Ինչպես նշել ենք մեր հոդվածներից մեկում, հնարավոր չէ հստակ կանխատեսել, թե ինչպիսին կլինի երեխան, երբ մեծանա։ Այդ հավասարապես վերաբերում է ցանկացած նորածնի, այդ թվում՝ Դաունի համախտանիշ ունեցող երեխային։
Հավելյալ քրոմոսոմի առկայության պատճառով մի շարք առանձնահատկություններ են ի հայտ գալիս, որոնք հատուկ են Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց մեծամասնությանը։ Պատմենք դրանցից մի քանիսի մասին։
Դաունի համախտանիշ ունեցող երեխաների գլուխը հետնամասում մի փոքր հարթ է, պարանոցը՝ ավելի կարճ ու լայն, քան մյուս երեխաներինը։ Պարանոցի երկու կողմերում նկատվում են ծալքեր, որոնք ժամանակի ընթացքում հարթվում են և անհետանում։ Դիմագծերը մանրիկ են, բերանը փոքր է, իսկ լեզուն՝ մեծ, այդ պատճառով էլ երբեմն երեխան այն դուրս է հանում։ Երբ փոքրիկը մեծանա, մեծահասակների օգնությամբ աստիճանաբար կսովորի կառավարել ինքն իրեն, և այդ առանձնահատկությունը կկորչի։
Քիմքը բարձր է, կամարաձև։ Ականջները սովորականից ներքև են տեղակայված։ Մի փոքր շիլ աչքերը սովորաբար կոպերի հավելյալ ծալք են ունենում քթարմատի մոտ, ինչը կոչվում է էպիկանտ։ Այն տեսանելի է մինչև 12-13 տարեկան հասակը, իսկ հետագայում աստիճանաբար անհետանում է։ Շատերի աչքերի ծիածանաթաղանթի անկյունում սպիտակ բծեր՝ պուտեր են լինում, որոնք նկատելի են հատկապես բաց գույնի աչքեր ունեցողների դեպքում։
Աչքերի արտաքին առանձնահատկությունները կապ չունեն տեսողության խանգարումների հետ, սակայն պետք է նկատի ունենալ, որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաները հաճախ ակնոցի միջոցով տեսողության շտկման կարիք են ունենում։
Մազերը սովորաբար նոսր են լինում, փափուկ և ուղիղ, ատամները՝ մանր, ընդ որում՝ ավելի ուշ են ի հայտ գալիս և հաճախ ստոմոտոլոգիական բուժում պահանջում։
Մկանային ցածր տոնուս
Դաունի համախտանիշ ունեցող երեխաների մկանային տոնուսը ցածր է լինում, ինչն անվանում են հիպոտոնիա։ Հիպոտոնիայի դեպքում մկանները թուլացած են լինում, և երեխան դժվարանում է ակտիվորեն շարժվել։ Այդ պատճառով էլ կարևոր է հնարավորինս շուտ կինեզիոթերապևտի ղեկավարությամբ սկսել հատուկ վարժություններ կատարել։ Շարժողական ակտիվությունը խթանող կանոնավոր վարժանքների դեպքում հիպոտոնիան տարիքին համընթաց կոմպենսացվում է։
Երեխայի ձեռքերն ու ոտքերը
Դաունի համախտանիշ ունեցող երեխայի վերջույթները կարող են մի փոքր կարճ լինել այլ երեխաների վերջույթների համեմատ։ Ոտքերի և ձեռքերի մատները նույնպես կարճ են լինում, ոտքերի բթամատի և մյուս մատների հեռավորությունը մեծ է լինում, երբեմն ներբանի հատվածում բթամատի և մյուս մատների միջև տեսանելի գիծ է անցնում։ Ափերը բավականին լայն են, ճկույթը՝ մի փոքր կեռ, սակայն այդ նշանները ոչ մի ազդեցություն չեն ունենում ընդհանուր զարգացման վրա։
Հասակը
