Հունիսի 15-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ն «Երևան իմ սեր» հիմնադրամի դահլիճում ՀԿ-ի սաների ծնողների համար, «Դաունի համախտանիշով երեխաների զարգացման կենտրոն» ծրագրի շրջանակում, կազմակերպել էր հերթական սեմինարների շարքը, որ կայացավ ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամների համատեղ աջակցությամբ: Առաջին սեմինարը «Դաունի համախտանիշ ունեցող երեխաների և դեռահասների սեռական դաստիարակության մոտեցումները ընտանիքում» թեմայի շուրջ վարեց ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Ալինա Մանուկյանը: Նա հիմնականում անդրադարձավ սեռական դաստիարակության հետ կապված այն հարցերին, որոնք հուզում են ծնողներին և առնչվում են դեռահասների սեռահասունության ընթացքում ծագող հոգեբանական խնդիրներին: Քննարկում եղավ այդ հոգեբանական խնդիրներին ճիշտ արձագանքելու հնարավոր եղանակներին: Բանախոսն անդրադարձավ նաև սեռական դաստիարակության այն ասպեկտին, որն առնչվում է երեխայի անվտանգությանը բռնության տարբեր տեսակներից, մասնավորապես սեռական բռնությունից զերծ պահելուն առնչվող որոշ հարցերին: Սեմինավարին հաջողվեց ստեղծել այն անկեղծ և վստահելի մթնոլորտը, ինչի շնորհիվ ծնողները բարձրաձայնեցին այն դժվարությունները, որոնց հետ առնչվում են, կիսվեցին իրենց փորձով: Ծնողների ակտիվ հարցադրումները տարբեր հարցերի շուրջ էին, սկսած մանկական օնանիզմից ընդհուպ մինչև ինքնասպասարկմանն առնչվող որոշ խնդիրներ:
Հաջորդ սեմինարին արև երեխաների ծնողներն առնչվեցին «Արևոտ երեխաներ և գործնական խորհուրդներ ծնողներին» թեմային, որի շուրջ նրանց հետ ինտերակտիվ մեթոդով ակտիվ քննարկում անցկացրեց ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, հատուկ մանկավարժ Թերեզա Ազատյանը: Բանախոսը ներկայացրեց, թե ծնողները երեխայի հետ ինչ աշխատանք կարող են տանել տանը՝ երեխայի կողմից տարբեր իրավիճակներում կատարած գործողությունների հիման վրա, ինչ կերպ նպաստեն, որ երեխաներն արդեն իսկ իրենց ունեցած կենցաղային գիտելիքները կիրառեն տարբեր իրավիճակներում, ինչպես խաղից անցնեն դեպի իրական կյանք: Ծնողների հիմնական մտահոգությունն այն էր, թե երեխաների մոտ ինչպես զարգացնեն գործողությունների ինքնուրույն կատարման ընթացքը՝ առանց կրկնօրինակելու, ինչ անեն, որ երեխան թեկուզ երկու հրահանգից բաղկացած փոքրիկ գործողությունների շղթան ինքնուրույն կարողանա կատարել: Կոնկրետ օրինակների և փորձերի հիման վրա ծնողների համար հստակ դարձավ, թե նման պարագաներում ինչ մեթոդներ կարելի է կիրառել:
Հերթական սեմինարների համար արև երեխաների ծնողները շնորհակալություն հայտնեցին «Արև-երեխաներ» ՀԿ-ին, ծրագրի աջակիցներին և բանախոսներին՝ այն գիտելիքների, փորձի և մեթոդների համար, որ իր դրական նպաստն է բերելու երեխաների կրթության ու դաստիարակության գործում:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։