Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Խոսքի հնչյունահնչութային կողմի թերզարգացման առանձնահատկությունները

Հնչյունահնչութային թերզարգացումը երեխայի լեզվի արտասանական համակարգի ձևավորման խանգարում է, որը ուղեկցվում է խոսքում՝ հնչյունի ընկալման և արտասանման խանգարումներով: Հնչյունահնչութային թերզարգացումը՝ ՀՀԹ, կարող է երեխաների մոտ դրսևորվել նորմալ ինտելեկտի և լսողության պայմաններում: ՀՀԹ-ն համարվում է բարդ և լուծելի խնդիր գրի և ընթերցանության տիրապետման ճանապարհին, որը կարող է երեխաների մոտ դպրոցական տարիքում բերել բառաքերականական համակարգի զարգացման խանգարումների: Ռ.Ե.Լևինան, ուսումնասիրելով երեխաների խոսքի բնույթը, հանգել է այն եզրակացության, որ խոսքի հնչյունային կողմին լիակատար տիրապետելու համար շատ կարևոր է հնչութային ընկալումը: Հայտնաբերվել է, որ այն երեխաների մոտ, ովքեր ունեն և՛ ընկալման, և՛ արտասանության խանգարումներ, առկա է անհամապատասխանություն հնչյունների արտիկուլեմաների ձևավորման և հնչույթների ընկալման գործընթացում: Բառում հնչյունների հաջորդականությունը որոշելու և բառի հնչյունային տարրերում գիտակցաբար կողմնորոշվելու ունակությունը կախված է բառի հնչութային ընկալման թերզարգացման աստիճանից, որը կարող է լինել առաջնային կամ երկրորդային (Լ.Ֆ. Սպիրովա,1982):

Հնչութային ընկալման երկրորդային թերզարգացումը արտահայտվում է խոսքի կինեսթեզիաների խախտումների ժամանակ, որը տեղի է ունենում խոսքի օրգանների անատոմիական թերությունների դեպքում: Այդ դեպքում խանգարվում է սովորական լսողական փոխգործակցությունը, որը հանդիսանում է արտաբերության զարգացման կարևորագույն մեխանիզմներից մեկը: Երեխայի ցածր ճանաչողական գործունեության և անկայուն ուշադրության հաղթահարումը ևս կարևոր են խոսքի ձևավորման և զարգացաման համար:

Հնչյունի արտաբերումն արտահայտվում է փոփոխականորեն: Այսպիսով, ձայնեղները փոխարինվում են խուլերով, ռ և լ հնչյունները լ և յ, ս և շ հնչյունները՝ ֆ: Որոշ երեխաներ սուլական և շչական հնչյունների ամբողջ խումբը, ինչպես նաև ֆրիկատիվ հնչյունները փոխարինում են արտաբերությամբ ավելի պարզ պայթական հնչյուններով՝ տ, բ: Այլ դեպքերում, երբ հնչյունների տարբերակման գործընթացը դեռ չի կատարվել և մոտ արտաբերություն ունեցող հնչյուննների արտաբերման ժամանակ երեխաները հնչյունների փոխարեն արտաբերում են միջին, աննշան ձայն, օրինակ փափուկ ձայն շ-ի փոխարեն, կամ չ-ի փոխարեն տ: Երեխայի խոսքի ուսումնասիրության ժամանակ անհրաժեշտ է առավել ուշադիր կերպով հետևել, թե հնչյունի արտաբերման ժամանակ ինչ սխալներ են արվում: Հնչյուներիթերի արտասանության ամենատարածված ձևը հնչյունների աղավաղումներն են, որտեղ պահպանված մի քանի հնչյունների արտաբերումը համապատասխանում է նորմային: Խանագարման այնպիսի ձևերը, ինչպիսին է հնչյունների բացթողումները կամ արտաբերական դիրքով մոտ հնչյունների փոխարինումները, ստեղծում են պայմաններ հնչյունների շփոթումների համար, որոնք հետագայում խոսքի քերականական կողմի համար ստեղծում են բարդություններ:

Մոտ հնչյունների շփոթումները երեխաների մոտ ձևավորում են արտաբերական դիրքերը, սակայն հնչյուների ձևավորման գործընթացը դեռ չի ավարտում Այդպիսի դեպքերում դժվար է մի քանի հնչյունային խմբերից տարբերակել մոտ հնչյունները:

Երեխաների հնչյունա-հնչութային կողմի ձևավորման մեջ առանձնացնում են մի քանի վիճակներ.

