Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Համայնքի հերթական այցը մանկատուն

Համայնքի հերթական այցը մանկատուն

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ընդլայնելով սոցիալական ծրագրերի իր շրջանակը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի, նաև սփյուռքում բնակվող մեր հավատավոր հայրենակիցների հետ համագործակցաբար աջակցում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Համագործակցության արդյունքում համայնքը, այցելելով մանկատներ, նաև ընտանիքներ, որտեղ Դաունի համախտանիշ ունեցող երեխաներ կան, լուծում է նրանց բուժհետազոտության և բուժման հետ կապված խնդիրները:

Հունիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, այցելեց Մարի Իզմիրյանի անվան մանկատուն: Մանկատան Դաունի սինդրոմ ունեցող տասնվեց երեխաներ անցան արյան ցիտոգենետիկական հետազոտություն, կարիոտիպ, հորմոնալ և արյան կլինիկական հետազոտություններ, որ անցկացրեցին Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի բուժաշխատակիցները: Այս անգամ երեխաների բուժհետազոտությունների ծախսերը հոգաց Ֆրանսիայի Հայոց թեմի Ռոմանի ծխական խորհուրդը՝ հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Մարգարյանի գլխավորությամբ:

Տեր Գրիգորը նշեց, որ ինչպես Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան, այնպես էլ Մարի Իզմիրյանի անվան մանկատան Դաունի համախտանիշ ունեցող երեխաները բուժհետազոտությունից հետո կանցնեն վերականգնողական բուժական ընթացք:

Սերը, հոգատարությունն ու ջերմությունը մերձավորի հանդեպ, Սուրբ Գրքի և եկեղեցու հայրերի խոսքերի համաձայն, նպաստում են, որ մարդն իր մեջ հրաշալի կերպով տեսնի Աստծուն, քանի որ չկա ոչ մի օգուտ մարմնավոր աչքերով Աստծուն տեսնելուց, եթե կույր է միտքը, եթե չի գործում հոգևոր տեսողության ուժը՝ հավատը: «Երանի՜ նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»,- ասում է Քրիստոս «Երանիներ»-ի շարքում (Մատթ. 5:8):

 

Կարինե Սուգիկյան