Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Արդարների ճանապարհները նման են ծագող լույսի»

Լուսավոր հավատքն չի կարող արտահայտվել այլ կերպ, քան կյանքով ու գործով: Լուսավոր ու գործուն հավատք ունեցողը գործում է ի փառս Աստծո և հօգուտ մերձավորի՝ դառնալով այն լույսը, որի մասին Տերն ասաց. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:16): Լուսավոր հավատք ունեցողը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այն առաքելությանը, որին կոչվել է ի վերուստ: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին և «Արև-երեխաներ» ՀԿ-ն՝ իրենց կոչմանը հավատարիմ, հավատավոր և բարեպաշտ հայորդիների աջակցությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակում, շարունակում են աջակցել այն ընտանիքներին, ուր մեծանում են Դաունի համախտանիշ ունեցող արև երեխաները: Ապրիլի 5-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Դյագունց Շուշանիկին (28 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Գորիսի շրջանի Տեղ գյուղում է բնակվում Դավիթյան ընտանիքը, ուր մեծանում է արև Սեյրանը (2տ.): Սեյրանի մայրը՝ Շուշանիկը նշեց, որ ամուսինը մշտական աշխատանք չունի և իրենք դժվարությամբ են կարողանում հոգալ իրենց ու երեք զավակների անհրաժեշտ կարիքները: «Սեյրանը շատ թույլ է, մենք չենք կարողանում երեխային հաճախակի Երևան բերել՝ վերականգնողական բուժումների: Հուսով ենք, որ Գորիսի շրջանում վերականգնողական կենտրոն կբացվի, ուր հնարավորություն կունենանք հաճախելու: Մեզ ընտանեկան նպաստ չեն տրամադրում՝ պատճառաբանելով, որ միայնակ չենք ապրում, այլ՝ սկեսուրիս, սկեսրայրիս և տեգրոջս ընտանիքի հետ»,- ասաց Շուշանիկը՝ իր երախտագիտությունը հայտնելով աջակից անձին և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն ու «Արև-երեխաներ» ՀԿ-ին:

Որևէ մեկի բարի պահվածքը, դաստիարակությունը խորհել է տալիս այն բարի դաստիարակության մասին, որ ստացել է նա իր ծնողներից: Քրիստոնյան ևս երբ փորձում է աստվածային պատվիրանների համաձայն ապրել, ապա մարդիկ, տեսնելով նրա աստվածահաճո կյանքը, փառաբանում են Աստծուն, իսկ հակառակը տեսնելով՝ գայթակղվում են և Աստծո դեմ խոսում: «Արդարների ճանապարհները նման են ծագող լույսի, որ առաջնորդում և լուսավորում է նրանց, մինչև որ օրը լրիվ լուսավորի: Ամբարիշտների ճանապարհները նման են խավարի, և նրանք չգիտեն, թե ինչպես պիտի սայթաքեն» (Առակ. 4:18-19):

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.