Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

ԱՄՆ ՄԶԾ ներկայացուցչի հանդիպումը «Արև-երեխաներ» ՀԿ-ի հետ

ԱՄՆ ՄԶԾ ներկայացուցչի հանդիպումը «Արև-երեխաներ» ՀԿ-ի հետ

Հունիսի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ԱՄՆ ՄԶԾ (Միջազգային զարգացման ծրագրի) ներկայացուցիչ, հատուկ կրթության ոլորտի փորձագետ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավաբան Ալիսոն Դեֆռանկոն հանդիպեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի աշխատակազմի, սաների ծնողների և ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի աշխատակիցների հետ: Հանդիպումը նախաձեռնել էր Ալիսոն Դեֆռանկոն, ով սույն թվականի ապրիլ ամսից աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ իր աջակցությունը բերելով ներառական կրթության համընդհանուր ներառման համակարգի մշակմանն ու ռազմավարությանը: Նա շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին՝ նշելով, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում կարևորում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանցով զբաղվող ՀԿ-ների, այդ թվում «Արև-երեխաներ» ՀԿ-ի գործունեության, փորձառության և առկա խնդիրների ու դրանց հետ կապված մտահոգությունների և առաջարկությունների հետ ծանոթացումը:

«Արև-երեխաներ» ՀԿ-ի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ողջունեց ԱՄՆ ՄԶԾ ներկայացուցչին կազմակերպած հանդիպման համար և ներկայացրեց ՀԿ-ի հիմնադրման պատմությունը, մեկուկեսամյա գործունեությունը, ՀԿ-ի համագործակցության շրջանակը, ապագա ծրագրերը և այն խնդիրները, որոնց հետ առնչվում է ՀԿ-ն իր գործունեության ընթացքում: Տեր Հայրը նշեց, որ այժմ «Արև-երեխաներ» ՀԿ-ն մեկնարկել է «Դաունի համախտանիշով երեխաների զարգացման կենտրոն» վեցամսյա ծրագիրը, որն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամների համատեղ աջակցությամբ և նպատակ ունի նպաստելու Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացմանն ու սոցիալական միջավայրում հարմարվելու հմտությունների մշակմանը, կարողությունների և հնարավորությունների խթանմանը, նրանց կյանքի որակի բարելավմանը՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս դառնալու հասարակության լիարժեք անդամ:

Այնուհետև ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, հատուկ մանկավարժ Թերեզա Ազատյանը «Արև-երեխաներ» ՀԿ-ի գործունեության հետ կապված մի կարևոր հանգամանք նշեց, այն որ ՀԿ-ն, ի տարբերություն մյուս ՀԿ-ների, արդյունավետ գործունեություն ապահովելու նպատակով, շատ կարճ ժամանակաշրջանում ճիշտ կողմնորոշում ցուցաբերեց՝ անմիջապես դիմելով իրենց ֆակուլտետին, ինչը բնականաբար իր դրական արդյունքներն է գրանցել գիտական մակարդակով և շարունակում է գրանցել: Թերեզա Ազատյանն ու նույն ֆակուլտետի գիտության և միջազգային հարցերի գծով դեկանի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու Սվետլանա Մուրադյանը նշեցին, որ համընդհանուր ներառումը գովելի գործընթաց է, բայց դպրոցներում աջակցության կենտրոնների մասնագետներին

զուգահեռ պետք է գործի բազմամասնագիտական թիմ և բոլոր օղակների միջև ճիշտ համագործակցում իրականացվի:

Համընդհանուր ներառական կրթությանն անցնելու հետ կապված արև երեխաների ծնողները ևս իրենց մտահոգությունները և որոշ խնդիրների հետ կապված իրենց առաջարկությունները ներկայացրեցին:

Ալիսոն Դեֆռանկոն շնորհակալություն հայտնեց հնչեցրած կարծիքների, խնդիրների և առաջարկությունների համար՝ նշելով, որ տպավորված է «Արև-երեխաներ» ՀԿ-ի կարճ ժամանակահատվածում ծավալած գործունեության և ապագայում նախատեսած հեռանկարների համար: Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԾ ներկայացուցչին և ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի աշխատակիցներին՝ լիահույս լինելով, որ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության հետ կապված հարցերի քննարկումներն իրենց դրական արդյունքն են տալու:

 

Կարինե Սուգիկյան