Սեպտեմբերի 4-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակները» Սաղմոսավանքի բակում մասնակցեցին հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին:
Փառատոնին ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և այլ հյուրեր: Երկրորդ տարին է, ինչ անցկացվում է «Ճախրուկ» փառատոնը, որ կյանքի է կոչվել Աննա և Անահիտ Մխիթարյանների կողմից, որի անվանումն, ըստ իրենց մեկնաբանության, հետևյալ խորհուրդն ունի. «Յուրաքանչյուրն իր մեջ բարին արարելու ուժ ունի, բայց երբեմն այդ ուժը քնած է մարդու մեջ, իսկ ճախրուկն այդ ուժն արթնացնելու և թռիչքի պատրաստելու խորհուրդ է կրում»:
«Ճախրուկ» փառատոնը հետևյալ կարևոր ուղերձն է հղում հանրությանը՝ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք», այն մի շարք կարևոր հարցեր է վեր հանում և միաժամանակ լուծումներ տալիս, այն է՝ բացահայտել հատուկ կարիքներ ունեցող անձանց երաժշտական տաղանդը, աշխարհի տարբեր երկրներում ապրող նմանատիպ յուրահատկություններով օժտված մարդկանց համախմբել մեկ վայրում՝ Հայաստանում, նմանատիպ անձանց հնարավորինս ներգրավվել սոցիալական, մշակութային կյանքին, յուրաքանչյուր մասնակցի երազելու, և երազանքն իրականացնելու թևեր տալ: Փառատոնը նաև հնարավորություն է տալիս մասնակիցներին ծանոթանալու միմյանց մշակույթին, փորձի փոխանակում և նոր ծանոթություններ ու ընկերներ ձեռք բերել:
«Արևային զանգակները» փառատոնին հանդես եկան Շնորհալու «Առավոտ լուսո», Կոմիտասի «Չինար ես» և «Քելե-քելե» կատարումներով: Հնարավոր չէր չնկատել նրանց ուրախությունն ու ոգևորությունը: Այդ ուրախությունն էին ապրում նաև փառատոնի մյուս մասնակիցները՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Մանկան տուն» մանկատան երեխաները, «Մայրի» սոցիոմշակութային կենտրոնի գեղարվեստական խումբը, ՌԴ Սերգիև Պոսադի խուլ և կույր երեխաների «Семейний центр» տուն-ինտերնատի «Преодоление» երաժշտախմբը և Свердловский մարզի Верх Нейвинцкий ավանի «Благое дело» հասարակական կազմակերպության «Нейва» երաժշտախումբը: Փառատոնի բոլոր մասնակիցները բացի իրենց ազգային երաժշտությունը ներկայացնելուց հանդիսացան ուժի, կամքի և նպատակասլացության մեծ օրինակ: Մասնակից երեխաներն ու շատ հյուրեր իրենց հոգու թռիչքը պատկերեցին նաև «Ճախրուկ» կտավին: Նկատելով մասնակից երեխաների խանդավառությունը՝ կարելի է ասել, որ փառատոնի կազմակերպիչները հասել են իրենց նպատակին:
Փառատոնի ավարտին «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին և մյուս մասնակից խմբերի ղեկավարներին շնորհվեցին ճախրուկի խորհրդանիշներ:
«Ճախրուկ» փառատոնը ևս մեկ անգամ ներկաների ուշադրությունը սևեռեց այն կարևոր հանգամանքին, որ անկախ իր մտավոր ու ֆիզիկական հնարավորություններից, յուրաքանչյուր մարդ ունի հավասար իրավունքներ և իրենց առանձնահատուկ կարողությունները հասարակությունից դուրս մնալու պատճառ չպետք է դառնան:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։