Դաունի համախտանիշ ունեցող նորածիններն ավելի ցածրահասակ են լինում, քան մյուս երեխաները։ Նրան մի փոքր այլ կերպ են աճում ու քաշ հավաքում։ Աճի արագությունը տատանվում է՝ կախված տարիքից։ Միջինում վեց տարեկան երեխայի հասակը մոտավորապես 10-12 սմ-ով պակաս է լինում իրեն հասակակից սովորական երեխաներինից։ Դեռահասության տարիքում աճի և կմախքի հասունացման տեմպն արագանում է ու գրեթե չի տարբերվում նորմայից։ Դաունի համախտանիշ ունեցող երիտասարդի միջին հասակը 154–160 սմ է լինում, աղջկանը՝ 150–154 սմ։
Պարտադիր չէ, որ նշված բոլոր նշաններն արտահայտված լինեն։ Կան երեխաներ, որ չունեն արտաքին առանձնահատկություններ, և ընդհակառակը, հանդիպում են նաև քրոմոսոմային սովորական կազմով մարդիկ, որոնք ունենում են Դաունի համախտանիշին հատուկ արտաքին նշաններ։
Բժշկական խնդիրներ
Դաունի համախտանիշով երեխաներն ավելի հաճախ են առողջական խնդիրներ ունենում, քան մյուս երեխաները։ Իհարկե, այդ չի նշանակում, որ Դաունի համախտանիշով ծնված բոլոր երեխաները պարտադիր ունենում են նշվելիք բժշկական խնդիրները։ Պարզապես ծնողները պետք է իմանան դրանց մասին, որպեսզի կարողանան վերահսկել երեխայի առողջությունը և անհրաժեշտության դեպքում ճիշտ ժամանակին համապատասխան միջոցներ ձեռնարկեն։
Հաճախ Դաունի համախտանիշ ունեցող երեխաները ժամկետից մեկ-երկու շաբաթ շուտ են ծնվում։ Սովորական երեխաների համեմատ ավելի շատ են ծնվում սրտի կամ մարսողական համակարգի բնածին արատով, որը վիրահատական միջամտություն է պահանջում։ Դիտվում է նաև թույլ լսողություն և տեսողություն, վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում։
Ընդհանուր զարգացումը
Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ընդունակությունների վերաբերյալ նախապաշարմունքները շատ են, ինչը պայմանավորված է հավաստի տեղեկությունների պակասով։ Կյանքի առաջին ամիսների ընթացքում երեխայի պահվածքը պրակտիկորեն չի տարբերվում մյուս երեխաների պահվածքից։ Նրան ծնողների ու հարազատների նույն խնամքն ու ուշադրությունն է անհրաժեշտ լինում։ Որոշ երեխաներ քիչ են լաց լինում, և հարկ է լինում նրանց արթնացնել կերակրելու համար, ընդ որում՝ նրանցից ավելի երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի սովորեն ծծել և խմել։
Նրանց շարժողական զարգացման տեմպը դանդաղ է․ ավելի երկար ժամանակ է պահանջվում, որ սովորեն գլուխն ուղիղ պահել կամ աջ ու ձախ թեքել, չոչ անել, նստել ու քայլել, սակայն այդ բոլոր հմտությունների յուրացումը նրանց ուժերի սահմաններում է, նրանք լիովին կարող են այդ անել։
Ծնողների մեծամասնությանն անհանգստացնում է երեխայի մտավոր զարգացումը․փոքրիկն ի՞նչ կսովորի, ի՞նչ կհասկանա, ի՞նչ կկարողնա անել և այլն։ Նախկինում կարծում էին, որ Դաունի համախտանիշն անպայմանորեն ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, սակայն այսօր հայտնի է, որ ամենևին էլ այդպես չէ։
Մեր երեխաները մեծ ներուժ ունեն, նրանք շատ բան կարող են սովորել։ Ծնողների համար ամենակարևորն այն է, որ կարողանան ուրախանալ երեխայի գոյությամբ․ չէ՞ որ նա զուտ որոշակի նշանների ու կարողությունների ամբողջություն չէ, նա կենդանի մարդ է, իր տեսակով եզակի, մարդ, որը սիրո և ընդունված լինելու կարիք ունի։
Կազմեց Լիլիթ մուրադյանը