. Անբավարար տարբերակում, և վերլուծության դժվարությունները խանգարում են միայն հնչյունների արտասանությանը: Բառի և վանկային կազմի կառուցվածքը վերլուծվում է ճիշտ: Սա հնչյունահնչութային թերզարգացման ամենաթեթև աստիճանն է:

. Մի քանի հնչյունային խմբերից մեծ թվով հնչյունների անբավարար տարբերակում, որոնք բավարար կերպով արտահայտվում են բանավոր խոսքի արտաբերման դեպքում: Այս դեպքում հնչյունային վերլուծությունը ավելի խորը ձևով է խանգարվում:

. Խորը հնչութային թերզարգացման ժամանակ երեխան «չի լսում» բառի մեջ հնչյունները, չի տարբերակում հնչյունային տարրերը, չի կարողանում առանձնացնել հնչյունները բառի կազմից և որոշել դրանց հաջորդականությունը բառում:

Այսպիսով, հնչյուների արտաբերման թերությունները կարող են առաջ բերել հետևյալ բնույթի դրսևորումներ.

. Հնչյուների փոխարինումներ ավելի պարզ հնչյուններով, օրինակ՝ ս-ի և շ-ի փոխարեն ֆ և այլն:

. Ամբողջ խումբ հնչյունների փոխարինումներ:

.Հնչյունների ոչ կայուն օգտագործում խոսքի տարբեր ձևերում:

. Մեկ կամ մի քանի հնչյունների աղավաղումներ:

Այս խանգարումներից որոշները ազդում են հնչյուների ձևավորման վրա և խոսքի իմաստը չեն խախտում, մյուսները հանգեցնում են հնչյունների շփոթումների և խոսքում դրանց անհամապատասխանության: Սրանք ավելի բարդ են, քանի որ կոպիտ ձևով են խախտում խոսքի իմաստը:

Մեծ թվով հնչյունների թերությունների առկայության դեպքում, որպես կանոն, խախտվում է բարդ բառերի կազմը՝ բաղաձայների մակարդակում:

Հնչութային ընկալման ցածր մակարդակը հստակ արտահայտվում է հետևյալում:

. Հնչյունների ոչ հստակ տարբերակում ինչպես սեփական, այպես էլ ուրիշի խոսքում (առաջին հերթին խուլ – ձայնեղ, սուլական – շչական, սուլական- շչական –աֆրիկատ):

. Հնչյունային վերլուծության և համադրության տարրական ձևերի համապատասխանեցում:

. Խոսքի հնչյունային կազմի վերլուծության դժվարություններ:

Այն երեխաների մոտ, ովքեր ունեն հնչյունահնչութային թերզարգացում, նկատվում է անհամապատասխանություն հնչութային ընկալման մակարդակների միջև: Այսպես օրինակ, որքան շատ են չձևավորված հնչյունները, այնքան ավելի ցածր է հնչութային ընկալումը: Սակայն, ոչ միշտ է ճիշտ համընկնում լինում հնչույթների ընկալման և արտաբերման միջև:

Այսինքն, օրինակ, երեխան կարող է սխալ արտաբերել 2-4 հնչյուն, բայց չկարողանալ ընկալել տարբեր հնչյունախմբերի հնչյուններ: Բավականին լավ հնչարտաբերումը կարող է քողարկել խորը թերզարգացած հնչութային գործընթացները:

Այդ դեպքում հատուկ առաջադրանքների կիրառմամբ բացահայտում են բարդ խնդիրները:

Հնչունահնչութային թերզարգացում ունեցող երեխաների մոտ ի հայտ են գալիս ընդհանուր խոսքի աղավաղումներ, «սեղմված» արտաբերում, խոսքի անբավարար հստակություն և ճշտություն: Դա հիմնականում ռինոլալիա, դիզարտրիա և դիսլալիայի ակուստիկա-հնչութային և արտաբերական-հնչյունային ձևեր ունեցող երեխաներն են: Նրանց համար բնութագրական են ուշադրության անբավարարությունը և ցրվածությունը: Ի տարբերություն մյուս երեխաների, նրանք ավելի վատ են հիշում խոսքային նյութերը, առավելագույն սխալներով են կատարում առաջադրանքները:

Երեխաների մոտ ՀՀԹ-ի հայտնաբերումը ավելի վաղ շրջանում պարտադիր պայման է հանդիսանում հետագա շտկողական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար:

ՀՀԹ ունեցող երեխաների հետազոտումից հետո հարկավոր է՝

.խմբավորել խանգարված հնչյունները՝ ըստ արտաբերության խանգարումների,

. առանձնացնել շփոթվող հնչյունները,

. առանձնացնել աղավաղված հնչյունները,

. առանձնացնել այն հնչյունները, որոնք արտաբերվում են պարզեցված ձևով:

