Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Երբ ընդարձակվում է սիրո շրջանը

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է աջակցել Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Նոյեմբերի 26-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Անահիտին (33 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի նորաստեղծ ընտանիքներից Դավիթ և Սաիդա Սիրադեղյանները: Նորաստեղծ այս ընտանիքն, ընդարձակելով սիրո իր շրջանը, օգնության ձեռք մեկնեց Աբաջյան կարիքավոր ընտանիքին, ուր մեծանում է Դաունի համախտանիշ ունեցող արև Նարեկը (7տ):

Նարեկն իր մայրիկի՝ Անահիտի հետ էր եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Փոքրիկին մեծ ուրախություն էր պատճառել Տեր Գրիգորի հետ ծանոթացումը: Արև Նարեկն իր ծնողների, տատիկի, պապիկի, եղբոր ու քրոջ հետ բնակվում է Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 11 փ. 11 տ. հասցեում: Նա սովորում է Լենուղու հանրակրթական դպրոցի առաջին դասարանում, սիրում է երգել ու պարել:

Աբաջյան ընտանիքից ոչ ոք չի աշխատում, ընտանիքն իր նվազագույն կարիքները փորձում է հոգալ հողագործությամբ, նաև ընտանեկան նպաստի, Նարեկին և նրա տատիկին ու պապիկին տրամադրվող թոշակների միջոցով: Անահիտն իր երախտագիտությունը հայտնեց աջակից Սիրադեղյան ընտանիքին և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնին, որի միջոցով փոքրիկ Նարեկն անցնելու է մի շարք բուժհետազոտություններ:

Եկեղեցական արարողություններին ու համայնքային կյանքին մասնակից Սիրադեղյան ընտանիքը, բարեկամ և խորհրդատու ունենալով Տեր Գրիգորին, իր համար կյանքի կարևորագույն ուղենիշ է համարում կյանքի գիրքը՝ Աստվածաշունչը, որ հորդորում է և ասում. «Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզնից, կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրա, և դու շնորհ կգտնես» (Առակ. 3:3): Հոգով և մարմնով միավորված քրիստոնյա ամուսիններն, իրենց հայացքը դեպի Երկինք ուղղելով, միմյանց և մերձավորին օգնելով, անցնում են դեպի Աստված, դեպի հավիտենական կյանք տանող ուղիով:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.