Մարտի 22-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի պատմության թանգարանը հյուրընկալեց «Արև երեխաներ» ՀԿ-ի սաներին ու նրանց ծնողներին՝ հատուկ կրթական և մշակութային ծրագրով։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ մասնակից եղան թեմատիկ շրջայցին՝ ծանոթանալով Երևանի քաղաքի պատմական հարուստ անցյալին: Էքսկուրսավարի կիրառած ինտերակտիվ մեթոդի շնորհիվ արևները հանգամանորեն ծանոթացան Երևան քաղաքի հին եկեղեցիների, քաղաքային կենցաղի, արհեստների և մշակութային այլ արժեքավոր նմուշներին:
Այնուհետև արևները դիտեցին «Խաղարան» ինետերակտիվ տիկնիկային թատրոնի բեմադրած «Շա՜տ սոված թրթուրը» մանկական ներկայացումը, որ երեխաների համար յուրահատուկ մի կրթարան էր՝ առողջ ապրելակերպի և ճիշտ սնվելու մասին: Արևները նեկայացումը դիտեցին անմիջական, ուրախ ու խաղային մթնոլորտում:
Շրջայցը պատմության թանգարան արևների համար յուրահատուկ հայրենասիրական մի դաս էր, քանի որ երեխաները հաղորդ դարձան իրենց հարազատ քաղաքի պատմությանն ու մշակույթին: Թանգարանն իր ծրագրերում, կարևորելով ներառականությունը, հավասար պայմաններ էր ապահովել արև երեխաների համար՝ նվիրելով նրանց անմոռանալի և բովանդակաշատ մի օր:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։