Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևներն իրենց նկարներով մասնակից եղան Երևանի մշակութային կյանքին

Արևներն իրենց նկարներով մասնակից եղան Երևանի մշակութային կյանքին

Հունիսի 21-ին «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաներն ու նրանց ծնողները «Արև» թատրոնի  գեղավեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արևիկ Յայլոյանի հետ միասին մասնակից եղան «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը սիրո երգերով՝ Երևանում» խորագրով երաժշտական նախագծի ամփոփիչ գալա համերգին:

Ցերեկույթի մասնակիցները դիտեցին  Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե և հասարակական գործիչ  Շառլ Ազնավուրին նվիրված նկարչական ցուցահանդեսը, որին, ի թիվս Շառլ Ազնավուրի անվան քոլեջի և արվեստի այլ դպրոցների ու քոլեջների սաների ու նկարիչների, իրենց մասնակցությունն էին բերել նաև «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաներից Սարգիս Նալբանդյանը և Մարատ Մարտիրոսյանը: Նշենք, որ նախագծի շրջանակում կազմակերպիչների կողմից մասնակիցներին տրվել էր հարյուր մոլբերտ, նկարչական նյութեր և պարագաներ, ովքեր իրենց պատկերացմամբ նկարելու էին Շառլ Ազնավուրին: Արևների ջերմ ու յուրահատուկ աշխարհը յուրահատուկ ոճով էր ներկայացրել աշխարհահռչակ երգչին: Ցուցասրահը զարդարող հարյուր նկարը լեգենդար արտիստի խորիմաստ աշխարհն էր ներկայացնում:

Այնուհետև ներկաներն ունկնդրեցին Շառլ Ազնավուր քոլեջի «Երգեցողություն» և «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտություններում սովորող ուսանողների ու շրջանավարտների կատարումները:

Գալա համերգի ավարտին Շառլ Ազնավուրի քոլեջի տնօրեն  Վրեժ Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց նախագծի գործընկերներին և մասնավորաբար ասաց. «Այսօր արդեն պատմություն է երաժշտական այս նախագիծը, որ ոչ ստանդարտ մտածողության արդյունք էր, այն իր տևողությամբ, տեմպով և տեսակով աննախադեպ էր: Ցանկանում եմ փաստել, որ նախագծի ընթացքում որևէ խնդիր և դժգոհություն չունեցանք, քանի որ այն բարի էր, գեղեցիկ, երաժշտառատ և կրում էր լույս ու բարություն:  Շնորհակալություն եմ հայտնում նաև նկարչական ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին, նաև արև երեխաներին, որոնցից արև ստանալով՝ իրենց էլ արև պարգևեցինք»:

Ապա «Արև-երեխաներ» հասարակական կազմակերպության անունից Արևիկ Յայլոյանը շնորհակալություն հայտնեց Շառլ Ազնավուրի քոլեջին՝ գեղեցիկ, ջերմ և սիրով լի նախագիծը կյանքի կոչելու համար. «Նախագիծը ևս մեկ անգամ հաստատեց մարդկանց միավորելու և միմյանց լսելի դարձնելու արվեստի ուժը, կյանքը իմաստով և նորովի տեսնելու արվեստի անհաղթահարելի կարողությունը։ Ցանկանում ենք առանձնահատուկ ընդգծել և շնորհակալություն հայտնել նաև ծրագրի ներառական բնույթի համար, որ հնարավորություն տվեց մեր հասարակության բոլոր անդամներին՝ մասնակցելու և իրենց ներդրումն ունենալու Երևանի մշակութային կյանքում»:

Գալա համերգն ու ցուցահանդեսը մեծ ուրախություն պատճառեց արևներին. իրենց նկարներով հանդես եկած Սարգսին և Մարատին ոգևորել էր իրենց ընկերների ներկայությունը, որոնցից առատորեն ջերմ շնորհավորանքներ էին ստանում: Ի դեպ, նախագծի ավարտից հետո նկարները երկու օր կցուցադրվեն Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներից մեկում։

 

Կարինե Սուգիկյան