Խոսքի խանգարումները ունեն տարբեր աստիճանի ծանրություն, կախված տարբեր պատճառներից, կապված երեխայի զարգացման առանձնահատկություններից: Լոգոպեդական պրակտիկայում ՀՀԹ-ն երեխաների մոտ կարող է ունենալ թեթև, միջին և ծանր աստիճանի արտահայտվածություն:

Թեթև աստիճանի հնչյունային խանգարումը խոսքում արտահայտվում է ինչպես առանձին հնչյունների արտաբերման խանգարումներով, այնպես էլ դրանց խմբերում առանց այլ ուղեկցող երևույթների:

Հնչյունահնչութային թերզարգացման միջին աստիճանը բնութագրվում է հետևյալ կերպ. երեխան ոչ միայն սխալ է արտաբերում հնչյունները խոսքում, այլև անբավարար է նրանց տարբերակումը, չի ըմբռնում հակադիր հնչյունների արտաբերական և լսողական տարբերությունները: Նկատվում են բառի հնչյունային կազմի վերլուծության դժվարություններ, յուրահատուկ գրի և ընթերցանության սխալներ, հաճախ նաև բանավոր խոսքում վանկերի ոչ ճիշտ արտաբերում:

Հնչյունահնչութային թերզարգացման ծանր ձևի դեպքում խնդիրը արտահայտվում է այնպես, որ այն տարածվում է ամբողջ խոսքի հնչյունային կողմի վրա: Բացակայում է խոսքում հնչյունների տարբերակման կարողությունը, խանգարված է բառի վանկային կառույցի ճիշտ արտաբերումը, առկա են որոշակի խնդիրներ բառապաշարի, քերականական կառույցի և կապակցված խոսքի կազմում:

Եթե այս երեխաները ժամանակին չեն ստանում լոգոպեդական օգնություն, ապա հետագայում նրանք չեն կարողանում տիրապետել բանավոր և գրավոր խոսքի քերականական կողմին:

Երեխաների մոտ խոսքի հնչութային կողմի խանգարումները հնչյունահնչութային թերզարգացման դեպքում դրսևորվում է 3 մակարդակով:

Առաջին մակարդակում 5-6 տարեկան երեխաների մոտ դիտվում է լրիվ կամ մասնակի խոսքային միջոցների բացակայում շփման մեջ: Բառապաշարը կազմված է հնչյունային և հնչարտաբերական կողմի համալիրից, մեծամասնություն են կազմում անհասկանալի և ուղեկցող ժեստերը: Հնչութային խանգարումները ուղեկցվում են մեկ կամ մի քանի հնչյունների արտասանության աղավաղումներով:

Երեխաների մոտ հնչյունահնչութային թերզարգացման դեպքում հնչարտաբերման խանգարումների գլխավոր պատճառը համարվում է այն, որ խաթարված է հնչութային վերլուծություն կատարելու գործընթացը. Նրանց համար բարդ է առանձնացնել հնչյունը բառում, որոշել դրանց քանակը, առանձնացնել վերջավորությունը:

Հնչյունահնչութային թերզարգացում ունեցող երեխաները սկսում են դժվար արտաբերել բաղաձայն հնչյունները՝ ինչպես պարզ, այնպես էլ բարդ բառերում: Այդ դեպքում նկատվում են վանկերի բացթողումներ, դրանց փոխարինումներ և տեղափոխումներ, վանկում ավելորդ հնչյունների ավելացումներ, որ ուղեկցվում են ոչ հստակ արտաբերմամբ:

Երկրորդ մակարդակում նկատվում են բառերի աղավաղումներ: Կան որոշակի տարբերություններ քերականական ձևերում: Դրա հետ մեկտեղ արտասանական հնարավորությունները հետ են մնում տարիքային նորմայից: Երեխանները, ովքեր ունեն հնչյունահնչութային թերզարգացում, սկսում են բարդ հնչյունները փոխարինել ավելի պարզ հնչյուններով (օրինակ՝ ր-լ, ս-տ): Այսպես նրանք կարող են փոխարինել մի հնչյունը այլ հնչյունների ամբողջական շարքով, օրինակ՝ տ-ն ս, չ-ն, շ–ի փոխարեն:

