Մանկական բնական այս պահանջի մասին կարելի է պատկերացում կազմել, տեսնելով միայն, թե փոքրիկը ինչպիսի հետաքրքրությամբ է նայում ուրիշ երեխաների և փորձում շփվել նրանց հետ: Երեք տարեկանում երեխան հայտնաբերում է, որ գոյություն ունի եռանկյունի՝ ինքը, մայրիկը և հայրիկը, ընդ որում՝ նրա համար դառնում է ակնհայտ, որ ծնողները զույգ են կազմում: Իսկ ինքը՞: Այլ երեխաների հանդեպ հետաքրքրությունը, մանկական խաղահրապարակում նրանց հետ շփվելու հնարավորությունը, քոլեջ կամ մանկապարտեզ հաճախելը նրան օգնում են իրեն պիտանի զգալ երեխաների խմբում: Միևնույն ժամանակ դա թեթևացնում է անհանգստությունն այն փաստի մասին, որ ինքը չի մտնում մեծերի միջավայրի մեջ: Ուրիշ երեխաների հետ կարելի է կիսել մանկական հետաքրքրությունները, ընդհանուր զբաղմունք գտնել, և դա շատ լավ է: Շփման հմտությունը միանգամից չի առաջանում. դա աստիճանաբար կատարվող պրոցես է: Մեծերի համբերությունն ու հանգիստ ընկերասիրությունը էապես կարող են օգնել Դաունի համախտանիշ ունեցող երեխային այդ փորձը ձեռք բերելու հարցում: Այդ գործընթացը կարելի է սկսել այն իրավիճակից, որտեղ ծնողն ինքն իրեն բավականին վստահ է զգում: Հետևելով, թե ինչպես է փոքրիկը հաղթահարում հարաբերությունների կարգավորման ընթացքը, մի՛ շտապեք եզրակացություններ անել: Նա դեռևս սովորում է: Ժամանակի ընթացքում նա անպայման կյուրացնի դա: Համառությունը, համբերությունը, երեխայի զգացմունքների և անհանգստությունների հանդեպ ուշադրությունը, հանգիստ և իր ուժերին ապավինող մեծահասակի վստահությունը լավագույն օգնականներն են, որպեսզի երեխան վաղ տարիքից ընդգրկվի սոցիալական կյանք, քանի որ դա այն միջավայրն է, որը, ինչպես և ընտանիքը, և՛ սովորեցնում է, և՛ բուժում: Մնում է ավելացնել, որ երեքից յոթ տարեկան երեխայի համար լավագույն սոցիալական միջավայրը մանկապարտեզն է:
Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.
«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»
Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը