Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Արևի» թատրոնը դիտեց  ինքնաճանաչողության մասին ֆիլմ

«Արևի» թատրոնը դիտեց  ինքնաճանաչողության մասին ֆիլմ

Հուլիսի 16-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևի» թատրոնի սաներն ու նրանց ծնողները, «Արվեստը՝ զարգացման ուղի» ծրագրի շրջանակում, դիտեցին «Ո՞ւր ես կորել Բերնադետ» ֆիլմը:

Ֆիլմի դիտումից հետո «Արևի» թատրոնի գեղավեստական ղեկավար Արևիկ Յայլոյանը լսեց ծնողների կարծիքը ֆիլմի վերաբերյալ, ապա տեղի ունեցավ քննարկում այն կարևոր խնդիրների շուրջ, որ վեր էր հանել ֆիմը: Անդրադարձ կատարվեց մարդուն տրված շնորհների մասին, թե ինչ է լինում, երբ մարդ դրանք չի գործածում, ճնշում է կամ մոռացության մատնում, քննարկում տեղի ունեցավ նաև մարդու կյանքում ընտանիքի դերի և ստեղծագործական կյանքի մասին. «Յուրաքանչյուր անձ ստեղծված է Աստծու պատկերով ու նմանությամբ և յուրաքանչյուրին Տերը պարգևել է շնորհներ, որ անհրաժեշտ է գործածել: Ամեն անձ ունի ստեղծագործելու, արարելու կարիք: Եվ մարդ կարող է անգամ փոքրիկ գործերում իրեն հնարավորություն տա՝ զգալու արարելու հաճույքը: Ամուսնությունը, ընտանիքը կազմելը, ծնող դառնալը չի նվազեցնում մարդուն որպես անձ, այսինքն՝ չի նշանակում, որ կինը պետք է տարրալուծվի իր ամուսնու և երեխաների մեջ: Բերնադետն այնքան էր տարրալուծվել առօրյայում, որ իր մոտ հոգեբանական խնդիրներ էին առաջ եկել, քանի որ ինքը չէր զբաղվում իր սիրելի գործով, բոլորի հետ վիճաբանության մեջ էր մտնում, չէր շփվում մարդկանց հետ: Իսկ երբ մարդն ինքն իրեն կարգի է բերում, կարողանում է տեսնել իր խնդիրները, թե որը պետք է համակարգի, որը՝ լուծի: Այս պարագայում նրա շուրջը գտնվող մարդիկ էլ են հանգստություն գտնում: Այսինքն՝ ոչ ստեղծագործական կյանքը թույլ չի տալիս անձին՝ հասկանալու, թե ով  է ինքը»:

Ինչպես նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը, «Արվեստը՝ զարգացման ուղի» ծրագիրն ուղղված է երեխաների զարգացմանը, ինչին ներգրաված են նաև ծնողները: Ծրագրի շրջանակում ծնողներն իրազեկվում են, թե ինչպես կարելի է հասնել երեխաների զարգացմանը և ինչ հնարավորություններ կան: Բայց մինչ այդ ծրագիրը թույլ է տալիս ծնողներին առավել տեղեկանալ իրենց երեխաների հնարավորությունների մասին:

 

Կարինե Սուգիկյան