Երրորդ մակարդակին բնորոշ է ծավալուն ֆրազային խոսքում բառաքերականական և հնչյունահնչութային կողմի տարրերի թերզարգացում, հնչյունների շփոթումներ, դրանց անկայուն գործածում խոսքում: Այս դեպքում երկու կամ մի քանի հնչյուններ արտասանվում են միջինացված հնչյուններով. ս-ն և շ-ն փոխարինվում են փափուկ շ-ով, չ-ն և տ-ն փափուկ չ-ով: Հետագայում այդպիսի խնդիրները կարող են ուղեկցվել գրավոր խոսքում տառերի փոխարինումներով:

Այսպես լոգոպեդական պրակտիկայում առանձնացնում են նաև չորրորդ մակարդակ, որը բնութագրվում է թեթև բառաքերականական խանգարումներով, երեխաների մոտ հնարավոր է բառում մի քանի հնչյունների արտասանման աղավաղումներ, կամ խոսում են առանց խնդրի, իսկ լսողապես չեն տարբերակում մեծ թվով հնչյուններ տարբեր հնչյունախմբերից:

Բացի թվարկված հնչյունային ընկալման և արտասանական առանձնահատկություններից, երեխաների մոտ հնչյունահնչութային թերզարգացման դեպքում դիտվում են մի շարք հոգեբանամանկավարժական առանձնահատկություններ, սոցիալական դժվար ադապտացիա և այլն:

Նրանց մոտ առկա է՝

· թերի խոսքային գործունեություն,

· ուշադրության անբավարար կայունություն կամ դրա հնարավորության սահմանափակ բաժանում,

· բառի տրամաբանական հաջորդականության աղավաղում,

· սոմատիկ թուլություն,

· շարժողական համակարգի զարգացման հապաղում, շարժումների սխալ կոորդինացիա, արագ շարժումներ կատարելու հմտության անկում:

Հաճախ հանդիպում են մատների, ձեռքի ափերի, մանր մոտորիկայի թերզարգացում:

Երեխաների մոտ ծանր խոսքային խանգարումների դեպքում նկատվում են հուզակամային ոլորտի շեղումներ, նրանց մոտ նկատվում է հետաքրքրության անկայունություն, մոտիվացիայի նվազում, անինքնավստահություն, իր տարեկիցների, շրջապատի հետ շփման դժվարություններ:

Հնչյունահնչութային թերզարգացման հետազոտման ժամանակ լոգոպեդը, հավաքագրելով տեղեկություններ հղիության ընթացքի և ծննդաբերության վերաբերյալ, փորձում է պարզել խոսքային խանգարման առաջացման պատճառը, ինչպես նաև հավաքագում է տեղեկություններ երեխայի ֆիզիկական և հոգեբանական զարգացման մասին: Այնուհետև այցելուին հետազոտում են այլ մասնագետներ ևս, ովքեր պարզում են լսողության խանգարումների առկայությունը, նևրոլոգիական գործընթացների խանգարումները, ինչպես նաև հետազոտվում է երեխայի ամբողջ առողջական վիճակը:

Այնուհետև գնահատվում է արտաբերական, մոտորիկայի, ձայնային և շնչառական ֆունկցիաների վիճակը: Ինչպես նաև հնչարտաբերման գործընթացում հետևյալ առանձնահատկությունների առկայությունը՝

· հնչյունների փոխարինումներ,

· հնչյունների շփոթումներ,

· հնչյունների աղավաղումներ,

· հնչյունների բացթողումններ,

· հակադիր հնչյունների տարբերակման դժվարություններ,

· բառի տարբեր վանկային կազմի վերարտադրման դժվարություններ:

ՀՀԹ-ի հետազոտման դեպքում հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է հնչութային վերուծություն և համադրություն կատարելու հմտության ձևավորման մակարդակի վրա: ՀՀԹ-ի ախտորոշման դեպքում օգտագործվում են մեթոդներ, որոնք թույլ են տալիս պարզել հնչարտաբերման, հնչութային գործընթացների, բառապաշարի, քերականական կառույցի, կապակցված խոսքի, գրավոր և բանավոր խոսքի բնույթը: Այսքանից հետո մասնագետը ֆիքսում է երեխայի խոսքի օրինակը, որը հնարավորություն է տալիս պարզել հնչյունահնրութային թերզարգացման մակարդակը:

ՀՀԹ-ի հաղթահարման գործընթացում իրականցվում է լոգոպեդի նպատակաուղղված աշխատանք, որն ուղղված է խոսքի հնչյունահնչութային կողմի զարգացմանը: Ամենից հաճախ երեխաների մոտ հնչյունահնչութային թերզարգացում հանդիպում է 5-6 տարեկանում՝ մանկապարտեզում, որը պարզվում է հատուկ լոգոպեդական խմբի կողմից:

