Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ընտանիքների համար գրքույկի շնորհանդես

Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ընտանիքների համար գրքույկի շնորհանդես

Դեկտեմբերի 27-ին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի Դվին սրահում տեղի ունեցավ «Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ընտանիքներին ցուցաբերվող հոգեբանամանկավարժական աջակցության մոտեցումներ» գրքույկի շնորհանդեսը: Արև երեխաների ընտանիքների համար ձեռնարկը տպագրվել է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի միջոցներով՝ Եկեղեցիների համաշխարահային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Դաունի համախտանիշով երեխաների բժշկական տեղեկատվության հասանելիության բարելավում» ծրագրի շրջանակում:

Շնորհանդեսին ներկա էին Խարբերդի մասնագիտացված մանկատան, «ԱրԲեՍ» ԱԿ-ի, ՄԻՊ գրասենյակի և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ծնողներ: Շնորհանդեսին բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, «Արև երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը՝ նշելով, որ «Արև երեխաներ» ՀԿ-ի նվիրյալ աշխատանքի և ծառայասիրության արդյունքում տարին եզրափակվում է մեծ ձեռքբերումներով, որոնցից մեկը Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ընտանիքների համար ձեռնարկն է: Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց ձեռնարկի համահեղինակներ ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ, լոգոպեդ Սիրանուշ Կարապետյանին և նույն ֆակուլտետի դասախոսական կազմին:

Տիկին Սիրանուշ Կարապետյանն էլ իր հերթին ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի անունից շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգորին և «Արև երեխաներ» ՀԿ-ի ներկայացուցիչներին՝ ողջունելով այն համագործակցությունը, որ ձևավորվել է իրենց միջև և որն իրենց համար պարտավորեցնող է: Տիկին Կարապետյանը նշեց, որ գրքույկի ստեղծման գաղափարն առաջ է եկել Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ընտանիքների հետ հանդիպման ընթացքում, իսկ ընտանիքների տեղեկացվածության մակարդակն ամենակարևոր ցուցիչն է, ինչն իր նպաստն է բերելու հասարակության իրազեկման հիմախնդրի լուծման ընթացքին:

Այնուհետև «Արև երեխաներ» ՀԿ-ի հոգեբան Սոնա Գրիգորյանը հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով «Դաունի համախտանիշով երեխաների աջակցություն» ծրագրի շրջանակում ծնողների բարձրացած հիմնախնդիրները, որոնք առնչվում էին սոցիալական, առողջապահական և կրթական ինստիտուտներին: Հոգեբանը նշեց, որ ցանկալի կլիներ այդ խնդիրները բարձրաձայնելուց բացի, ծնողների կողմից հնչած առաջարկները հաշվի առնելով, փոփոխություններ լինեին տվյալ համակարգերում, որպեսզի երեխաների ներառականությունը լիարժեք լիներ և ռեսուրսների անիմաստ վատնում չլիներ:

Շնորհանդեսին հանդես եկան նաև ձեռնարկի մյուս համահեղինակները՝ ներկայացնելով այն թեմաները, որոնց անդրադարձել են ձեռնարկում: Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ընտանիքների համար ձեռնարկում ներկայացված է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների խոսքի և ընդհանուր զարգացման առանձնահատկությունները, ինքնասպասարկման կարողությունների ձևավորման աշխատանքներն ընտանիքում, ինչպես նաև երեխաների և դեռահասների սեռական դաստիարակության մոտեցումներն ընտանիքում: Ձեռնարկում զետեղված են նաև վարժություններ, խաղերի նմուշ օրինակներ, մոտեցումներ և խորհուրդներ, որոնք կարելի է կիրառել արև երեխաների կրթադաստիարակչական գործընթացում, տնային պարապմունքների կազմակերպման ընթացքում:

Շնորհանդեսն ավարտվեց վերհանված խնդիրների քննարկմամբ, այնուհետև Տեր Գրիգորը շնորհավորեց ներկաներին գալիք տոների առթիվ՝ մաղթելով, որ Տերը զորացնի, հոգևոր նոր լիցքեր տա՝ շարունակելու համար նվիրական ծառայության իրենց ուղին:

Կարինե Սուգիկյան