Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Հովնան Սրբազանի այցը «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոն

Հովնան Սրբազանի այցը «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոն

Նոյեմբերի 2-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնը հյուրընկալել էր Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանին: Սրբազան Հորն ուղեկցում էին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Արդեն երկրորդ տարին է, որ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը, առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանի օրհնությամբ, մեծ աջակցություն է ցուցաբերում «Արև-երեխաներ» ՀԿ-ին՝ դառնալով արև երեխաների բարեկամն ու ընկերը:

«Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սրբազան Հայրերին ներկայացրեց, թե ինչ ծառայություններից են օգտվում կենտրոն հաճախող արև երեխաները, ինչպիսի աշխատանքներ են իրագործվել և ինչ նոր ծրագրեր են նախատեսվել կյանքի կոչել: Հովնան Սրբազանի հանդիպումն ու զրույցը արև երեխաների, նրանց ծնողների և ՀԿ-ի աշխատակիցների հետ անցավ ջերմ ու մտերմիկ:  Արև-երեխաներ» ՀԿ իր այցելության և տպավարության մասին Հովնան Սրբազանն ասաց. «Յուրաքանչյուր հայ մարդ գոնե մեկ անգամ պետք է այցելի «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոն՝ տեսնելու համար, թե ճշմարիտ հավատավոր անձանց կողմից արված ջանքերի շնորհիվ ինչ խնամք և հոգածություն է ցուցաբերվում արև երեխաներին: Հայ հոգևորականին պատիվ բերող առաքելություն է, որ կիրականացնի Տեր Գրիգորը՝ իր ուսերին կրելով կենտրոնի թե՛ տնտեսական, թե՛ վարչական և թե՛ կազմակերպչական ողջ գործունեությունն ու պատասխանատվությունը: Դաունի համախտանիշ ունեցող երեխաները պետք է վայելեն բոլորիս սերն ու հարգանքը: Բավական է միայն այցելենք իրենց և մեր հոգու պարտքը կատարենք նվիրական այս առաքելության հանդեպ: Ցանկանում եմ կրկնել իմ մտածումը, որ ծառայողական կյանքը աղոթքին համազոր երևույթ է»:

Հանդիպման ավարտին Տեր Գրիգորն իր և արև երեխաների անունից   որդիական խոնարհումը բերեց ու շնորհակալություն հայտնեց Հովնան Սրբազանին՝ համագործակցության և տարիների աջակցության ու օրհնության համար և մաղթեց, որ երկնային Տերը արևների սիրելի Սրբազանին պարգևի երկար տարիների քաջառողջ կյանք, անսպառ ուժ և արդյունաշատ ծառայություն:

 

Կարինե Սուգիկյան