Տիրոջ կամքի շուրջ համախմբված անձինք ջանում են աստվածահաճո կյանքով ապրել՝ հետևելով Տիրոջն ու Նրա սուրբ պատվիրաններին: Իսկ ի՞նչ է կամենում Տերը, այս հարցին Միքիա մարգարեն պատասխանում է և ասում՝ իրավունք հաստատել, ողորմություն սիրել և պատրաստ լինել քո Տեր Աստծո հետևից գնալու (Միքիա 6:8): Գթասիրտ, համբերատար և ողորմաշատ Տերը (Սաղմ. 144:8) ցանկանում է, որ Իր զավակներն ողորմած և խաղաղարար լինեն՝ միմյանց հանդեպ հանդուրժող և ներող, սիրեն ողորմածությունը և ողորմեն հոժար սրտով և ոչ հարկադրաբար ու տրտմությամբ, որովհետև «Աստված սիրում է զվարթառատ տուրքը» (Բ Կորնթ. 9:7): Այս է Քրիստոսին հավատացողի ուղին՝ նմանվել Նրան. «Ով ասում է, թե ինքը միացած է մնում Քրիստոսին, պետք է ապրի այնպես, ինչպես Քրիստոսն Ինքը ապրեց» (Ա Հովհ. 2:6):
Շուրջ վեց տարի է, որ Ավստրիայի Ֆորարլբերգի մարզում բնակվող մի խումբ հայ ընտանիքներ, համախմբվելով Տիրոջ կամքի շուրջ, հիմնեցին “Armenische Sonne des Bodensees” («Բոդենզեի հայկական արևը») հայկական բարեգործական հիմնադրամը, որ նպատակաուղղված է աջակցել հայրենիքում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին: Հայրենիքից հեռու ապրող այս հայ ընտանիքներին միավորել է սերն առ Աստված և առ մերձավորը: Համավարակի այս օրերին հիմնադրամն իր աջակցությունն ուղղեց հայրենիքում ապրող արև երեխաների ընտանիքներին: Մայիսի 10-ին բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրած հերթական աջակցությունը (100 եվրո) Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը փոխանցեց արև Լևոնի (6 տ.) ընտանիքին: Լևոնն իր ծնողների, քրոջ և տատիկի հետ բնակվում է Քուչակի թաղ. 14 շ. 14 բն. հասցեում: Պետրոսյան ընտանիքի փոքրիկը սիրում է նկարել, պարել և լեգոյով խաղալ: Նա սովորում է Երևանի թիվ 104 հիմնական դպրոցում: Լևոնի հայրը՝ Պետրոսյան Արտակը, իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և բարեգործական հիմնադրամին՝ աջակցության համար:
Կարինե Սուգիկյան