Ագրեսիան հանդիսանում է մարդկային հոգեկան աշխարհի ուսումնասիրման կենտրոնական խնդիրներից մեկը: Մարդկային ագրեսիան պայմանավորված է ինչպես կենսաբանական, այնպես էլ հոգեբանական և սոցիալական խնդիրներով: Վերջին տարիներին ագրեսիայի ուսումնասիրությունը նոր զարգացում է ստացել պայմանավորված այն բոլոր բնակլիմայական և սոցիալական փոփոխություններով, որոնք այս կամ այն չափով ազդում են մարդկային ագրեսիայի զարգացման վրա:
Ռ. Բերոնը ընդգծում է, որ ագրեսիվ գործողություններ կարող են համարվել միայն այն գործողությունները, որոնք վնաս են պատճառում կենդանի էակներին: Ֆռոմը ագրեսիան սահմանում է որպես մարդուն կամ կենդանուն կամ որևէ անկենդան օբյեկտին կանխամտածված վնասի պատճառումը: Իսկ ահա համաձայն Բասի առաջարկած սահմանման՝ ագրեսիան ցանկացած վարք է, որը պարունակում է սպառնալիք կամ այլոց վնաս է պատճառում:
Ըստ կառուցվածքային բնութագրի՝ ագրեսիվությունը լինում է ֆիզիկական և վերբալ կամ խոսքային, ուղղակի և անուղղակի: Ֆիզիկական ագրեսիան ծեծն է, խոշտանգումը, որի ժամանակ օգտագործվում է ֆիզիկակական ուժ: Վերբալ ագրեսիան բամբասանքներն են, չարախոսությունը, հասցեական վիրավորանքը, տվյալ անձի հետ շփվելուց հրաժարվելը: Ուղղակին, երբ ագրեսիան ուղղված է անմիջապես տվյալ օբյեկտին: Անուղղակի ագրեսիան, երբ ագրեսիան տեղաշարժվում է այլ օբյեկտների վրա, և այն վերահսկելի չէ:
Ըստ արտահայտման ձևի՝ ագրեսիան լինում է բացահայտ (արտաքնապես դիտվող) և թաքնված: Բացահայտ ագրեսիայի արտահայտումներից են համարվում բամբասանքը, ձայնի բարձրացումը, ստիպումը, բացասական գնահատումը, սպառնալիքները, ֆիզիկական ուժի, զենքի օգտագործումը: Թաքնված ագրեսիայի արտահայտումներից են՝ շփումից խուսափումը, անգործությունը՝ ուրիշներին վնաս տալու նկատառումով, սեփական անձին վնաս տալու ցանկությունը՝ ընդհուպ մինչև ինքնասպանություն:
Օգտագործված գրականություն.
1. Լ. Ստեփանյան «Ագրեսիվ վարքի հոգեբանություն» մեթոդական ուղեցույց:
2. Адлер А., “Практика и теория индивидуальной психологии” М., Изд. Академический проект, 2007г.
3. Можгинский Ю. Б. “Агрессивность детей и подростков. Распознавание, лечение, профилактика”, Когито-Центр, 2008г.
4. Ратинов А.Р., Кроз М.В., Ратникова Н.А.”Ответственность за разжигание вражды и ненависти”, под. ред. Ратникова Н.А. M. 2005 г.
5. Шпильрейн. С. Н.” Психоаналитические концепции агрессивности ” В 2 книгах. Книга 1, Удмуртия, изд. Удмуртского университета, 2004г.
6. Алфимова М.В., Трубников В.И. Психогенетика агрессивности // Вопросы психологии.
Նյութը պատրաստեց՝ «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի հատուկ հոգեբան, մանկավարժ Աննա Գևորգյանը