Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Խանդ

Ընտանիքում նոր երեխայի ծնունդը դրամատիկ է ավագ երեխաների համար, քանի որ քույրիկի կամ եղբոր հայտնվելը նրանց մոտ մի շարք բարդ զգացմունքներ է առաջացնում: Դրանցից մեկի՝ խանդի մասին կխոսենք ավելի հանգամանալից: Միանգամից նշենք, որ տասնութ ամսականից մինչև չորս տարեկան երեխայի մոտ խանդի իսպառ բացակայությունը պետք է զգաստացնի ծնողներին: Մեծ երեխան միանգամայն բնական խանդ է զգում նորածնի հանդեպ, քանի որ առաջին անգամ տեսնում է, որ հիանում են ոչ միայն իրենով, այլ մեկ ուրիշով ևս, և այդ ուրիշն ավելի փոքր է, քան ինքը: Ուրեմն պետք է շատ փո՞քր լինել, որ քեզ սիրեն: Բայց չէ՞ որ բոլորն ուրախացել էին, որ դու մեծացել ես: Ավագ երեխայի տեսանկյունից ինչ-որ արտասովոր բան է կատարվում, որը չի համընկնում արդեն ձևավորված իր այն տեսակետի հետ, որ լավ է լինել մեծ, քան փոքր: Բոլորը պատրաստվում են փոքրիկի լույս աշխարհ գալուն, ծնողները հաճախ բացատրում են ավագ երեխային. «Այս փոքրիկ եղբայրը (կամ քույրիկը) քեզ համար է»: Երեխան սպասում է, որ իր համար կհայտնվի մի հասակակից և խաղընկեր: Մայրիկը, երբեմն ցույց տալով իր նկարները, ասում է. «Տե՛ս, ինչ փոքրիկ էիր դու, նա էլ այսպես փոքր կլինի»: Հնչում է երեխայի պատասխանը. «Այդպիսին ես չեմ ուզում»: Խնդրում եմ, հաշվի առեք, որ եթե նա ասում է, որ չի սիրում փոքր եղբորը կամ քույրիկին, փոքրիկը չի հակադրվում մայրիկին, և չի ուզում նրան բարկացնել, նա պարզապես ցանկանում է արտահայտել իր դժգոհությունը այն նորածնի հանդեպ, որը հայտնվելու է իր իսկ տանը և բնավ էլ իր սպասած խաղընկերը չէ: Եվ ահա փոքրիկը ծնվում է: Ծնողներն ինչպե՞ս օգնեն ավագ երեխային, ով խանդում է և միաժամանակ տանջվում: Բոլորից լավ դա կարող է անել հայրը: Լավ է, երբ հայրը քաջալերում է մեծին՝ օգնելով նրան հաղթահարելու խանդի նոպաները, որոնք կարող են միանգամայն անսպասելի դրսևորվել: Օրինակ՝ ավագը կարող է նորից թրջել տակը, առանց պատճառի նվնվալ, հրաժարվել ինքնուրույն քայլելուց կամ իր համար սովորական սնունդը ուտելուց՝ պահանջելով միայն կաթ: Այսինքն՝ նա փորձում է նորից մանկանալ, իր մտածելակերպով դառնալ այնպիսին, ինչպիսին իր եղբայրը կամ քույրը, որին այդքան շատ ուշադրության են արժանացնում ծնողները: Այդպիսի դեպքերում հենց հոր հեղինակավոր խոսքն է, որ պետք է ընդգծի մեծ լինելու կարևորությունը, կոնկրետ օրինակով ցույց տա մեծ լինելու առանձնահատկությունները՝ ուշ քնել, մուլտֆիլմ դիտել և այլն: Հայրը պետք է կարողանա ավելի շատ ժամանակ անցկացնել փոքրիկի հետ և անպայման նրան հնարավորություն տալ խաղալու իր հասակակիցների հետ: Կարևոր է, որ մեծ երեխան ունենա իր տարածքը և իր խաղալիքները, որոնք հասանելի չեն փոքրիկին: Անընդհատ կրկնվող «տուր խաղալիքը փոքրիկին», «փոքրերին պետք է զիջել» արտահայտությունները դժվար թե օգնեն երեխաների միջև հարաբերությունները կարգավորելուն:

Չորսից վեց տարեկան ավագ երեխան, անհանգստանալով ստեղծված բարդ իրադրությունից, կարող է նորածնին ամուր սեղմել գրկում, նույնիսկ կծել նրան:

