Հոկտեմբերի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ» համույթը, «Ողջույն ձեր նոր կյանքին» խորագրի ներքո, երաժշտական թերապիա անցկացրեց արցախցի երեխաների համար: Արևներն իրենց զանգակներով անմիջապես հետաքրքրություն արթնացրին արցախցիների մոտ: Նրանք վայելեցին «Արևային զանգակներ»-ի ջերմ կատարումները, ապա գեղարվեստական ղեկավար Մանուշ Հարությունյանի առաջարկով փորձեցին կռահել արևների կատարումները: Առաջարկը ոգևորեց նրանց, իսկ կռահողները խրախուսվեցին նվերներով: Երաժշտաթերապիայի հաջորդ ոգևորիչ պահը արցախցի երեխաների համար այն էր, որ իրենք արևների հետ միասին սկսեցին զանգակներով նվագել: «Արևային զանգակներ»-ի կողմից նախաձեռնած երաժշտաթերապիան արցախցի երեխաների համար հասավ իր նպատակին. այն բոլորի սրտերը պարուրել էր ուրախությամբ, սիրով ու ջերմությամբ:
Երաժշտաթերապիայի ավարտին “Спеши к добру” բարեգործական հիմնադրամը թե՛ արևներին և թե՛ արցախցի երեխաներին քաղցրավենիքի փաթեթներ նվիրեց, իսկ երաժշտական թերապիային արևային ջերմություն ու սեր սփռող արևներին նաև՝ արևածաղկի փնջեր:
Երեք տարի առաջ արևների սիրելի բարեկամ, ամերիկաբնակ բարերար Կարեն Վարդանյանի կողմից «Արև-երեխաներ» ՀԿ-ին նվիրաբերած պրոֆեսիոնալ զանգակներով ձևավորվեց «Արևային զանգակներ» երաժշտական թերապիայի խմբակը: «Արևային զանգակներ»-ն աշխարհում առաջինն են, որ ելույթ են ունենում զանգակներով: «Արևային զանգակներ»-ի յուրաքանչյուր փորձը երաժշտական թերապիա է իրենց համար, իսկ այն որ երաժշտական թերապիայի խմբակը երաժշտական թերապիա անցկացրեց արցախցի երեխաների համար, ևս մեկ անգամ փաստեց, որ արևները կարող են:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։