Սեպտեմբերի 23-ին՝ Կոմիտաս վարդապետի ծննդյան օրվան ընդառաջ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ» երաժշտական թերապիայի խմբակի սաները, իրենց ծնողների և խմբակի գեղարվեստական ղեկավար, երաժշտական թերապիստ Մանուշ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:
Մոտ երկու տարի է, ինչ գործում է «Արևային զանգակներ» երաժշտական թերապիայի խմբակը, որի հիմնական ծրագիրը, ինչպես նշեց գեղարվեստական ղեկավարը, Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ ստեղծագործություններն են. «Շատ կարևոր էր, որ Կոմիտասի երգերին հաղորդ դարձած մեր արևներն այցելեին Կոմիտասի թանգարան»:
Արևներին մեծ հետաքրքրություն պատճառեց շրջայցը, Կոմիտասի կատարմամբ հնչող երգերի ներքո նրանք մեծ ուշադրությամբ լսում էին վարդապետի կենսագրությունը, նրա կյանքի հիշարժան պատմությունները և ծանոթանում թանգարանում ներկայացված ցուցանմուշներին: Շրջայցի ընթացքում արևներն իրենց հուզող հարցերն էին ուղղում գիդ-էքսկուրսավարին:
Շրջայցի ավարտին թանգարան-ինստիտուտի բակում արևները զանգակներով հնչեցրին կոմիտասյան երգերի շարանը՝ «Կաքավիկ», «Շողեր ջան», «Երկինքն ամպել է», «Անձրև եկավ» և «Էս առուն ջուր է գալիս»: Նրանց կատարումները կոմիտասյան շնչով հագեցրին բակը, ուր վարդապետի «Չինար ես» երգը խորհրդանշող չինարի ծառն էր և Փարիզի Երևանյան զբոսայգու վարդապետի քանդակի մանրակերտը:
Նշենք, որ այս տարի՝ մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ, արևներն իրենց լավագույն բարեկամ և մշտական աջակից, ամերիկաբնակ Կարեն Վարդանյանից նվեր էին ստացել պրոֆեսիոնալ զանգակներ: «Պրոֆեսիոնալ զանգակներով, սովորաբար, նվագում են պրոֆեսիոնալ երաժիշտները,- ասաց «Արևային զանգակներ» երաժշտական թերապիայի խմբակի գեղարվեստական ղեկավար, երաժշտական թերապիստ Մանուշ Հարությունյանը և մատնանշեց, որ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս ոչ պրոֆեսիոնալ կազմով միայն «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաներն են հանդես գալիս. «Զանգակները մենք նախատեսել էինք երաժշտական թերապիայի համար, բայց արևների հետ քրտնաջան աշխատանքի ընթացքում հասկանալի դարձավ, որ հնարավոր է հասնել նաև պրոֆեսիոնալ հարթակի: Հետաքրքիր է այն, որ երաժշտական թերապիան, որ նախատեսել էինք արևների համար, իրենք են իրենց համար անցկացնում, իսկ երաժշտական թերապիան շատ կարևոր է հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար, այն զարգացնում է երեխաների էմոցիոնալ ինտելեկտը և նոր հմտություններ ի հայտ բերում, ինչի շնորհիվ երեխաները սկսում են ոչ միայն հասկանալ իրենց զգացումները, այլ երաժշտությամբ այն արտահայտել: Այսինքն՝ արևները մասնակցում են ակտիվ երաժշտական թերապիայի, ինչի շնորհիվ հեշտանում է թե՛ իրենց և թե՛ իրենց ծնողների կյանքը: Ես ակնկալում եմ, որ մենք շատ շուտով ինքներս ենք երաժշտական թերապիա իրականացնելու հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար: Կոնկրետ իմ պրակտիկայի ընթացքում ես հասկացա, որ արևները շատ ավելին կարող են, քան մենք ենք պատկերացնում»:
Արևների հաջորդ ելույթը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, «Արևային զանգակներ»-ը «Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնի հատուկ հրավերով Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում մասնակցելու են փառատոնի փակման համերգին:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։