Աշխատանքը տևում է 1 տարի: Երեխաները պետք է ընկալեն գիտելիքների և հմտությունների այն հիմնական չափը, որն անհրաժեշտ է դպրոցում ուսուցումը կազմակերպելու համար:

Եթե երեխան սովորում է դպրոցում, բայց նրա մոտ դիտվում է գրի և ընթերցանության խանգարում՝ պայմանավորված հնչյունահնչութային թերզարգացումով, ապա նրա հետ սկսում է աշխատել լոգոպեդը:

ՀՀԹ-ի դեպքում լոգոպեդական աշխատանքի հիմնական ուղղությունները սկսում են հնչարտաբերման, հնչութային գործընթացների զարգացումից և նախապատրաստում են քերականության լիարժեք ուսումնասիրմանը:

ՀՀԹ-ի շտկումն ընթանում է մի քանի փուլով.

1. Արտաբերական (նախապատրաստական) փուլ, որի ժամանակ իրականացվում է աշխատանք հնչութային ընկալման զարգացմանն ուղղված, այս աշխատանքը նախապատրաստում է բառում հնչյունային կազմի վերլուծություն կատարելու կարողության զարգացմանը և հնչյունների ճիշտ արտաբերմանը:

2. Տարբերակման փուլ – արտաբերությամբ և լսողական հատկանիշներով մոտ հնչյունների ճիշտ արտաբերում: Մեծ ուշադրություն է հատկացվում ձայնավոր հնչյունների արտաբերմանը, արտաբերական հստակությունը կախված է խոսքի պարզությունից:

3. Հնչութային վերլուծություն և համադրություն կատարելու կարողության ձևավորում:

4. Բառապաշարի հարստացում:

5. Բառակազմական հմտությունների զարգացում՝ պարզ և բարդ նախադասության կազմում:

6. Կապակցված խոսքի զարգացում:

7. Գրելու և կարդալու տարրական հմտությունների զարգացում:

ՀՀԹ-ի շտկման գործընթացում կիրառվում են.

· տարաբնույթ դիդակտիկ մեթոդներ,

· խոսքային նյութեր,

· արտաբերական գիմնաստիկա,

· լոգոպեդական վարժություններ,

· լոգոպեդական խաղեր:

Խոսքի հնչյունահնչութային կողմի թերզարգացման շտկումը կարող է անցկացվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային պարապմունքների ձևով: Դրանից բացի ՀՀԹ-ը ունեցող երեխաները պետք է այցելեն մանկական հոգեբանի պարապմունքների, որոնք կօգնեն զարգացնել լսողական ուշադրությունը, հիշողությունը, ընդհանուր և մանր մոտորիկան և մտածողությունը:

Երեխաների մոտ ՀՀԹ-ի վաղ ախտորոշումը և խոսքի խանգարման ժամանակին շտկումը ամբողջովին կանխում են հնչարտաբերման թերությունները և զարգացնում նորմալ հնչութային ընկալում: ՀՀԹ ունեցող երեխաների հետ լոգոպեդական աշխատանքը պետք է տարվի մինչև դպրոց ընդունվելը, քանի որ դա կօգնի արագ յուրացնել գրավոր խոսքը:

Երեխաների մոտ ՀՀԹ-ի կանխարգելումը ընթանում է հետևյալ փուլերով.

1. Պերիենատալ շրջանում խնդրի ախտորոշում:

2. Առողջության հետևում, երեխայի բնականոն զարգացման համար հարմարավետության ստեղծում:

3. Լսողական ուշադրության բարելավում, որը նպաստում է նորմալ հնչութային գործընթացների զարգացմանը:

4. Հետևել երեխայի խոսքին և խոսքային միջավայրին:

5. Երեխայի մոտ խոսքային խնդիր նկատելիս պետք է անհապաղ դիմել մասնագետի՝ լոգոպեդական խորհրդատվություն:

Մոտ հնչյունների շփոթումները երեխաների մոտ ձևավորում են արտաբերական դիրքերը, սակայն հնչյուների ձևավորման գործընթացը դեռ չի ավարտվել: Այդպիսի դեպքերում դժվար է մի քանի հնչյունային խմբերից տարբերակել մոտ հնչյունները։

Օգտագործված գրականություն՝

Волковой Л. С и Шаховской С.Н. ,,Логопедия,, Москва, 1999

Նյութը պատրաստեց «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն»-ի լոգոպեդ Գոհար Մնացականյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.