Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արև երեխաների ծաղկազարդյան տոնախմբությունը

Արև երեխաների ծաղկազարդյան տոնախմբությունը

Հայ եկեղեցու տոներից Ծաղկազարդը առանձնահատուկ տոն է երեխաների համար: Ավետարանական պատմությունը նշում է մի հրաշքի մասին, որ մարդկության ողջ պատմության ընթացքում միայն մեկ անգամ է տեղի ունեցել: Այդ հրաշքը տեղի ունեցավ, երբ Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ, և կատարվեց սաղմոսերգուի կանխասացությունը՝ նորածինները սկսեցին խոսել և փառաբանել Աստծուն բոլորին հասկանալի լեզվով: Տարիներ շարունակ Ծաղկազարդի տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Եվ ամեն տարի այս տոնի օրը երեխաների մաքուր աշխարհը հաղորդ է լինում ավետարանական այս պատմությանն ու օրհնությանը՝ իր մաքուր ու ջերմ աղոթքները վերառաքելով առ Տեր:

Այս տարի Հայ եկեղեցին Ծաղկազարդը նշեց ապրիլի 13-ին, և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի ջանքերով տոնը երեխաների համար վերածվել էր տոնախմբության: Ծաղկազարդյան ուրախ տոնախմբությանն իրենց մասնակցությունն էին բերել նաև «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաները: Նախ նրանք մասնակից եղան երեխաների օրհնության կարգին, ապա մուտք գործեցին Նոյյան տապան, ուրախություն ապրեցին Նոյի և նրա կնոջ՝ Նոյեմզարի հետ ծանոթությունից և լսեցին Նոյեմզարի կարևոր պատգամները՝ որպես Նոյի ժառանգորդներ Աստծու խոսքը լսելու և եկեղեցի հաճախելու մասին: Արև երեխաները նաև տարբեր տաղավարներում գունազարդում էին տոնի վերաբերյալ նկարներ, Նոյի մասին շարժապատկերներ էին պատրաստում, իսկ ավելի փոքրիկները գունավոր կավիճներով էին նկարում կամ ավազի հետ խաղում: Այնուհետև արևների ուրախությունը կրկնապատկեցին տոնական տորթը և «Մարտին Սթար» ՍՊԸ-ի համեղ նվերները: Իսկ նրանց տոնական օրը եզրափակեցին  մուլտհերոսներն իրենց խաղերով, երգ ու պարով:

Երեխան Քրիստոսի մասին պետք է սովորի ոչ միայն պատկերազարդ Աստվածաշնչից, այլ իրեն շրջապատող մարդկանց, ընտանիքի անդամների մտածելակերպից, ապրելակերպից և փոխհարաբերություններից։ Եթե երեխան այդ կերպ ճանաչի Քրիստոսին, ապա Տերը իր ողջ կյանքում կդառնա իրեն հոգեհարազատ մեկը:  Քրիստոնեական դաստիարակությունը կայանում  է երեխայի հոգին չարից ու մեղքից պաշտպանելու և այն Աստծո տաճար դարձնելու մեջ, որպեսզի երբ երեխան հասակ առնի, լինի Աստծու զավակ, եկեղեցու և ծնողների ուրախություն, հույս և մխիթարություն:

 

Կարինե Սուգիկյան