Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Դաունի համախտանիշ ունեցող 16 մարդ, որ փոխում են այս աշխարհը

Կան մարդիկ, որ առ այսօր շարունակում են անգնահատելի ներդրում ունենալ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց հանդեպ հասարակության վերաբերմունքի փոփոխության գործում։ Նրանք նոր դռներ են բացում Դաունի համախտանիշ ունեցող այլ մարդկանց համար՝ լավ օրինակ ծառայելով։ Ներկայացնենք նրանցից մի քանիսին։
1․Կայլա Մաքկեոն (Kayla McKeon)

Կայլա Մակկեոնը ԱՄՆ Կոնգրեսում Դաունի համախտանիշ ունեցող առաջին լոբիստն է։ Նա նաև Լորա Լիի մրցանակակիր է սեփական իրավունքների պաշտպանման գործում լիդերության համար։

2․ Իզաբելլա Սպրինգմել (Isabella Springmuhl)
Իզաբելլա Սպրինգմելը 22-ամյա դիզայներ է Գվատեմալայից, որը նույնպես Դաունի համախտանիշով է ծնվել։ Նրա բրենդը կոչվում է Դաուն տու Կսիաբել (բառախաղ․«down» – «ներքև» և Դաունի ազգանունից)։ 2016 թվականին BBC-ն Իզաբելլային դասել է 100 ամենաոգեշնչող կանանց շարքում։ 2017-ին իսպանական «Influential» ամսագիրը նրան ընդգրկել է 28 ամենազադեցիկ լատինաամերիկուհիների շարքում։ Նա Դաունի համախտանիշով ծնված առաջին դիզայներն է, որ միջազգային ճանաչում է ստացել։
Իզաբելլայի էջը Ֆեյսբուքում
3․ Յուլիսա Արեսկուրենգան (Yulissa Arescurenaga)
Յուլիսան զումբայի՝ Դաունի համախտանիշ ունեցող առաջին լիցենզավոված ուսուցիչն է։ Նա չորս տարվա ընթացքում օրական վեց ժամ շարունակ ուսումնասիրել է պարային շարժումները և 2012 թվականին կարողացել իրագործել իր երազանքն ու դառնալ զումբայի ուսուցիչ։
4․ Սյուջիթ Դեսայ (Sujeet Desai)
Սյուջիթը տաղանդավոր երաժիշտ է, կարողանում է նվագել յոթ գործիք։ Նա դպրոցն ավարտել է 4,3 միջին բալով, ավարտել է նաև Հարավային Հեդլիում գտնվող Բերկշիր Հիլսի երաժշտական ակադեմիան (Մասաչուսեթս)։
Սյուջիթի կայքը
5․ Պաբլո Պինեդա (Pablo Pineda)
Պաբլո Պինեդան Իսպանիայից է, ստանալով համապատասխան կրթություն և լիցենզիա՝ աշխատում է որպես ուսուցիչ։ Մեծ հաջողությունների է հասել նաև որպես բանախոս՝ խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաների դաստիարակության խնդիրների մասին։ Պաբլոն «Yo, Tambien» (ֆիլմի ռուս․ տարբերակը՝ «Я тоже») ֆիլմում գլխավոր հերոսի կերպարն է մարմնավորել, նաև «El Reto de Aprender: Ninos con Capacidades Especiales (Manual para padres)» (գրքի ռուս․ տարբերակը՝ «Трудная задача – учиться: Дети со специальными образовательными потребностями. Инструкция для родителей») գրքի հեղինակն է։
6․ Ջոն Ֆրանկլին Սթիվենս (John Franklin Stephens)
Ջոն Ֆրանկլին Սթիվենսը հայտնի է որպես Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպան։ Նա շատ ոգեշնչող ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, ինչպես նաև ՄԱԿ-ում՝ մարդկությանը կոչ անելով փոխել իրենց անբարյացակամ վերաբերմունքը Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց հանդեպ։ 2016 թվականին նա Դաունի համախտանիշի համաշխարհային կազմակերպության կողմից Կվինսի Ջոունսի մրցանակ է ստացել հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած բացառիկ վաստակի համար։
