նշանակում թույլ լինել։ Ընդհակառակը, նշանակում է, որ ուժեղ եք։ Այդ զինաթափ է անում վիրավորողին․ չէ՞ որ նա չի իմանում ինչ պատասխանի։ Եթե անգամ նա ասում է, որ իր համար կարևոր չեն, թե ինչ է զգում ուրիշը, միևնույնն է այդպես չէ։ Ոչ մի նորմալ մարդ չի ցանկանում ցավացել դիմացինին։ Միայն սադիստներն են սիրում ցավ պատճառել։ Այլ մարդու զգացածի հանդեպ անտարբեր են լինում նրանք, որոնք իրենք ոչինչ չեն զգում։ Որակական ընտրություն կկատարվի ախտորոշման ֆիլտրի միջոցով։
«Դպրոց ենք գնում, օգնեք․․․»
Դաունի համախտանիշով երեխայի կրթությունը շատերին է անհանգստացնում։ Դպրոցում երեխան շփվում է ոչ միայն հասակակիցների հետ, այլև սովորում է պահպանել կանոնները, նոր գիտեիքներ և հմտություններ է ձեռք բերում։ Ցանկացած երեխայի համար անհրաժեշտություն է դպրոցում սովորելը, այդ նրանց իրավունքն է։ Կարևոր չէ դպրոցը ներառական է, մասնագիտացված, թե զանգվածային, կարևոր է, որ դասերը խթանեն երեխայի անձնային զարգացումը։
Այսպիսով, ինչպե՞ս կարող է օգնել հոգեբանը։ Հոգեբանը հոգեբույժ չէ, ոչ էլ պայծառատես, հրաշագործ, բժիշկ կամ դատավոր։ նա մարդ է, որն օգնում է լուծել հոգեբանական խնդիրները։ Նրա հետ երկխոսությունը ինքնաճանաչման, կյանքում որևէ բան փոխելու կամ դրա հանդեպ վերաբերմունքը փոխելու հնարավորություն է տալիս։
Շարունակելի