Դեկտեմբերի 21-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի բարեկամ «Մարտին Սթար» ՍՊԸ-ն ամանորյա ուրախ նվեր մատուցեց արև երեխաներին. «Արև-երեխաներ» ՀԿ-ի մեծ ընտանիքը մասնակից եղավ ամանորյա տոնախմբության: ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ ամանորյա տոնախմբությունն սկսվեց «Տերունական աղոթք»-ով:
Այնուհետև արև երեխաներն սկսեցին վայելել այն ուրախ անակնկալները, որ հաջորդում էին մեկը մյուսին: Նրանց նախ սպասում էր տոնական սեղանն ու համեղ հյուրասիրությունը: Ապա հեքիաթի հերոսները երեխաներին տեղափոխեցին խաղային աշխարհ, ուր ուրախությունն ու ջերմությունն էր թևածում: Արևների ուրախությունը կրկնապատկվեց, երբ ժամանեցին սպասված և սիրելի հյուրերը՝ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը: Նրանք իրենց ներկայությամբ առավել ջերմացրին ընտանեկան մթնոլորտը: Ձմեռ Պապն իր սիրելի թոռնիկներին փոխանցեց նվերներ, որ «Մարտին Սթար» ՍՊԸ-ի հերթական նվերն էր արևներին:
Տոնական երեկոյի ավարտին Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց «Մարտին Սթար» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Բաբոյանին՝ արևներին և նրանց ընտանիքի անդամներին մատուցած ամանորյա նվերների համար:
Երջանիկ է նա, ով կարող է երջանկություն պարգևել. այս ամենի մեջ է մարդկային գոյության մնայուն արժեքը: Աշխարհը լի է անցողիկ հաճույքներով, բայց իրական երջանկության գաղտնիքը ուրախությունն ուրիշների հետ կիսելու ունակության մեջ է: Նման անձինք, որոնց կարելի է անվանել լույսը տարածողներ, կարծես ստեղծվել են աշխարհն ավելի լուսավոր ու բարի դարձնելու համար: Նրանք իրենց արածի դիմաց որևէ վարձատրություն չեն ակնկալում, սակայն ստանում են ամենաթանկը՝ ներքին ուրախություն և խաղաղություն։
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։