Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևների յուրահատուկ ֆուրշետը

Արևների յուրահատուկ ֆուրշետը

Հունիսի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու գեղեցկատեսիլ բակում խոհանոցային եռուզեռ էր. «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաները, խմբային աշխատանքի շրջանակում, հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանի գլխավորությամբ ֆուրշետի պատրաստման և ձևավորման դասընթաց էին անցնում: Մեծ էր արևների ոգևորությունը. նրանցից յուրաքանչյուրը մեծ ուրախությամբ մասնակցում էր տորթի ձևավորման, աղցանի ու բուտերբրոդների պատրաստման աշխատանքներին: Արևներից Շավարշը աղցանը պատրատելիս թվարկում էր իր սիրելի աղցանների անունները և դրանց բաղադրատոմսերը, իսկ քաղցրավենիքի սիրահար Տիգրանը մեծ սիրով տորթի կրեմն էր պատրաստում և թվարկում, թե ինչ քաղցրավենիքներ է սիրում ու պատրաստում: Դասի ընթացքում հատուկ մանկավարժն արևներին բացատրում էր, թե ի՞նչ է ֆուրշետը, ո՞րն է նրա իմաստը և ինչպիսի՞ն պետք է լինի ֆուրշետի սեղանը:

Արևներին օգնում էին իրենց ծնողները, որոնք իրենց ակտիվ մասնակցությունն էին բերել նաև ֆուրշետի նախապատրաստման աշխատանքներին: Նշենք, որ անցյալ տարի ամռանը, «Դաունի համախտանիշով երեխաների աջակցություն» ծրագրի շրջանակներում, «Արև-երեխաներ» ՀԿ-ն «Էդուքեյշն Սենտեր» ուսումնական կենտրոնի հետ համատեղ, «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, իրագործել էր Դաունի համախտանիշով երեխաների ընտանիքի անդամների մասնագիտությունների ուսուցման ծրագիր, որի դասընթացներին՝ 3D գրաֆիկա, վեբ դիզայն, SQL, սեղանի ձևավորում, դիմահարդարում, համակարգչային բազային կուրս, մասնակցել էին քսաներեք ծնող:

Հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանը նշեց, որ հերթական դասը ևս ծառայեց իր կարևարագույն նպատակին՝ ներառմանն ու սոցիալիզացմանը: Արևների կողմից պատրաստված համեղ ու յուրահատուկ ֆուրշետը պատրաստ էր և մնում էր միայն վայելել այն ուտեստները, որոնց ամենակարևորագույն բաղադրիչներն էին՝ սեր, ջերմություն և անկեղծություն:

 

Կարինե Սուգիկյան