Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արև երեխաների ջերմագին շնորհավորանքը բժիշկ Արմեն Չարչյանին

Արև երեխաների ջերմագին շնորհավորանքը բժիշկ Արմեն Չարչյանին

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ՝ շուրջ երկու տարի է, ինչ Երևան քաղաքում գործում է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որ զբաղվում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների առողջության և զարգացման հիմնախնդիրներով: Գործունեության այս կարճ ընթացքում «Արև-երեխաներ» ՀԿ-ին իրենց աջակցությունն են բերել մի շարք անհատներ և կազմակերպություններ՝ դառնալով արև երեխաների ընկերներն ու բարեկամները: Սիրով և ջերմությամբ շրջապատված արևները չեն զլանում սիրով ու ջերմությամբ պարուրել իրենց հավատարիմ ընկերներին ու բարեկամներին: Փետրվարի 1-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգորը փոքրիկ Մոնթեի հետ արև երեխաների անունից շնորհավորեցին իրենց սիրելի բարեկամ՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ: Բժիշկ Արմեն Չարչյանի համար աշխատանքային օրն սկսվեց հաճելի անակնկալով. Մոնթեն բժշկին նվիրեց սրբանկար և իր լուսավոր ներկայությամբ երջանիկ ու լուսավոր պահեր պարգևեց բժշկին: Արմեն Չարչյանն իր ուրախությունը հայտնեց՝ նշելով, որ արև երեխաների նվերն իր կյանքի ամենամեծ նվերներից մեկն է: Տեր Գրիգորը, շնորհավորանքի և երախտիքի խոսք ուղղելով բժշկին, ասաց. «Ձեզ անձամբ ճանաչելու ուրախությունն ունենք և ձեր մեջ տեսել ենք մեր արևների հանդեպ խոր ու անկեղծ սեր: Արև երեխաներին օգնության ձեռք մեկնող առաջին բարեկամներից մեկն եք, աղոթում ենք, որ Բարձրյալը շնորհի ձեզ առողջ և օրհնառատ կյանք՝ երջանկությամբ լեցուն»:

Բժիշկ Արմեն Չարչյանի և արև երեխաների միջև ձևավորվել է ամուր բարեկամություն, որը անկեղծ սիրո բարձրագույն դրսևորումն է: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի բնորոշմամբ՝ սերը մարդու ճառագայթումն է, որ անդրադարձնում է Արարչին: Սերը Աստծո հանդեպ մեր պարտքն է, ոը կարող ենք Նրան վերադարձնել միայն ուրիշների նկատմամբ մեր սիրով:

Կարինե Սուգիկյան