Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որ քրիստոնյային ուղղորդում են օրհնաբեր ապաշխարությամբ վարելու աստվածապարգև կյանքը: Ս. Հովհան Ոսկեբերանի խոսքերով ինչպես թռչունը չի կարող թռչել առանց թևերի, այնպես էլ հնարավոր չէ պահք պահել առանց այս երկու թևերի՝ աղոթքի և ողորմածության. «Նայի՛ր Կոռնելիոս հարյուրապետին, ինչպես էր նա պահքի հետ միասին այս թևերը կրում: Այդ պատճառով նրան լսելի եղավ երկնային ձայնը, որ ասում էր՝ Աստված ընդունեց քո աղոթքներն ու քո կատարած ողորմությունները» (Գործք Առաք. 10:4-5):
Եկեղեցին զորեղ է, երբ նրա անդամներն իրենց կյանքում որդեգրել են ճշմարիտ պահեցողության ընթացք: Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտին նախորդող շաբաթապահքի ընթացքում՝ հունիսի 15-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Աբրահամյան Գայանեին (45 տ.) փոխանցեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ հերթական անգամ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Գայանեն իր երկու զավակների՝ Նոնայի (7 տ.) և Գոռի (5 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Եղիշե Թադևոսյան 10 շ. 40 բն. հասցեում: Ընտանիքի հայրը յոթ տարի է, ինչ Ռուսաստանի Դաշնություն է մեկնել արտագնա ախատանքի, բայց առողջական և այլ խնդիրների պատճառով չի կարողանում վաստակել և օգնել ընտանիքին: Կարիքավոր ընտանիքը երեխաների հաշմանդամության և ընտանեկան նպաստների գումարներով չի կարողանում հոգալ իր նվազագույն կարիքները:
«Աղջիկս Դաունի համախտանիշով է ծնվել, իսկ տղաս՝ սրտի արատով: Գոռն առ այսօր երկու սրտի վիրահատություն է ունեցել, այժմ նրա վիճակը կրիտիկական է և երրորդ վիրահատության կարիքը կա: Իսկ Նոնան հիշողության և խոսքի հետ կապված խնդիրներ ունի: Ֆինանսական խնդիրների պատճառով չեմ կարողացել Նոնային ժամանակին համապատասախան մասնագետների մոտ տանել: Այս տարի Նոնան կրկին անգամ առաջին դասարան կգնա, երեխային հատուկ դպրոց չեմ տանում, նա սովորում է Երևանի թիվ 144 դպրոցում: Վերջերս աղջիկս անգինայով հիվանդացավ, ինչի հետևանքով նրա քթի մեջ երրորդ կարգի ադենոիդ առաջացավ, որը դեռ չեն կարող վիրահատել, քանի որ բորբոքային պրոցեսը դեղորայքային բուժմամբ այլ խնդիրներ ստեղծեց և այժմ աղջիկս ավանդական բուժում է ստանում »,- ասաց Գայանեն և իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, աջակից անձին և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնին, որ հետայսու, Տեր Հոր միջնորդությամբ, զբաղվելու է Նոնայի բուժհետազոտության և բուժման հետ կապված խնդիրներով:
Դաունի համախտանիշ ունեցող բոլոր երեխաների համար ասում են, որ նրանք սիրո համախտանիշ ունեն և արև երեխաներ են և իրապես Նոնան՝ արև աղջնակը, ինչպես պատմում է մայրը, իր շուրջն իր անմիջականությամբ սեր և ուրախություն է ճառագում, նա սիրում է երգել ու պարել:
Կարինե Սուգիկյան