Հունվարի 11-ին «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանի հյուրընկալ հարկի ներքո «Արև-երեխաներ» ՀԿ-ի 55 սաներ մասնակցեցին ամանորյա ուրախ ցերեկույթի՝ FLY բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Մինչ միջոցառումը արևներն ու նրանց ծնողները, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, «Տերունական աղոթք»-ն ասացին: Տեր Հայրը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի անունից ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ ու օրհնություն փոխանցեց արև երեխաներին և նրանց ծնողներին: Այնուհետև Տեր Գրիգորն անդրադարձավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի մեկուկես տարվա գործունեությանը, ձեռք բերված հաջողություններին և դրանց մեջ իր դերն ունեցող FLY բարեգործական հիմնադրամին: Տեր Հայրը «Արև-երեխաներ» ՀԿ-ի անձնակազմի, սաների ու ծնողների անունից շնորհակալություն հայտնեց հիմնադրամին՝ վստահ լինելով, որ հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակական կլինի:
Հյուրասիրությունից հետո արև երեխաների ջերմ աշխարհին ուրախություն պարգևեցին մուլտհերոսներ Մաշան, Արջը, Տրանսֆորմեր բամբլին, իսկ ծաղրածու Շպունծիկը գնդակների, օղակների, պարանի և հեծանիվի միջոցով յուրօրինակ խաղեր ու հնարքներ էր ցույց տալիս՝ մասնակից դարձնելով երեխաներին ու նրանց ծնողներին: Այնուհետև երեխաների ուրախությունը կրկնապատկեցին Ձմեռ Պապն ու Ձյունանուշը, որ երեխաներին փոխանցեցին նվերներ՝ FLY բարեգործական հիմնադրամի կողմից պատրաստած: Տոնական տորթը եզրափակեց տոնական միջոցառումը: Ամանորյա միջոցառման ջերմ ու հեքիաթային մթնոլորտը անմոռանալի և բարձր տրամադրություն պարգևեց արև երեխաներին:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։