7․ Կարեն Գաֆնի (Karen Gaffney)
Կարեն Գաֆնին Կարեն Գաֆնի հիմնադրամի հիմնադիր-նախագահն է։ Հիմնադրամը պայքարում է զարգացման խնդիրներ ունեցող մարդկանց ընտանիքում, դպրոցներում, աշխատանքի վայրերում ներառման համար։ Նա փոխում է հասարակության վերաբերմունքը՝ նրանց ուշադրությունը գրավելով հաշմանդամություն ունեցող անձանց բացառիկ ունակությունների վրա։
Կարենն ավարտել է Սուրբ Մարիայի ակադեմիան (Պորտլենդ, Օրեգոնի նահանգ) և երկու տարի ուսանելով Պորտլենդի քոլեջում ստացել գիտական աստիճան։ Նա տասը մղոն լողալով անցել է Տախո լիճը՝ ջրի 15 աստիճան Ցելսիուսի պայմաններում,որպեսզի Դաունի համախտանիշի ազգային կոնգրեսի համար գումար հավաքի և հասարակությանը ցույց տա, որ դաունի համախտանիշ ունեցող մարդիկ շատ բան կարող են անել։ Կարենը ճամփորդում է երկրով մեկ, հանդիպում տարբեր մարդկանց ու պատմում նրանց, թե ինչպես կարելի է հաղթահարել սահմանափակումները և ինչերի կարելի է հասնել դրական տրամադրվածության շնորհիվ։
8․ Մարկուս Սիկորա (Marcus Sikora)
Մարկուս Սիկորան 28-ամյա արվեստագետ է, որ ապրում է Օմախում (Նեբրասկայի նահանգ)։ Նա խաղացել է տեղի թատրոնում, գրել է մի գործողությամբ պիես, ելույթներով հանդես եկել ՄԱԿ-ում, ինչպես նաև Գլազգոյում (Մեծ Բրիտանիա) կայացած Դաունի համախտանիշի համաշխարհային կոնգրեսի ընթացքում։ Ազատ ժամանակ զբաղվում է իր առաջին գիրքը գրելով։
Մարկուսի կայքը
9․ Մեդելին Ստյուարտ (Madeline Stuart)
Մեդելին Ստյուարտը Ավստրալիայում ապրող մոդել է։ Նա մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին, ինչպես նաև Art Hearts, Style, Melange, Caspian Fashion նորաձևության շաբաթներին, հանդես է եկել Դուբայում անցկացվող ցուցադրություններին, Բիրմինգհեմում կայացած նորաձևության շաբաթին և շատ ու շատ այլ ցուցադրությունների՝ աշխարհով մեկ։
Մեդելինն իր սեփական պարի դպրոցն ունի Բրիսբենում, մասնակցում է Հատուկ օլիմպիադայի խաղերին և զուգահեռ հասցնում զարգացնել իր մոդելային գործունեությունը։ 2017 թվականի փետրվարին նա թողարկում է հագուստի սեփական բրենդը՝ «21 պատճառ Մեդելին ստյուարտից»։
Մեդելինի կայքը
10․ Ալան Տելեզ (Alan Tellez)
Ալան Տելեզը տաղանդավոր նկարիչ է Մեքսիկայից։ Նա նկարների մի քանի ցուցահանդես է ունեցել Մեքսիկո-սիթի և Տոլուկի թանգարաններում, Նյու Յորքում։ Տելեզն ամբողջ աշխարհում հայտնի դեսպան է (Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց իրավապաշտպան) և ելույթ է ունեցել ՄԱԿ-ում։
Ալանի կայքը
11․ Ջոն Կրոնին (John Cronin)
2016 թվականի դեկտեմբերին Ջոն Կրոնինը և նրա հայրը՝ Մարկ Կրոնինը, ստեղծել են «Ջոնի խելահեղ գուլպաները» առցանց խանութը։ Գաղափարը ծագել է այն բանից, որ Ջոնը սիրում է նորաձև գուլպաներ։