Ինչպե՞ս արձագանքել: Նախ՝ պետք չէ շատ խիստ լինել և կշտամբել երեխային: Այդպիսի արարք գործելով՝ անկասկած նա արդեն իրեն մեղավոր է զգում: Խիստ ծանր արտահայտությունների, բղավոցների, պատժելու և արգելելու փոխարեն ավելի լավ է մխիթարել նրան՝ ասելով. «Տեսնո՞ւմ ես, թե ինչ ուժեղ ես դու: Իսկ եղբայրդ (քույրիկդ) թույլ է: Նա այնքան փոքր է, դու էլ էիր նրա տարիքում այդպիսին: Նա գիտի, որ դու իր մեծ եղբայրն ես, և ուզում է վստահել քեզ: Դու հասկանում ես, չէ՞, որ պետք չէ նրան կծել»: Այսպիսի զրույցները կարելի է կրկնել, եթե ծնողները հասկանում են, որ երեխայի արարքը բխում է իր վիճակից, ոչ թե դաժանությունից: Եթե ծնողներն անկեղծ կարեկցում են նրա ապրումներին, օգնում են երեխային հարմարվելու նոր իրավիճակին, նմանօրինակ դրսևորումները շուտով անցնում են: Երբեմն եղբոր կամ քույրիկի հետ կապված իրավիճակներն այլ կերպ են դասավորվում: 5-7 տարեկան երեխան ցանկանում է իրեն վերապահել փոքրիկի խնամքը, քանի որ մտածում է, որ ինքն ավելի լավ կվարվի նրա հետ, քան ծնողները: Այս դեպքում ծնողներն առավել ուշադիր պիտի լինեն մեծ երեխայի հանդեպ, քանի որ նրա դիրքորոշումը հուշում է, որ նա չի ցանկանում խաղալ և շփվել հասակակիցների հետ և փոխարենն իր վրա է վերցնում մեծերի պարտականությունները: Լավ է, երբ ավագ երեխան ցանկանում է մասնակցել փոքրիկի դաստիարակությանը, և մայրն, իհարկե, կարող է դա թույլ տալ, բայց պետք չէ այն դարձնել պարտականություն: Երբեմն նա ուզում է գրկել փոքրիկին, բայց բացի գրկելու անկեղծ ցանկությունից, նա նաև վախ է զգում, որ հանկարծ կգցի փոքրիկին: Հենց այդ վախն էլ նրան ստիպում է անկախ իրենից ավելի ու ավելի սեղմել փոքրիկին, և այդ ընթացքում նորածինն սկսում է անհանգստանալ, իրեն անհարմար և նույնիսկ ցավ զգալ:

Շատ ավելի լավ կլինի, որ նման իրավիճակում մայրն ամբողջ պատասխանատվությունը չթողնի երեխայի վրա և անընդհատ նրա կողքին լինի՝ հանգիստ ու վստահ, որ կկարողանա ցանկացած պահի վերցնել փոքրիկին, որ նա ևս իրեն լավ զգա:

Կարևոր է հասկանալ, որ եղբայրներն ու քույրերը իրոք մրցակիցներ են. նրանք պայքարում են ծնողների ուշադրության, ժամանակի և քնքշանքի համար, նրանք սովորում են պայմանավորվածություններ ձեռք բերել միմյանց հետ մրցակցելով: Սրանով հանդերձ՝ նրանք նաև «վատ օրերի ընկերներ» են, քանի որ ծնողները իրենցից ոչ մեկին էլ ամբողջությամբ չեն պատկանում: Կան մեծերի կյանքի որոշ բնագավառներ, որտեղ մուտքը չի թույլատրվում ո՛չ մեկին, ո՛չ մյուսին: Երեխաները կարող են հավակնել ծնողների ժամանակի, ուշադրության և հոգածության միայն որոշ մասի վրա: Սա էլ հենց նախադրյալ է հանդիսանում, որ երեխաները նաև գործընկերներ դառնան, սովորեն հոգ տանել իրենց մասին և միմյանց նկատմամբ լինեն հոգատար: Ինչպես մեծերի կյանքի որոշ բնագավառներում տեղ չկա երեխաների համար, այնպես էլ եղբայրների և քույրերի միջև պիտի գործի հարաբերությունների իրենց տարածքը, որին չեն մասնակցի ծնողները: Ի վերջո՝ խիստ անհրաժեշտ է ժամանակ հատկացնել, երբ ողջ ընտանիքը միասին է, և շատ կարևոր է, որպեսզի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար երաշխավորվի և՛ իր անձնական, և՛ համատեղ ընտանեկան ժամանակը:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.