Հոկտեմբերի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրավերով «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ» համույթը համերգային ծրագրով հանդես եկավ փոքրերի համար նախատեսված համերգին, որ կրում էր «Ողջույն ձեր նոր կյանքին» խորագիրը: Թանգարան-ինստիտուտն այս անգամ հյուրընկալել էր Լոռու մարզի Ախթալա համայնքի դպրոցականներին: «Արևային զանգակներ»-ը (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Հարությունյան) ինտերակտիվ երաժշտական թերապիա անցկացրին երեխաների համար՝ բազմաձայն կատարելով կոմիտասյան աշխարհիկ երգերը: Արևները՝ որպես երաժշտաթերապևտներ, ներգրավեցին երեխաներին՝ նրանց ուսուցանելով կոմիտասյան երգերից «Կաքավիկ»-ը: Մեծ անակնկալ և ուրախություն ապրեցին դպրոցականները, նաև ուսուցիչները, երբ արևների հետ սկսեցին նվագել իրենց համար անծանոթ երաժշտական գործիքներով՝ զանգակներով: Այնուհետև դպրոցականները փորձում էին կռահել, թե ինչ երաժշտություն էին նվագում արևները: Համերգից հետո դահլիճում շարունակում էր թևածել ժպիտը, ջերմությունը և ուրախությունը. արևները ծանոթանում էին դպրոցականների հետ, նրանց հետ լուսանկարվում:
«Արևայն զանգակներ»-ի հերթական ելույթը երեխաների մեջ արմատավորեց սերը դեպի ազգային երգն ու երաժշտությունը, ձևավորվեց ազգայինն արժևորելու և պահպանելու գիտակցումը:
Հայ մեծագույն արվեստագետ և կոմպոզիտոր Կոմիտասը երեխաների ազգային դաստիարակության հարցում նշանակալի է համարել մանկական երգեցողությունն ու պարը, ինչը միաժամանակ երեխայի մեջ պայաքարող ոգի է ձևավորում: Նա նշել է. «Զգացումներն ինչ ուղղությամբ որ ընթանան, երգն ու պարն ալ նույն արտահայտությամբ երևան կուգան: Արդ կրնա ըմբռնվիլ, թե որքան կարևոր են մանուկին դաստիարակության մեջ երգեցողության ընծայվելիք հոգածությունն ու պարտավորությունը»:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։