Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Դաունի համախտանիշ ունեցող երեխաների զարգացման առանձնահատկությունները

Ընտանիքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ծնվելը՝ այդ թվում նաև Դաունի համախտանիշ ունեցող, որոշակի դժվարություններ է առաջացնում ծնողների համար, քանի որ նրանց զարգացումը մի շարք առանձնահատկություններ ունի: Ներկայացնենք դրանցից հիմնականները.

  • ընկալման աստիճանի նվազումը և հետաձգված արձագանքի ձևավորումը,
  • երեխայի սովորած նյութի յուրացման համար անհրաժեշտ են մեծ թվով կրկնողություններ,
  • նյութի ընդհանրացման ցածր մակարդակ,
  • եթե հմտությունը բավարար չի օգտագործվում, ապա այն մոռացվում է:

Նաև առկա է միաժամանակ մի քանի հասկացություններ կիրառելու չզարգացած ունակություն: Դա պայմանավորված է նրանով, որ.

Դաունի համախտանիշ ունեցող երեխան դժվարանում է, երբ անհրաժեշտ է նոր տեղեկությունները միացնել արդեն ծանոթ նյութին, տեղափոխել մի իրավիճակից մյուսը,

գործողությունների շղթայից բաղկացած խնդիրների կատարման դժվարություն,

Դաունի համախտանիշ ունեցող երեխան չի կարողանում ինքնուրույն նպատակ դնել և պլանավորել գործողություններ:

Տարբեր ոլորտներում երեխայի անհամաչափ զարգացումը (շարժողական, սոցիալական և հուզական), և ճանաչողական ոլորտի զարգացման հետ սերտ կապը հաճախ դժվարեցնում է այս երեխաների սոցիալականացման և ադապտացիայի գործընթացները: Դաունի համախտանիշ ունեցող երեխայի համար ամենահասանելին և մատչելին այն գործողությունն է, որը նա կատարում է մեծահասակին ընդօրինակելով կամ նրա հետ միասին:

Դաունի համախտանիշ ունեցող երեխաները սովորաբար ընկերասեր են, հնազանդ, շփվող: Նրանք կարողանում են սիրել, վիրավորվել, ամաչել, բայց միևնույն ժամանակ, լինում են համառ, զայրացած և որոշ դեպքերում գրգռված: Այս երեխաների մոտ ֆիզիկական զարգացումն ուշանում է: Նրանք սկսում են նստել, չոչ անել սովորական երեխաներից ավելի ուշ, նրանց շարժողական հմտությունները կատարյալ չեն: Կարևոր է կյանքի առաջին տարվա ընթացքում սկսել զարգացնող վարժությունները և այս երեխաների շարժողական ոլորտի զարգացմանն ուղղված հատուկ պարապմունքներ իրականացնել: Սա կօգնի նվազագույնի հասցնել զարգացման հապաղումը: Զգայական ընկալման խանգարումը կապված է հաճախակի հանդիպող տեսողական և լսողական խանգարումների հետ: Դաունի համախտանիշ ունեցող երեխաների զարգացման սկզբնական մակարդակները տարբեր են լինում, և դրանց զարգացման տեմպերը նույնպես կարող են զգալիորեն տարբերվել: Չնայած Դաունի համախտանիշ ունեցող երեխաների զարգացման հապաղմանը, այս երեխաներն ունեն ուժեղ կողմեր՝ տեսողական ընկալման պահպանվածություն և ուշադրությունը մանրուքների՝ երկրորդական երևույթների նկատմամբ: Այս երեխաները տիրապետում են լավ ընդօրինակելու և դիտարկելու ունակությանը: Դաունի համախտանիշ ունեցող երեխան սովորում է մեծահասակների և հասակակիցների օրինակից:

Գեղարվեստական ունակություն: Այս երեխաները սիրում են պարել, երգել, ելույթ ունենալ, նկարել: Հետևաբար՝ արտթերապիան իր տարբեր ոլորտներով, ինչպիսիք են՝ նկարչությունը, բեմականացումները, պարը և այլն, լայնորեն կիրառվում է դրանց զարգացման համար:

Սպորտային նվաճումներ: Պարալիմպիկ խաղերում հիանալի արդյունքներ են ձեռք բերում լողորդները, մարմնամարզիկները և ատլետները: Հետևաբար, ծնողները պետք է ուշադրություն դարձնեն այս երեխաների ֆիզիկական դաստիարակությանը և կարևորեն այն:

Դաունի համախտանիշ ունեցող երեխաները շատ զգացմունքային են: Նրանք կարողանում են զգալ ուրիշների տրամադրությունը և զգացմունքները, պատրաստ են հուզային աջակցություն տրամադրել, այս երեխաներից շատերը լավ տիրապետում են համակարգչին: Համակարգչային հմտությունները կարող են լինել ապագա մասնագիտության հիմքը:

 

Թերեզա Ազատյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.