Ջոնը կոչված է երջանկություն տարածելուն, որի միջոցներից մեկը ունեցած բարին կիսելն է։ Նրա շահույթի հինգ տոկոսը փոխանցվում է Հատուկ օլիմպիադայի ծրագրին, որին ինքն էլ է մասնակցել։ Նրանց ընկերությունը նաև նվիրատվություններ է անում Դաունի համախտանիշի, աուտիզմի մասին իրազեկվածությունը բարձրացնող կազմակերպություններին և կրծքագեղձի քաղցկեղի բուժման ոլորտում հետազոտություններին։
Ջոնի կայքը
12․ Ջեյմի Բրյուեր (Jamie Brewer)
Ջեյմի Բրյուերը ամերիկացի դերասանուհի է։ Նրա ամենահայտնի դերը եղել է Ադելաիդայի կերպարի մարմնավորումը «Սարսափների ամերիկյան պատմություն» հանրահայտ շոույում։ Նա խաղացել է նաև կոմեդիաներում, մյուզիքլներում և դրամաներում։
Նա Դաունի համախտանիշ ունեցող առաջին մարդն է, որը արժանացել է Drama Desk մրցանակին։ Որպես լավագույն դերասանուհի՝ նա մրցանակ է ստացել նաև «Էմին և որբերը» թատերական բեմականացման ժամանակ խաղացած դերի համար։
Ջեյմին ելույթ է ունեցել նաև Տեխասի Կոնգրեսում՝ սենատորներին ներկայացնելով նահանգում հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքները։
13․ Բրիտանի Սկիավոն (Brittany Schiavone)
Բրիտանիի շահույթ չհետապնդող կազմակերպությունը՝ «Բրիտանիի հույսի զամբյուղները», Դաունի համախտանիշով ծնված երեխաների ծնողներին նորածնին անհրաժեշտ պարագաներով և տեղեկություններով զամբյուղ է տալիս։
Բրիտանիի էջը Ֆեյսբուքում
14․ Լորեն Պոտեր (Lauren Potter)
Լորեն Պոտերը դերասանուհի և պրոդյուսեր է, առավել հայտնի է հանրաճանաչ «Glee» շոուի ընթացքում Բեկի Ջեքսոնի դերը տանելով։ Խաղացել նաև այլ ֆիլմերում՝ «Guest Room» и «Mr. Blue Sky» և այլն։
2011 թվականին նախագահ Բարակ Օբաման նրան ընդգրկել է ինտելեկտուալ սահմանափակումներ ունեցող մարդկանց օգնության կոմիտեում, նա հաշմանդամություն ունեցող մարդկանց, կրթության ոլորտում և աշխատավայրերում նրանց ներառման հարցերի մասին խորհրդատվություն է անցկացրել Սպիտակ տանը։
Լորենը նաև հանրային բանախոս է և հայտնի է որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպան։
Լորենի էջը Ինստագրամում
15․ Անժելա Կովադոնգա Բախիլեր (Ángela Covadonga Bachiller)
Անժելա Կովադոնգա Բախիլերը իսպանուհի է, 2013 թվականի հունիսի 29-ից՝ Վալլադոլիդի քաղաքային դումայի անդամ և Ազգային կուսակցության անդամ։ Նա Դաունի համախտանիշ ունեցող առաջին մարդն է, որ Իսպանիայում դարձել է քաղաքային դումայի անդամ։ նա պայքարում է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավահավասարության համար։
16․ Ակիխիտո Օչի (Akihito Ochi)
Ակիխիտո Օչին ճապոնացի տաղանդավոր դաշնակահար է, որ սկսել է դաշնամուր նվագել ինը տարեկանից։ Իր առաջին կոնցերտը նվագել է տասը տարեկանում։
Աղբյուրը՝ nest.moscow
Թարգմանությունը՝ Լիլիթ Մուրադյանի

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.