Բոլորիս քաջ հայտնի է «Ժամանակը բուժում է» արտահայտությունը: Յուրաքանչյուրս մեր անձնական փորձով կհաստատենք, որ դա այդպես է: Չնայած դրան՝ դժվար է հասկանալ ու պատկերացնել, որ նմանօրինակ անձնական փորձը կարող է մարդուն օգնել՝ ընդունելու այն փաստը, որ իր երեխան ծնվել է Դաունի համախտանիշով:
Երեք տարեկան աղջնակի մայրիկը պատմում է.
«Վեց ամիս շարունակ ես հեկեկում էի և ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչու է իմ երեխայի մոտ հայտնաբերվել այդ ահավոր բանը: Եվ ինչպե՞ս կարող է նա՝ իմ լավ աղջիկը, ապրել այդպես: Այս իրավիճակը փոխել սկսեց հենց ինքը՝ Անյան: Հերքելով տեսությունները՝ նա ինքը փոխեց իր հանդեպ վերաբերմունքը: Նա ճանաչում էր մեզ, ժպտում, քրքջում, օգնում էր շփման մեջ, հաստատում նոր հարաբերություններ: Չնայած շրջապատի բարյացկամությանը՝ նա շատ լավ տարբերակում էր յուրայիններին և օտարներին: Նրա համար միևնույն չէր, թե հիվանդանոցում ով է նրան հոգնա դնելու, նա վրդովվում էր, ըմբոստանում: Ես տեսել եմ, թե նա ինչպես է տարբեր բաներ սովորում և մտածում, թե ինչպես կարելի է նրան կոչել «սովորելու անընդունակ»: Նրան ինչ-որ բան սովորեցնելիս՝ ես կրկնում էի մի քանի անգամ, և որոշ ժամանակ անց նա սկսում էր դա անել: Միաժամանակ հայտնաբերեցի, որ մեծանալով՝ նա ավելի ու ավելի է ինձ զարմացնում, որքան շատ բան է հասկանում, ինչպես է հնարամտություն և նրբանկատություն բանեցնում, երևակայում և որքան ինքնուրույն է: Օրինակ՝ երբ ես նրան արգելեցի սեղմել հեռուստացույցի կոճակները, նա վերցրեց տիկնիկը և սկսեց տիկնիկի ձեռքով սեղմել դրանք:
– Ա՛յ, դու խորամանկ աղջիկ,- ուրախությամբ նշեցի ես: Ինձ շատ էր ուրախացնում, երբ տեսնում էի, թե ինչպիսին են նրանք՝ Դաունի համախտանիշ ունեցող երեխաները՝ տարբեր, յուրաքանչյուրն իր առանձնահատուկ բնավորությամբ: Նա պաշտպանում էր ինքն իրեն, երբ նրան նեղացնում էին: Ընդհանուր առմամբ՝ ես կարողացա վստահել նրան»:
Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.
«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»
Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը