Աստված Իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, հավիտենական կյանք ունենա (Հովհ. 3:15): Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, աստվածային սիրո մարմնացումն է, Ով, երկնավոր Հորը դիմելիս, ասաց. «Այն փառքը, որ դու Ինձ տվեցիր, Ես տվեցի նրանց, որպեսզի մի լինեն, ինչպես որ Ես և Դու մի ենք: Ես լինեմ նրանց մեջ, և Դու՝ Իմ մեջ, այնպես որ նրանք կատարելապես մի լինեն, որպեսզի աշխարհը գիտենա, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ, և Ես սիրեցի նրանց, ինչպես որ Դու Ինձ սիրեցիր» (Հովհ. 17:22-23): Ըստ հայրաբանության՝ Աստված մարդացավ Իր մարդասիրությամբ, իսկ մարդն աստվածանում է իր աստվածսիրությամբ: Աստծո և մարդու հանդեպ զոհաբերվող սեր ունեցողը լիարժեքորեն դրսևորում է իր անհատականությունը, այսինքն՝ կարողանում է լիարժեք ապրել, իսկ ապրել նշանակում է տալ և ոչ թե վերցնել: Կյանքի իմաստը տալու մեջ է, ինչի վառ օրինակը հանդիսացավ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս. Նա հանուն մարդկության փրկության Իր կյանքը տվեց: Քրիստոսի հետևորդն այս կերպ է ընդունում կյանքը, նա իր ողջ կյանքի ընթացքում ձգտում է աստվածային սիրով ապրել և անդադար ուսանել Իր Փրկչից. ուսանել միակ և ամենագլխավոր առարկան՝ սերը:
Քրիստոսի մարմինը հանդիսացող եկեղեցին այն վայրն է, որն օգնում է իր Մարմնի անդամներին ուսանել և գործնականորեն արտահայտել կյանքի միակ և ամենագլխավոր առարկան՝ սերը: Սեպտեմբերի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մանուկյան Աննային (30 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Աննան իր ամուսնու, նրա ծնողների և երկու զավակների հետ բնակվում է ք. Էջմիածնի Չարենցի 27/60 հասցեում: Ընտանիքի ավագ դուստրը՝ Աշխենը (8 տ.), Դաունի համախտանիշ ունի, նա արդեն երկու տարի է, որ մեծ սիրով հաճախում է Էջմիածնի Հայ Միասնության Խաչի Մաչանենց արվեստաց դպրոցի կավագործության դասարան: Ընտանիքի մայրը նշեց, որ իրենք ֆինանսական խնդիրներ ունեն, քանի որ ամուսինը մշտական աշխատանք չունի և միայն սկեսրայրն է աշխատում: «Աղջիկս՝ Աշխենը, վահանաձև գեղձի հետ կապված խնդիր ունի, և ես դժվարանում եմ նրան երկու ամիսը մեկ վճարովի հետազոտության տանել»,- ասաց Աննան և շնորհակալություն հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին:
Կարինե Սուգիկյա